Դաշնային ժողովի զույգ պալատների նախագահները այցելեցին Երեւան
Հուլիսի առաջին եւ երրորդ տասնօրյակները նշանավորվեցին Ռուսաստանի Դաշնության օրենսդիր մարմնի` Դաշնային ժողովի զույգ պալատների նախագահների պաշտոնական այցերով: Հայ-ռուսական քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հումանիտար կապերը ավանդաբար շատ բարձր մակարդակի վրա են, եւ այդ մասին բոլորը գիտեն: Հետաքրքրական է իմանալ, որ այս տարի վերականգնվել են հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցության նախաճգնաժամային ծավալները: Ասել կուզի, որ խոսքը մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող տարեկան շրջանառության մասին է: Ռուսաստանյան խոշոր ընկերությունների ներդրումները Հայաստանում կազմել են երեք միլիարդ ԱՄՆ դոլար: Հիմա բոլորին հետաքրքրում է, թե ո՞ր ուղղությամբ է խորանալու հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը եւ ի՞նչ շոշափելի արդյունքներ կարող ենք ակնկալել տեսանելի հեռանկարում: Վերջին շաբաթներին քննարկվող վատ նորությունն այն է, որ աշնանը կարող են բարձրանալ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գները, բայց այս հարցում դեռ պարզություն ու հստակություն չկա:
Իրար հետեւից Հայաստան այցելած Դաշնային ժողովի նախագահ տիկին Վալենտինա Մատվիենկոն եւ Պետական դումայի նախագահ պարոն Սերգեյ Նարիշկինը մեր պետության ղեկավարների հետ քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հեռանկարներըՙ շատ բարձր գնահատելով համագործակցության արդի մակարդակը: «Մեզ գոհացնում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ընթացքը: Հաճախակի են տեղի ունենում հանդիպումներ բարձրագույն մակարդակով, հաստատված են աշխատանքային, գործնական կապեր նախարարությունների, գերատեսչությունների, խորհրդարանական կառույցների, գործարար հատվածների միջեւ, եւ այս ժամանակահատվածում մենք, իրոք, ստեղծել ենք թե՛ օրենսդրական հիմք, թե՛ փոխշահավետ գործընկերային համագործակցության լուրջ համակարգ»,- ասել է Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ: Իր հերթին, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Նարիշկինը գոհունակությամբ է արձանագրել երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը եւ ընդգծել, որ Ռուսաստանը թանկ է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը, որոնք, նրա խոսքով, հատկապես վերջին տասը տարիներին ավելի են ակտիվացել:
Թե՛ տիկին Մատվիենկոն, թե՛ պարոն Նարիշկինը նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորագույն թիմակիցներն են եւ առանցքային դերակատարներ են Ռուսաստանի քաղաքական վերնաշենքում: Պատահական չէ, որ նրանց դատողությունների եւ ասույթների մեջ լրագրողները փնտրում էին նախագահ Պուտինի համար շատ կարեւոր թեմաներին առնչվող պատգամներ:
Սերգեյ Նարիշկինը այցելեց նաեւ Գիտությունների ազգային ակադեմիա, որի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նրան հանձնեց ԳԱԱ Ոսկե մեդալ: Հայաստանի գիտնականները հույս ունեն, որ գիտության ասպարեզում Ռուսաստանի ներդրումների աճը կարող է նպաստել գիտության տարբեր ուղղություններում երկկողմ համագործակցության զարգացմանը: Կան առնվազն մի քանի ուղղություններ, որտեղ համատեղ ծրագրերի իրականացման համար օրհասական անհրաժեշտություն է այդ խնդիրները բարձր մակարդակի հայ-ռուսական երկխոսության օրակարգում ընդգրկելը: Սրա մասին արժե խոսել առանձին, եւ դա մենք անելու ենք:
Հայաստանի բարձրաստիճան զրուցակիցների հետ ՌԴ Պետական դումայի նախագահն ըստ երեւույթին քննարկել է նաեւ Եվրասիական միության ձեւավորման գործընթացը, չնայած այս մասին պաշտոնական կայքերում տեղեկատվություն չկա: Հստակ է, որ իր այցի եզրափակիչ ճեպազրույցում պարոն Նարիշկինը հայտարարել է. «Հայաստանի ղեկավարությունը ուշադրությամբ հետեւում է, թե ինչպես է զարգանում եվրասիական նախագիծը, ձգտելով որոշել իր տեղն այդ նախագծում, հասկանալով, որ եվրասիական տնտեսական տարածքը հեռանկարային է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից»: Այս օրերին Երեւանում գտնվող մոսկվացի ծանոթ քաղաքագետները ճշտում էին, որ ռուսաստանյան վերնախավի համար Հայաստանի դիրքորոշումները առավելապես քաղաքական աջակցության հետաքրքրություն են ներկայացնում, որովհետեւ միայն հայաստանյան շուկան փոքր է եւ միայն ինքն իրենով քիչ գրավիչ: «Իսկ այ, ամբողջ Հարավային Կովկասն արդեն ռազմավարական հետաքրքրության օբյեկտ է»,- ասում էին նրանք: Հիշեցնենք նաեւ, որ Մաքսային միությանը (ասել կուզի` ապագա Եվրասիական միության տնտեսական առանցքին) Հայաստանի չմիանալու պաշտոնապես ընդունված պատճառը ընդհանուր սահմանի բացակայությունն է միության երկրների հետ:
Սերգեյ Նարիշկինի այցը Ադրբեջան
Պետական դումայի նախագահի այցին Հայաստան նախորդել էր նրա այցը Ադրբեջան հուլիսի առաջին տասնօրյակում: Հետաքրքրական է հարցերի այն շրջանակը, որը բարձրացրել էր պարոն Նարիշկինը Ադրբեջանի քաղաքական ղեկավարների հետ քննարկումներում: Բաքու նրա այցը նախապատրաստած ՌԴ Պետական դումայի պատվիրակության ղեկավար, ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սլուցկին ադրբեջանական ռուսալեզու «Նարոդնայա գազետա»-յին տված հարցազրույցում պատմել էր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկումների բովանդակության մասին: Տեսե՛ք, թե ինչպես. «Կասպից ծովի վրա, հուլիսյան այս օրերին, քամիներ են փչում: Բաքվեցիներն ուրախ են` քամին հեշտացնում է շոգին դիմանալը: Իսկ նրանք, ովքեր ուղղեկցում էին ռուսաստանյան պատվիրակությանը, այս քամիները ասոցացնում էին այն փոփոխությունների հետ, որոնք սպասվում են հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբերություններում այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկեցին Եվրասիական միության նախագիծը: Ռուսաստանյան պատվիրակության այցը Բաքու մի յուրօրինակ հրավեր է բանավիճելու եվրասիական ինտեգրման հեռանկարի եւ նախկին ԽՍՀՄ երկրների համագործակցության նոր ճարտարապետության մասին: Այդ համագործակցության հումանիտար չափումը նրա անվիճելի գլխավոր բաղադրիչներից մեկն է»: Այսպես պարոն Սլուցկին եւ «Նարոդնայա գազետան» «հալեցնում էին ապառաժը»: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Բաքվում անցած հանդիպումների ընթացքում տեղի է ունեցել «անկեղծ բանավեճ տարբեր ոլորտներում եվրասիական ինտեգրացիայի հեռանկարների զարգացման մասին»: Կողմերը նշել են, որ քննարկումների բաց բնույթը դիրքորոշումների մերձեցման հույսեր է ներշնչում: Ռուսաստանցի հյուրերը ուրախ են եղել, որ այդ քննարկումներում ընդգրկվել են ադրբեջանական քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը «ունի ուրիշներից տարբերվող սեփական ալգորիթմ այս հիմնախնդիրների լուծման համար»: Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպման ժամանակ պարոն Նարիշկինն ասել է նաեւ, որ ստեղծվելու է Եվրասիական միության գաղափարն առաջ մղող տեղեկատվական հեռուստաալիք («Եվրոնյուզի» նմանությամբ), որը հեռարձակվելու է ամբողջ հետխորհրդային տարածքում:
Սերգեյ Նարիշկինը Բաքվում խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարի մասին, մասնավորապես ձեւակերպելով Ռուսաստանի վերաբերմունքը: «Մենք դեմ ենք, որ հիմնախնդիրը փորձեն լուծել դրսի դեղատոմսերով: Մենք մեզ հաշվետվություն ենք տալիս, որ հիմնական, միակ պատասխանատուն այս հիմնախնդրի լուծման հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդները, քաղաքացիներն են... Ռուսաստանը համոզված է, որ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն երկու կողմերի շահերի բավարարման դեպքում: Եվ եթե գտնվի կոմպրոմիսային լուծում, Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես նման կարգավորման երաշխավոր»,- ասել է Պետդումայի նախագահը: Իսկ վերոհիշյալ պարոն Սլուցկին, ով, ինչպես քաջ հայտնի է ԱՊՀ քաղաքական շրջանակներում, երբեք չի թաքցրել իր առանձնակի սերը ադրբեջանցիների նկատմամբ, մեղմորեն լրատվամիջոցներին նաեւ տեղեկացրել է, որ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են «Արեւելյան գործընկերության» (այսինքն` եվրոինտեգրման) ծրագրին Ադրբեջանի մասնակցությանը:
Հուլիսի 8-ին նախագահ Իլհամ Ալիեւը Սերգեյ Նարիշկինին պարգեւատրել է «Բարեկամություն» շքանշանով, ինչպես նշվում է կարգադրության մեջ, «Ադրբեջանի եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ միջպետական կապերի զարգացման եւ ամրապնդման գործում առանձնակի ծառայությունների համար»:
Այսպիսով, վստահորեն կարելի է ասել, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատարների հետ քննարկումներում Ռուսաստանի Պետական դումայի նախագահը առաջ է մղել Եվրասիական միության ձեւավորման գաղափարը, ինչն արդեն մի քանի ամիս Ռուսաստանի արտաքին քաղաքականության սկզբունքային առաջնահերթություններից է:
Հայ-ռուսաստանյան քաղաքական օրակարգեր սեպտեմբերին
Ավարտվող հուլիսը, անվիճելիորեն, առիթ տվեց քննարկելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության կոնկրետ օրակարգային խնդիրները: Դեռ մայիսին մոսկովյան ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Երեւանում հայտարարել էր, թե հնարավոր է, որ սեպտեմբերի սկզբին Հայաստան պետական այց ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ասել էր, որ «շուտով կլուծվի ՌԴ նախագահի պետական այցի ժամկետների հարցը... Խոսքը սեպտեմբերի 7-ի մասին է, ՀԱՊԿ զինավարժության ժամանակ, որին մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը եւ մի շարք պետություններ»: Պարոն Զատուլինը ճշտել էր, որ այդ օրը Ռուսաստանը նշելու է Բորոդինոյի պատմական ճակատամարտի երկուհարյուրամյակը եւ այցի ժամկետի նշանակման հարցում կլինեն դժվարություններ: Վերջին օրերին այս այցի մասին աշխուժացած խոսակցությունների առիթով հայ լրագրողները պարզաբանումների համար դիմել էին ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը: Այնտեղ պարզաբանել էին, որ «իրենք չունեն նման տեղեկություններ եւ այցի մասին խոսակցություններ չկան»: Իր հերթին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացրել է, որ իրենք այցի մասին տեղեկատվության չեն տիրապետում: Այնպես որ իրականում որեւէ պարզություն չկա, թե սեպտեմբերի 3-8-ը Հայաստանում անցնող ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությանը կմասնակցի՞ արդյոք անձամբ Ռուսաստանի նախագահը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սերգեյ Նարիշկինի հետ Երեւանում տված համատեղ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ սեպտեմբերի սկզբին Երեւանում կգումարվի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների առաջին նիստը, որն ըստ երեւույթին կհամադրվի վերոհիշյալ զինավարժության հետ:
Հուլիսի 9-ին ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության միջազգային կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԱՊՀ երկրների իշխող կուսակցությունների ներկայացուցիչները մոտակա ժամանակներում մտադիր են ստեղծել միջկուսակցական համագործակցության նոր ձեւաչափ, որը կնպաստի այդ կուսակցությունների միջեւ «խոր ինստիտուցիոնալ կապերի ձեւավորմանը»: «Ազատություն» ռադիոկայանի կայքէջի փոխանցմամբՙ դրա գաղափարը ծագել է հունիսին Կազանում անցած միջազգային կլոր սեղանի ժամանակ, որը նվիրված է եղել Եվրասիական միության հեռանկարներին: «Շուտով մենք զարգացումներ կտեսնենք, եւ ըստ ամենայնի, աշնանը Երեւանում ՀՀԿ-ն եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը համատեղ կկազմակերպեն քաղաքական քննարկումներ ԱՊՀ տարածքում միջկուսակցական համագործակցության նոր ձեւաչափերի ստեղծման եւ զարգացման թեմայով»,- ճշտել է պարոն Աշոտյանը, հավելելով, որ այդ քննարկմանը կարող են հրավիրվել նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչները:
Իր հերթին «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ համագործակցության պայմանագիր ունեցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ճշտել է, որ Կազանում քննարկվել է սեպտեմբերին Երեւանում ԱՊՀ երկրների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կլոր սեղան հրավիրելու հարցը, բայց երբեք խոսք չի եղել, որ այն միայն իշխող կուսակցություններինն է: Նա ասաց նաեւ, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչները առաջարկել են քննարկել ԱՊՀ երկրների քաղաքական ուժերի միջկուսակցական խորհրդարան ստեղծելու հարցը: Ինչեւէ, ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ սեպտեմբերին եվրասիական ինտեգրման հեռանկարները քննարկող միջկուսակցական կլոր սեղան Երեւանում անցկացնելու հարցը օրակարգում է: Ավելացնենք, որ պարոն Նարիշկինը Երեւանում լրագրողներն տեղեկացրել է նաեւ, որ հայ գործընկերներից ինքը հավաստիացումներ է ստացել, որ շուտով խորհրդարանը կվավերացնի ԱՊՀ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որով Հայաստանի տնտեսվարողները կկարողանան առանց որեւէ սահմանափակման արտահանել իրենց ապրանքներն ու ծառայությունները համաձայնագրին միացած երկրներ: Այնպես որ, սեպտեմբերին առնվազն մի քանի առիթ կա մտորելու Հայաստանի արտաքին քաղաքականության ռուսական վեկտորի մասին:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու