Երեկ առավոտյան ժամը 6-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարեւելյան հատվածում, հատելով ՀՀ պետական սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը: Սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն: Ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը:
Սա ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն է, որի հրապարակումից մի քանի ժամ անց հրապարակվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որ 19-ամյա Ֆարազովը ճանապարհին մոլորվել է եւ այդ կերպ խախտել սահմանը:
«Սռավոտյան ժամը 6-ին սովորաբար զինծառայողը կամ պետք է քնած լինի, կամ մարտական հենակետում խնդիր կատարելիս, իսկ սպիտակ դրոշակով սահման հատող ու հակառակորդի հենակետում հայտնվող զինծառայողը մոլորվածի տպավորություն չի թողնում», արձագանքել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը :
Պաշտպանության նախարարությունից «Ազգ» -ին նաեւ տեղեկացրին, որ Հայաստանում Ֆարազովը ադրբեջանցի միակ գերին է: Ադրբեջանում է գտնվում ՀՀ հինգհոգանոց ընտանիքը, որ երկու տարի առաջ «Երազով» ուղեւորվել էր հարեւան պետություն:
Հայաստանում եւ Ադրբեջանում գտնվող այլ ռազմագերիները, համապատասխան համաձայնությամբ, երրորդ երկրում են:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը «Ազգ» -ի հետ զրույցում չցանկացավ կատարվածի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ: Նա ասաց, որ նման դեպքերում Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելում են ռազմագերիներին, տեղեկանում նրանց առողջական վիճակի մասին, կապ են հաստատում ընտանիքի անդամների հետ եւ նրանց հաղորդագրությունները փոխանցում:
Հետագա ընթացակարգով արդեն կազմակերպվում է ռազմագերու տեղափոխումը իր կամ երրորդ երկիր:
Մեկ ամիս առաջ էլ նման դեպք գրանցվեց: «Ազգը» գրել էր, որ ադրբեջանական հենակետերի միջեւ տեղի է ունեցել հրաձգություն, ադրբեջանցի զինծառայողներից մեկը մոտեցել էր հայկական դիրքերին եւ փորձել էր հանձնվել, սակայն ադրբեջանական բանակի զինվորները նրան արգելել էին եւ սպանել: Ավելի ուշ նրանք դիակը դուրս էին բերել չեզոք գոտուց:
Հ. Հ.