«Հզորության գաղտնիքը հասկացել են մարդկային ա՛յն խմբակցությունները, որոնք ճակատագրի դեմ ոգորելիս զգում են, որ պետք չէ հակասության մեջ դնել բանականը եւ բնազդականը, որոնք գիտեն, թե նվաճունակ մտքի բուն աղբյուրը առողջ բնազդն է»:
Հայկ Ասատրյան
Զգայականի եւ գիտակցականի կապը` թե՛ անհատների, թե՛ հավաքականությունների պարագայում, հաստատված է գիտությամբ, եւ նմանատիպ կապերով են հաճախ որոշվում անհատ-հավաքականություն հարաբերությունները:
Ինչպես ուսուցանում է հայ դասական ազգայնականությունը` ազգային զգացումը արդյունք է ազգային հավաքական էության եւ առանձին անհատի մեջ հանդես է գալիս իբրեւ այդ հավաքական էությունից փոխանցված մասնիկ: Այս դեպքում անհատը բնազդաբար զգում է, որ ինքը կապված է մի հավաքականության եւ զգացումի (բնազդի), թելադրանքով ապրում է այդ հավաքականության կյանքով (կենցաղով, բարոյականով եւ այլն):
Իսկ ազգի հավաքական գիտակցությունը ձեւավորվում է նրա առանձին անհատների գիտակցությունների միավորումով եւ ամբողջացումով: Անհատի ազգային գիտակցությունը հենվում է նրա ազգային զգացումի վրա. դա է ամենասերտ կապը ազգի առանձին անհատների գիտակցությունների միջեւ: Այս դեպքում անհատը սկզբում գիտակցում է այն կապերը, որ կապում են իրեն ազգային հավաքականությանը, այն առանձնահատկությունները, որոնցով ինքը տարբերվում է մյուս ազգերից, գիտակցում է սեփական արժեքը ազգերի համալիրում, ապա գիտակցաբար կամենում է պահպանել ու զարգացնել դրանքՙ այդպիսով հավերժացնելով իր ազգային անկրկնելիությունը, ամրապնդելով ազգի հավաքական միությունը:
Այս առումով` մենք մշտապես պետք է կարողանանք զուգորդել աշխարհայեցողության զգայական եւ գիտակցական կողմերը, եւ մեր զգացումներն ու բանականությունը միշտ պետք է գործեն ներդաշնակ:
ՄՈՒՇԵՂ ԼԱԼԱՅԱՆ, ՀՀԿ նախագահի տեղակալ