«Հայկական ծրագրեր», «Օրանժ Արմենիա», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Արմսվիսբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերսբանկ», «Պրոմեթեյբանկ», «ՍԵՖ ինտերնեյշնլ» ՈՒՎԿ, «Հայնախագիծ», «Արֆարմացիա», «Ալֆա-Ֆարմ», «Ադամիում», «Էլբատ», «ԷդԱրթհաուսքընսալթինգ», «Գունապակի» ձեռնարկությունները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերելու սիրիահայ մասնագետներինՙ առաջնային դիտարկելով նրանց աշխատանքի ընդունման հայտերը եւ հնարավորության սահմաններում օգնելով մասնագիտական վերապատրաստման հարցերում: Այդ մասին երեկ հայտարարություն է տարածել այս նախաձեռնության աշխատանքային գրասենյակը:
«Սիրիայի իրադարձություններն արդեն տեւական ժամանակ սրել են սիրիահայ համայնքի անվտանգության խնդիրը: Ներկայումս Սիրիայի մեր հայրենակիցներից շատերը ելքը տեսնում են Հայաստան տեղափոխվելու եւ հայրենիքում ապրելու ու աշխատելու մեջ: Արդեն իսկ ժամանել են 2-3 հազար երիտասարդներ, որոնցից շատերը լավագույն մասնագետներ են: Նրանց մի մասն արդեն աշխատում է Հայաստանի ձեռնարկություններում», ասված է հայտարարության մեջ: Աշխատանքային գրասենյակը գրանցում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին, նրանց տվյալները փոխանցում ձեռնարկություններին եւ գրանցում է այն ձեռնարկություններին, որոնք մասնագետների կարիք ունեն կամ կարող են վերապատրաստել ժամանածներին եւ օգնել նրանց աշխատանք գտնելու: Աշխատանքային գրասենյակի հեռախոսահամարն էՙ +374 (10) 574812, Էլ. փոստի հասցեն: toarmenia@gmail.com
Ա. Մ.