«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2012-07-25 | #135, 2012-07-26 | #136, 2012-07-27


ԱՍԱԴՆԵՐԻ ՍԻՐԻԱՆ

Հուլիսի 7-ին լույս տեսավ պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակից Գեւորգ Ղարիբջանյանի «Հաֆեզ ալ Ասադը եւ ուղղիչ շարժումը Սիրիայում» գիրքը: Այն հրատարակվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Արեւելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնում հեղինակն աշխատել է 2000-ական թթ. սկզբին, 2001-2004թթ. ուսանել ասպիրանտուրայում եւ 2004թ. պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը:

Գրքի խմբագիրն է պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ճանաչված արաբագետ, պատմաբան, Հայաստանի գիտությունների վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը:

Աշխատության մեջ քննարկվում են Սիրիայում 1970թ.-ի ուղղիչ շարժման հիմնադրման պատմական նախադրյալները, դրդապատճառները, նպատակներն ու սկզբունքները: Լուսաբանվում են 1971-2000թթ. Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Հաֆեզ ալ Ասադի հայացքներն ու քաղաքական ուղեգիծը, Սիրիայի ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացումների առանձնահատկությունները` ուղղիչ շարժման հայեցակարգի ներքո:

Գիրքը նախատեսված է արաբագետների, պատմաբան-արեւելագետների, միջազգայնագետների, դիվանագետների եւ ընթերցող լայն շրջանակների համար:

Սիրիայի Արաբական Հանրապետության պատմության նորագույն շրջանի կարեւորագույն իրադարձություններից մեկի` 1970թ. նոյեմբերի 16-ին հռչակված ուղղիչ շարժման էության, նպատակների, գաղափարախոսության, շարժման հիմնադիր Հաֆեզ ալ Ասադի քաղաքական ուղեգծի, ինչպես նաեւ շարժման արձանագրած քաղաքական ու սոցիալ-տնտեսական ձեռքբերումների ուսումնասիրությունն ունի կարեւոր գիտական եւ հասարակական-քաղաքական նշանակություն:

20-րդ դարում Մերձավոր Արեւելքի երկրների առաջնորդների եւ պետական-քաղաքական գործիչների գահակարգում իր ուրույն տեղն ունի Հաֆեզ ալ Ասադը, որի երեսնամյա ղեկավարման շրջանը Սիրիայի բազմադարյա պատմության մեջ իրավամբ համարվում է առաջընթացի եւ կայունության ժամանակաշրջան:

1970թ. նոյեմբերի ուղղիչ շարժումը Սիրիայի նորագույն պատմության մեջ համարվում է ամենախոշոր իրադարձությունն անկախության ձեռքբերումից հետո: Ուղղիչ շարժման համատեքստում երկրում իրականացվեցին մի շարք բարեփոխումներ եւ արմատական փոփոխություններ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում: Սիրիան արժանի տեղ գրավեց տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության ասպարեզում, նրա տեսակետը սկսեց կարեւորվել արաբական աշխարհում, այդ թվումՙ պաղեստինյան հիմնահարցի, ինչպես նաեւ ընդհանրապես մերձավորարեւելյան տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրների լուծման համատեքստում: Սիրիան Հաֆեզ ալ Ասադի նախագահության շրջանում դարձավ արաբական աշխարհի ազդեցիկ երկրներից մեկը:

Հեղինակն իրավացիորեն նշում է, որ հետազոտության թեմայի արդիականությունը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ Սիրիան Մերձավոր Արեւելքում Հայաստանի Հանրապետության բարեկամ պետություններից ու կարեւորագույն գործընկերներից մեկն է, որի հետ մեր երկրիրն ունի ավանդական ջերմ եւ բարիդրացիական քաղաքական, ինչպես նաեւ գիտակրթական եւ մշակութային հարաբերություններ, իսկ «սիրիահայ համայնքի առկայության փաստը, նրա կարգավիճակը եւ երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական զարգացումներն ու դրանց հետեւանքները չեն կարող չմտահոգել նաեւ Հայաստանին եւ համայն հայությանը: Ուղղիչ շարժման ուսումնասիրությունը կարեւոր է նաեւ այն առումով, որ Հաֆեզ ալ Ասադն իր կառավարման ողջ շրջանում ընդգծված ջերմ վերաբերմունք ուներ եւ նպաստավոր քաղաքականություն էր որդեգրել Սիրիայի հայ համայնքի նկատմամբ` բազմիցս նշելով որ «Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է»:

Գիրքը բաղկացած է ներածությունից, որտեղ մասնավորապես հիմնավորվում է թեմայի արդիականությունը, երեք գլուխներից, եզրափակումից, անգլերեն լեզվով ամփոփումից եւ օգտագործված աղբյուրների եւ գրականության ցանկից: Առաջին գլխում հեղինակը ներկայացնում է ներքաղաքական եւ սոցիալ-տնեսական իրադրությունը Սիրիայում 1963-1970թթ., ինչպես նաեւ ուղղիչ շարժման սկզբնավորման դրդապատճառները, մասնավորապես` սոցիալ-տնտեսական, կուսակցական-գաղափարական եւ արտաքին քաղաքական շարժառիթներն ու 1970թ.-ի իշխանափոխության գործընթացը: Երկրորդ գլխում հեղինակը լուսաբանում է պետական կառավարման նոր համակարգի ձեւավորումը, Սիրիայի մշտական սահմանադրության ընդունումը, ինչպես նաեւ անդրադառնում 1973-ի հոկտեմբերյան արաբա-իսրայելյան պատերազմին եւ արաբական միասնության խնդրին` ուղղիչ շարժման հայեցակարգի ներքո: Երրորդ գլխում քննության են առնվում սոցիալ-տնտեսական վերափոխումներն ու ներքաղաքական զարգացումները, ինչպես նաեւ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 1979-1982թթ. հակապետական գործունեությունը` որպես սպառնալիք ուղղիչ շարժմանը: Եզրափակման մեջ հեղինակը կատարում է անհրաժեշտ եզրակացություններ եւ տալիս գնահատականեր, անդրադառնում 2000թ. Բաշար ալ Ասադի իշխանության գալու գործընթացին, նրա ձեռնարկած քաղաքական եւ տնտեսական ոլորտներում որոշակի ազատականացման քայլերին եւ 2011թ. Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին` իրավացիորեն նշելով, որ Սիրիայում անկայունության պահպանումն ու վարչակարգի հնարավոր փոփոխությունը կարող են հանգեցնել երկրում միջէթնիկական բախումների, որոնք անկանխատեսելի հետեւանքներ կարող են ունենալ ողջ տարածաշրջանի համար:

Աշխատանքի աղբյուրագիտական հենքը կազմում են հայերեն, ռուսերեն, արաբերեն եւ անգլերեն լեզուներով սկզբնաղբյուրներն ու հետազոտությունները, մասնավորապես հայ, խորհրդային, ամերիկյան, արեւմտաեվրոպական, ինչպես նաեւ արաբ եւ հրեա հետազոտողների` քննարկվող ժամանակաշրջանում Սիրիայի պատմությանը, արաբական աշխարհի քաղաքական եւ տնտեսական հիմնախնդիրներին, ինչպես նաեւ արաբա-իսրայելյան հակամարտությանը նվիրված մասնագիտական արժեքավոր աշխատությունները, հոդվածները, հուշերն ու քաղաքական գործիչների ելույթները:

Ուսումնասիրության համար սկզբնաղբյուր են ծառայել ուղղիչ շարժման քաղաքականությանն ու գաղափարախոսությանը նվիրված արաբալեզու պաշտոնական փաստաթղթերն ու նյութերը, 1970թ. նոյեմբերի 16-ի հռչակագիրը, ուղղիչ շարժման ծրագիրը, Բաաս կուսակցության համագումարների որոշումները, երկրի մշտական սահմանադրությունը, ինչպես նաեւ Ասադի ելույթները, հրապարակային հայտարարությունները: Կարեւոր աղբյուր են ծառայել նաեւ արաբական տարբեր պարբերականները, հիմնականում Սիրիայի, Եգիպտոսի, Լիբանանի եւ արաբական մյուս երկրների մամուլը:

Թեեւ հետազոտվող ժամանակահատվածում, երբ Սիրիայում մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով գոյություն ուներ գրաքննություն, եւ ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ սիրիական գրականությունը միշտ չէ, որ աչքի էր ընկնում անհրաժեշտ օբյեկտիվությամբ, այդուհանդերձ, հեղինակը փորձել է հնարավորինս օգտագործել սիրիական պաշտոնական փաստաթղթերը, տեղեկատու գրականության նյութերն ու սիրիացի հեղինակների աշխատությունները:

Սույն մենագրության հրատարակմանը մեծապես նպաստել է այն հանգամանը, որ հեղինակն ասպիրանտուրայում ուսանելու ընթացքում աշխատել է «Ասադի» անվան գրադարանում եւ Դամասկոսի մերձավորարեւելյան հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտում, իսկ 2007-2010թթ.` Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում:

Գեւորգ Ղարիբջանյանի «Հաֆեզ ալ Ասադը եւ ուղղիչ շարժումը Սիրիայում» գրքում արծարծվող խնդիրները, առկա փաստերն ու արված եզրահանգումները կարող են օգտագործվել Սիրիայի նորագույն շրջանի պատմությունն ուսումնասիրողների կողմից, ինչպես նաեւ Սիրիայի եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքի քաղաքական գործընթացներին, տվյալ ժամանակաշրջանի քաղաքականության պատմության հիմնախնդիրներին նվիրված դասընթացներում կամ ուսումնասիրություններում: Ուղղիչ շարժման լույսի ներքո տեղի ունեցած Սիրիայի կարեւոր իրադարձությունների լուսաբանումը կարող է օգտակար լինել նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության նկատմամբ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության որոշ մոտեցումներ մշակելու տեսանկյունից:

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Պ.գ.թ., դոցենտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4