Հեռուստաեթերի անորակության մասին վերջերս շատ է խոսվում, սակայն դրանց փոխելուն ուղղված շոշափելի միջոցառումներ չեն ձեռնարկվում:
Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը հեռուստասերիալների մասով ասում է, որ դրանք հեռուստադիտողներին տանում են դեպի անճաշակություն ու տգիտություն: Ոչ միանգամից, սակայն հետզհետե սերիալներն ազդում են մարդկանց ճաշակի վրա:
Դերասանուհի Լալա Մնացականյանը կարծում է, որ հեռուստաեթերի որակի հարցը հեշտությամբ կարելի է լուծել, պարզապես պետական միջամտություն պետք է լինի, ինչը չկա: Դերասանուհին համարում է, որ արվեստի ոլորտ հիմա մտել են առեւտրական հարաբերությունները, որոնք պարզապես արագ շահույթ են հետապնդում:
Անորակ սերիալներն հեռուստատեսությամբ արգելելը դեռեւս չի լուծում հասարակության ճաշակը բարձրացնելու հարցը: «Եթե դրանք հեռուստատեսությամբ արգելվեն, ապա կտեղափոխվեն ինտերնետ», կարծում է Սուրեն Շահվերդյանը : Հիմա եթերում տեսնում են այն ճաշակը, որն ունեն սերիալների բեմադրիչները, սցենարիստներն ու դերասանները, հեռուստաեթերն ուղղակի արտացոլում է դա:
«Այսօր, իմ տպավորությամբ, խաչբառ լուծողը սցենար գրող է դարձել: Իսկ դերասանի, ռեժիսորի դժվարագույն մասնագիտությունները ոտնատակ են արվում: Կտրականապես պետք է մերժել ոչ պրոֆեսիոնալ դերասաններին», երեկվա ասուլիսի ժամանակ ավելացրեց դերասանուհին:
Իհարկե, սերիալներում միայն ոչ պրոֆեսիոնալները չէ, որ խաղում են. կան նաեւ թատրոններում արդեն թրծված, փորձառու դերասաններ, որոնք թատրոնում ստանալով ընդամենը 32 հազար դրամ, ինչպես նշեց Լալա Մնացականյանը, բնականաբար, գումարի դիմաց գնում են խաղալու սերիալում:
«Եվ 50-70 տարվա մեջ հավաքած մեր հանդիսատեսին մենք կորցրեցինք շատ արագ», ասում է Լալա Մնացականյանը:
Հանդիսատեսի` թատրոնից հեռանալու պատճառներից մեկը հայկական թատրոնի անշարժ ու անփոփոխ տեսակն է: Սուրեն Շահվերդյանն ընդգծում է, որ Հայաստանում թատրոնը շատ հեռու է իրականությունից, երբ նայում ենք խաղացանկերը, տեսնում ենք, որ պետության ոչ մի գործընթացի հետ թատրոնը կապ չունի:
Իսկ ի՞նչն է պատճառը, որ թատրոնը մնացել է պարփակված ու կտրված իրականությունից: Սուրեն Շահվերդյանը պատասխանում է` երեւի թե պետք է երիտասարդացնել թատրոնը, որտեղ շատ բեմադրիչներ արդեն 70-ն անց են, եւ ժամանակին ասել են իրենց խոսքն ու հիմա ասելիք չունեն:
Այնուամենայնիվ, հանդիսատեսին կորցնելու մասին դիտարկումը շատ խիստ է արված, այնպես չէ, որ արվեստի այս տեսակը մարդկանց այլեւս չի հետաքրքրում, միգուցե ոչ նույն ոգեւորությամբ, ինչպես ասենք, 30 տարի առաջ, սակայն թատրոն գնացող հասարակական մի շերտ պահպանվել է, մարդիկ, որոնք ուզում են տեսնել դերասանի խաղը բեմի վրա, տեսնել բնական կատարում առանց տեխնիկական մշակումների: Ու եթե չլիներ այս շերտը, չէին լինի եւ ներկայացումները, որոնք անկախ ամեն ինչից` լավ է, որ կան ու պահում են թատրոնը որպես արվեստի տեսակ: Եվ բնավ պետք չէ ամեն ինչ բարդել հանդիսատեսի վրա` ասելով,թե գերադասում են սերիալները թատերական արվեստից: Եթե ավելի շատ մատուցվեն ներկայացումներ, որոնք կտրված չեն լինի մեր իրականությունից, այլ իրականության մասը լինելով հանդերձ` կփոխանցեն գեղագիտական այն ճաշակը, որից զրկված են սերիալները, ապա թատրոնն ավելի շատ հանդիսատեսներ կունենա:
Երբ ծանոթներիցս մեկի հետ ասուլիսից հետո զրուցում էինք սերիալների ու թատրոնի մասին, վերջինս ի զարմանս նրանց, ովքեր ասում են հիմա ո՞վ է թատրոն գնում, պատմեց, որ վերջերս Պետական կամերային թատրոնում անգամ ներակայացումից 2 օր առաջ բոլոր տոմսերը վաճառված են եղել, եւ այդպես 2 շաբաթ շարունակ:
Ու չնայած ինտերնետի, հեռուստատեսության ինֆորմացիոն տարափին, սրճարանների ու ժամանցային վայրերի առատությանը, ինչը կոնկրետ մեր մայրաքաղաքի բնակչության ու տարածքների դեպքում առատությունից բացի ուրիշ բառով չկոչենք, միեւնույնն էՙ կան մարդիկ, որոնք գնում են թատրոն եւ ուզում են տեսնել նոր ու հետաքրքրական ներկայացումներ:
Ի. Պ.