«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2012-07-25 | #135, 2012-07-26 | #136, 2012-07-27


«ԲԱԳԻՆԸ» ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆԴԱՍՏԱՆՈՒՄ

Սփյուռքյան մտավորական-մշակութային կյանքը կազմակերպվել է գրական-գեղարվեստական հանդեսների շուրջ նաեւ: Այս առումով անգնահատելի ծառայություն է մատուցել Բեյրութի «Բագին» գրական հանդեսը, որ արդեն 50 տարի գործում էՙ իր շուրջը համախմբելով սփյուռքահայության մի շերտի գեղարվեստական միտքը:

1962-ի հունվարից «Բագինը» թողարկեց իր առաջին համարը, որպես ՀՅԴ բյուրոյի եւ Համազգային միության կենտրոնական վարչության հրատարակություն: 1989-94 թվականներին հանդեսը երկամսյա պարբերականությամբ էր լույս տեսնում, այնուհետեւՙ եռամսյա: Այս ընթացքում հանդեսը կերտել է պատմությունՙ սփյուռքի գրական-մշակութային կյանքի յուրատեսակ արձանագիրը դարձել եւ ամենակարեւորըՙ դարձել այն վայրը, որտեղ հայ գրի մշակները փորձել են պահպանել մայրենի լեզվի կենսունակությունը, նրանով գեղագիտական արժեք արարելու կարողականությունը: Տարբեր շրջաններում հանդեսի խմբագրությունը վարել են Բեյրութի գրական միջավայրում հայտնի մտավորականներ, գրողներ (Կարո Սասունի, Պողոս Սնապյան): Ներկայում վարիչ-խմբագիրն է Հակոբ Պալյանը:

Այս տարվա առաջին համարըՙ եռամսյան, լույս տեսավ ապրիլին, երեք հիմնական բաժիններովՙ գրականություն, արվեստ, իմացական աշխարհ: Առաջին հատվածըՙ գեղարվեստական գրականության, ընդգրկում է Հարություն Պերպերյանի, Սեդա Գրիգորյանի, Հարություն Նագուլյանի, Քեմալ Պաշշարի բանաստեղծական եւ Սարգիս Կիրակոսյանի, Գեւորգ Պետիկյանի, Մերի-Հերունի-Սարգսյանի արձակ էջերից:

Իմացական շարժում ընդհանուր խորագրի ներքո զետեղված է Թովմաս Պողոսյանի հոդվածըՙ XIX դարի հայ աշուղական երգարվեստը ներկայացնող եւ Ջիվանու դերը երգարվեստի այս տեսակի կայացման, զարգացման մեջ: Հոդվածում ընդհանուր անդրադարձ է արվում հայ աշուղական երգարվեստի ծագմանը, նրա հիմնական երկու փուլերին, աշուղական երեք դպրոցներին: XIX դարի հայ հասարակական կյանքի վերելքը պայմանավորող գրական մտավորական շարժման մեջ իր մասն ունեին նաեւ երաժշտարվեստի ներկայացուցիչները: Ջիվանու գործունեությունը նույնպես դրականորեն նպաստել է հայ ազգային մտածողության զարթոնքին: Իսկ նրա մոտեցումներն աշուղական երգարվեստին եւ կատարած դերը հիմք են տվել ուսումնասիրողին Ջիվանուն համարելու հայ աշուղական արվեստի Կոմիտասը:

Ուշագրավ եւ տպավորիչ է Հակոբ Պալյանի հրապարակումը Արամ Հայկազի մահվան 25-րդ տարելիցի առիթով: Գրող, որի գրականության մեջ կյանքն ապրում է իր ամենօրյա հեւքը, մարդը իր պարզ, ամենօրյա ճանապարհին ճաշակում է ցավի, ուրախության, հույսի ու հիասթափության, դառնության ու մխիթարության զգացումի երկվությունը: Հերոսներ, որոնց ներկան անցնում է հիշողության ավիշովՙ ծննդավայրի, կորսված հայրենիքի վերհուշ, ինքնապաշտպանական, հերոսական մարտեր, տեղահանություններ, մարդկային նվաստացումներ, ողբերգություններ - հոգու ավերումներ: Այս հրապարակումը թրթռացող մի արձագանք է Արամ Հայկազ արժեքավոր մարդուն ու նրա ճշմարիտ գրականությանը, որ հոդվածագիրը համարում է «ազգի հիշողություն հանդիսացող գրականություն», եւ որի հերոսը պարզ ճակատագրով ապրող մարդն է. «Մեծ ճակատագրեր չեն: Բորբոքուած բախումներ չկան: Իր տիպարները ապրողներ են, առանց ահաւորութիւններու կամ ընթացիկ ծովերուն մէջ խեղդուելու, մարդիկ, որոնք չեն ազդեր պատմութեան ընթացքին վրայ: Վիպական չեն»:

Նրա սերն առ հասարակ մարդը անկեղծ է ու անմիջական. «Արամ Հայկազ տեւաբար հաղորդութեան մէջ է մարդոց հետ»: «Կը նկարահանէ հայրենահանում, ամայացած գիւղերը եւ շէները, ոսկեհատ եւ լքուած ցորենի դաշտերը:

Արամ Հայկազ կը նկարահանէ, ձայներու եւ բառերու հետ չի խաղար: Իրաւական եզրեր չկան, հռետորութիւնը բացակայ է: Իրական յուզումը բաւարար է: Կայ պարզ վսեմութեամբ վկայութիւնը», այսպիսին է գրողական նրա բնութագրումը, որ մինչեւ վերջ հավատարիմ մնաց Պոլսի Կեդրոնական վարժարանի իր ուսուցչիՙ Հակոբ Օշականի խրատին. «... ես ձեզի ըսած չե՞մ, որ պարզ գրէք, առանց սիւսի: Գրականութիւն ըրած ըլլալու համար մի՛ գրէք, աշխատեցէ՛ք պարզ ու բնական ըլլալ, մի տարուիք շիք բառերու հրապոյրէն...»: Այդպես էլ կայացավ ու մնաց նրա ճշմարիտ, վավերական գրականությունը:

Աբրահամ Ալիքյանՙ կնքված որպես աքսորի բանաստեղծ: 1947-ին Բեյրութից Հայաստան ներգաղթյալ, երեւանյան միջավայրից հեռացած, մոսկովյան բնակության տասնյակ տարիներ (տեղի Գորկու անվան գրականության ինստիտուտն ավարտելուց հետո)ՙ բառի խորքերում խորասույզ, 90-ականներին վերադարձ Բեյրութ, որտեղ էլ Բիքֆայյում ապրում է մինչեւ այսօր մենակյացի հպարտ - տխուր կյանքըՙ ինքնակերտ իր ամրոցում, բառին ապավինած: Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, որի աստանդական կյա՞նքը, թե՞ բանաստեղծական թափառիկ հոգու կերպն է պատճառը, որ իրեն աքսորի բանաստեղծ են համարում: Հոդվածագիրըՙ Սաքո Արեյանը հղում է անում Ալիքյանի երեւանյան տպագրության «Հանդիպակաց ափեր» ժողովածուի Երվանդ Տեր-Խաչատրյանի առաջաբանին. «Աբրահամ Ալիքյանը տասնյակ տարիներ ապրել է Հայաստանից դուրս, Հայաստանից հեռու, բայց ապրել է հայոց մեծասքանչ լեզվի մեջ, ասել է թե եղել է մշտապես իր տանը, մշտապես ապրել գրականության մեջ եւ գրականությամբ» եւ իր կողմից երկրորդում. «Ուրեմն լեզուն է իր տունը, իր մնայուն ամրոցն ու հայրենիքը»: Որովհետեւ ինչպես գրում է. «... մէկը, որ սիրեց բառը սկիզբէն, շատ հինէն, մէկը որ ապրեցաւ բառին սնունդով, բառին զօրութեամբ: Պիտի տառապէր, պիտի քամուէր սպիտակ էջին վրայ, պիտի հալէր խարոյկին վրայ տարուբերող երէին պես...»:

Մայր աթոռի հրատարակության «Սբ Էջմիածնի երախտավորներ» մատենաշարի առաջին հատորիՙ Գրիգոր Հակոբյանի «Հոդվածներ եւ ուսումնասիրություններ» ժողովածուն (2007 թ.) առիթ է տվել Վարդան Մատթեոսյանին անդրադառնալու, վերհիշելու երիտասարդ հասակում կյանքին հրաժեշտ տված տաղանդավոր գրականագետին, որ 30 տարեկանում արդեն արժանացել էր դոկտորի կոչման, մասնագիտացած արեւմտահայ եւ սփյուռքահայ գրականության ուղղությամբ եւ համարվում էր լավագույն գիտակներից մեկը Հայաստանում: Երկու մենագրության հեղինակ («Արեւմտահայ նորավեպը», «Թերթոն վեպի տեսությունը. Երվանդ Օտյան»), մի քանի ժողովածուների հրատարակիչ: Հոդվածների եւ ուսումնասիրությունների վերջին ժողովածուն Վ. Մատթեոսյանը դասում է այս տարիներին Հայաստանում արեւմտահայ կամ սփյուռքահայ գրականության մասին տպագրված 10 լավագույն գրքերի շարքում, նկատում, որ Գ. Հակոբյանի մասնագիտական գործելակերպի առավելությունը մեծաքանակ նյութի հավաքման եւ տեսաբանական վերլուծումի համատեղման սկզբունքն է, անդրադառնում է նաեւ գրականագետի լեզվամտածողությանը, երբեմն հանդիպող խրթնաբանության - դժվարընթեռնելիությանը, որը սակայն փոխհատուցվում է յուրաքանչյուր անգամ գրականագիտական նորությամբ:

Հիշատակենք եւս երկու հրապարակում, դրական վերաբերմունք - արձագանք (Հ. Պալյան, Կարո Աբրահամյան) Սեդա Գրիգորյանի «Հայուհիի մը օրագրէն» գրքին:

Հանդեսը եզրափակում է Մովսես Ծիրանու շատ հետաքրքրական մի հրապարակումՙ երեւանցի նկարիչ Էդիկ Բերդյանի արվեստը եւ անձը ներկայացնող: Չնայած հեռախոսազրույցի միջոցով, սակայն ստեղծվել է նաեւ այստեղ շատերիս անծանոթ նկարչի իրական, ինքնատիպ կերպարըՙ մեր օրերի համար հազվագյուտ պատահող նկարագրով: Արվեստագետ, որ իր խոսքերով, սիրում է ապրել մեկուսի կյանքով, ժամանակակից աշխարհի արտաքին ազդակներից պաշտպանվածՙ ինքնասույզ, ինքնամերձ, ունի իր աշխարհը, դա հայրենիքն է, նրա բնությունը, իր հիշողությունները, անցյալը, իր զգացումները: Մայրաքաղաքային այլակերպությունների ժամանակի պղտոր հոսքերում կարողանում է ապրելՙ չդավաճանելով իր էությանըՙ ապրում ստեղծագործական իր աշխարհին, նախասիրություններին հարազատ, խղճի անդորրությամբ: Իր կտավի հերոսը մարդն էՙ պարզ, երբեմն լքված, անտեսված, բայց հոգեբանությամբ չաղարտված մաքուր մարդը: «Ես գլխագիր, իսկական ՄԱՐԴ եմ փնտրում» - քչերն են այսպես ասում: Նրա բնապատկերները, իր ապրած թաղամասիՙ Կոնդի մթոլորտը պատկերող կտավները անցյալ ժամանակների իդիլիկ վերհուշ էՙ մոռացումից փրկելու նկարչի ազնիվ ցանկություն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4