Եվրոգավաթների մրցաշարերում Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչներն էլՙ Գյումրիի «Շիրակն» ու Կապանի «Գանձասարը» դուրս մնացին հետագա պայքարիցՙ չկարողանալով հաղթահարել որակավորման 2-րդ փուլի արգելքը: Մեր երկու ակումբներն էլ առաջին հանդիպումներում մրցակցի հարկի տակ պարտվելով 0-2 հաշվով, պատասխան խաղում հայտնվել էին չափազանց ծանր իրավիճակում: Մեր ֆուտբոլիստներին ոչ միայն չհաջողվեց լուծել իրենց առջեւ ծառացած դժվարին խնդիրը, այլեւ կրկին խաղադաշտը թողեցին պարտված:
Առաջինը մրցասպարեզ դուրս եկան «Շիրակի» ֆուտբոլիստները: Ստեղծված իրավիճակը թելադրում էր, որ գյումրեցիները պետք է առաջին իսկ րոպեներից նետվեին գրոհների, մեծ ուժերով ճնշում գործադրեին մրցակցի դարպասին: Ցավոք դրա ականատեսը չդարձանք: «Շիրակը» ռիսկի չդիմեց ու փոքր ուժերով էր գրոհում: Բացի այդ էլ «Բնեյ Եհուդայի» ֆուտբոլիստները հաջողությամբ մամլիչ գործողությունների դիմելով, գնդակը հանգիստ խաղարկում էինՙ փորձելով գցել մրցակցության առանց այն էլ ոչ բարձր տեմպը: Նրանք շիրակցիներին զրկել էին գնդակը հանգիստ ընդունելու եւ ազատ գործելու հնարավորությունից, իսկ հարմար առիթի դեպքում դիմում էին սուր հակագրոհների:
Հարկ է նշել, որ «Շիրակը» միայն 14-րդ րոպեին առաջին հարվածը կատարեց մրցակցի դարպասին, որը շեղ ստացվեց: Իսկ միակ վտանգավոր պահը 23-րդ րոպեին մոտ 40 մետրից Դիդիե Կադիոյի կատարած տուգանային հարվածն էր, որից հետո գնդակը դիպավ հորիզոնական ձողին: Իսկ ահա հյուրերը 30-րդ րոպեին Շալեւ Մենաշեի հարվածով բացելով հաշիվը, փաստորեն վճռեցին մրցակցության ելքը: Այդ գոլից հետո խաղի հետաքրքրությունն ընդհանրապես կորավ, իսկ շիրակցիներին այդպես էլ չհաջողվեց գոնե խուսափել պարտությունից:
Ի տարբերություն «Շիրակի», «Գանձասարն» ավելի ակտիվ սկսեց «Սերվետի» հետ հանդիպումըՙ առաջին իսկ րոպեներից գրոհելով մրցակցի դարպասը: Առաջին խաղակեսում դաշտի տերերը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն այդպես էլ գոլ չարձանագրվեց:
Ինչպես թիմերի առաջին մրցավեճում, այս անգամ էլ հենց երկրորդ խաղակեսի սկզբում «Գանձասարը» դարպասապահի եւ պաշտպանների անհամաձայնեցված գործողությունների հետեւանքով գնդակ բաց թողեց սեփական դարպասը: Աչքի ընկավ Մարկոս դե Ազեւեդոն, որն առաջին խաղում չէր իրացրել 11 մետրանոց հարվածը: Այդ գոլը ոչ միայն վճռեց մրցակցության ելքը, այլեւ ամբողջովին կազմալուծեց «Գանձասարի» խաղը: Պաշտպանները սկսեցին անփույթ գործել, որի արդյունքում երկու անգամ Տիբեր Պոնը գրավեց կապանցիների դարպասը: Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, եթե խաղային մի քանի դրվագներում թիմին չփրկեր երիտասարդ դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որն առաջին խաղում էլ աչքի էր ընկել իր վարպետությամբ:
«Գանձասարին» միայն ավելացված ժամանակում հաջողվեց «թրջել» հաշիվը: Դիպուկ հարվածով մրցակցի դարպասը գրավեց Հայրապետ Ավագյանը:
Այսպիսով, եվրոգավաթների մրցաշարերը հայկական ակումբների համար ավարտվեցին: Իհարկե, նախորդ տարիների համեմատ ընթացիկ խաղարկությունը որոշ չափով կարելի է հաջող համարել մեր թիմերի համար, որոնցից երկուսին հաջողվեց գոնե հաղթահարել առաջին փուլի արգելքը: Բայց ընդհանուր առմամբՙ հայկական ակումբները Եվրոպայում շարունակում են անմրցունակ մնալ: