«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2012-07-25 | #135, 2012-07-26 | #136, 2012-07-27


«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԳՐԵԹԵ ԱՆՎՃԱՐ ՏՈՄՍԵՐՈՎ ԵՐԿՐՈՐԴ ՉՎԵՐԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԴԵՊԻ ՀԱԼԵՊ

«Արմավիա» ավիաընկերությունից երեկ հերքեցին լուրերը, թե Սիրիայում ավիաընկերությունը պարտադրում է սիրիահայերին գնել ոչ թե Հալեպ-Երեւան, այլ Հալեպ-Երեւան-Հալեպ տոմսեր:

«Նման բան չկա, ավիաընկերությունն ինչպես կարող է ստիպել քաղաքացիներին գնել երկկողմ տոմսեր: Քաղաքացին ինքն է ընտրումՙ ինչ տոմս գնի», ասացին «Արմավիա»-իցՙ չբացառելով, որ դա կարող են անել այն ընկերությունները, ովքեր ավիաընկերությունից տոմս են գնում եւ այդ կերպ փող վաստակումՙ գցելով պետության եւ ընկերության անունը:

Երեկ «Արմավիա»-ն նաեւ հայտարարել է, որ պատրաստ է բացել շաբաթական երկրորդ չվերթը դեպի Սիրիա, իսկ դրա տոմսերը գրեթե անվճար կլինեն: «Արմավիա»-ից հավաստիացնում են, որ ավիաընկերությունը բանակցում է ՀՀ կառավարության եւ սփյուռքի նախարարության հետ, համապատասխան աջակցության դեպքում չվերթը չի ուշանա:

Ավիաընկերությունից հիշեցնում են, որ նման դեպք եղել է տարիներ առաջՙ լիբանանյան պատերազմի ժամանակ, երբ կառավարության հետ համապատասխան բանակցություններից հետո գրեթե անվճար ավիատոմսերով լիբանանահայերը եկան հայրենիք:

Աջակցություն ասելով ավիաընկերությունն առաջին հերթին նկատի ունի կառավարության թույլտվությունն ու համաձայնությունը երկրորդ չվերթ բացելու կապակցությամբ: Ավիաընկերությունն առանց կառավարության համաձայնության չի կարող նման բան կատարել, քանի երկու երկրների չվերթերի թվաքանակը շաբաթական կտրվածքով պետք է համապատասխանի: Դա կարող է լինել միայն երկու պետությունների կառավարությունների համաձայնությամբ:

Անհրաժեշտ է որոշակի սուբսիդավորում, որպեսզի ավիաընկերությունը կարողանա երկրորդ չվերթն իրականացնել:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4