«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2012-07-25 | #135, 2012-07-26 | #136, 2012-07-27


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՂԹԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը օլիմպիական խաղերի հայաստանցի մարզիկներին:

«Սիրելի մարզիկներ եւ մարզիչներ:

Հայաստանը հերթական անգամ իր պատվիրակությամբ ներկայանում է համաշխարհային գլխավոր մարզահանդեսին` ամառային օլիմպիական խաղերին:

Համոզված եմ, որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսեւորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը:

Անշուշտ գիտակցում եք, որ ձեր մրցելույթներին ուշադրությամբ հետեւելու են Հայաստանի եւ սփյուռքի մեր հայրենակիցները: Հավատում եմ, որ կարդարացնեք սպասելիքները, նոր նվաճումներով կհարստացնեք օլիմպիական խաղերի հայաստանցի չեմպիոնների եւ մրցանակակիրների շարքը եւ ձեր արժանի տեղը կգտնեք հայրենական սպորտի պատմագրքում:

Անձամբ եմ հետեւելու «Լոնդոն-2012»-ի ընթացքին, լինելու եմ հայ մարզիկների ջերմեռանդ երկրպագուներից մեկը: Ավելին, ցանկանում եմ լինել ձեր հաղթանակների ականատեսը, որպեսզի միասին ապրենք հաջողությունների բերկրանքը:

Զինվենք համբերությամբ` հաղթանակների ակնկալիքով: Ձեզ բարի ճանապարհ եւ հաղթական վերադարձ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4