ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ամառվա վերջին երկու-երեք շաբաթը մեր քաղաքական կյանքը համարյա թե մեռած էր, եւ այն փորձում էին գոնե կիսամեռ վիճակում պահել լրատվամիջոցները: Սակայն, խոստովանենք` դա ոչ միշտ էր ստացվում: Ողջ տարին ծայրահեղությունների մեջ ընկնող եւ սենսացիայի որոնմամբ պատեպատ զարկվող մերձլրագրական դաշտի տանջանքները հատկապես երեւում էին այս երկու շաբաթը, երբ համարյա թե ոչինչ չէր կատարվում, ու ընթերցողին «հսկայական ոչնչով» կերակրելու ջանքերը հաճախ անցնում էին չափ ու սահման, երբեմն էլ անհեթեթության ամեն սահման.Պալաչը ներողություն է խնդրել կամ չի խնդրել Ծառուկյանից, Պալաչը ներողություն կխնդրի կամ չի խնդրի Ծառուկյանից, եղունգ էին նայում մերոնք: Խեղճ ընթերցող, բա նրան պե՞տք է Պալաչը, կամ ո՞վ է Պալաչը, ախր, որ նա մեր լրագրային հերոսների շարքում էր հայտնվել ու դարձել նաեւ ընթերցողների «պալաչը»: Հովիկ Աբրահամյանի գյուղի շները մի տեսակ լավ չեն հաչում այնպես, նրա գյուղի կանայք միմյանց են ծեծել, հայրը բռնաբարել է դստերը, դուստրը հանցագործության մասին հաղորդում է տվել հոր դեմ, Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞, թե ոչ. այս վերջին հարցադրման անկապությունը քիչ էր` իրավապահներն էլ պասը վերցրին, թե` հենց եկավ, կձերբակալենք: Այսինքն` նստած սպասում են-վերադառնա, արծաթե սկուտեղով ինքն իրեն մատուցի, նոր ձերբակալեն: Ու մարդ չեղավ Սիրադեղյանին հարցնի` նա ի՞նչ է մտածում իր վերադարձի մասին, չէ՞ որ քննության արդար ընթացքին կասկածելով ու իրեն քավության նոխազ դարձնելու մտահոգությունից էր հեռացել երկրից: Գուցե հարցնեք նրան` երկիրն արդեն արդար իրավապահ համակարգ ունի՞, որ Վանոն ուզի վերադառնալ, չէ՞ որ ասում են` մարդ կաՙ ամեն շաբաթ տեսնում է նրան, Սուրեն Սիրունյանն էլ ինչ-որ հետաքննման արժանի մտքեր արտահայտեց: Հետաքրքրության համար ասեմ, որ Facebook-ի տարածքում երբ գրում ես Վանո Սիրադեղյան, մի հինգ-վեց էջ բերում է նրա անունով, մեկի հետ էլ ես եմ բարեկամ, ո՞վ են` պարզ չէ, կարող է ինքն է, կարող է` ուրիշները: Այնպես որ Վանոյի մեռնելու մասին լուրերը չափազանցություն են ու «մուտիտ»... նա ողջերից երեւի ավելի ողջ է, համենայն դեպս` իր արձակով: Լավ է, արձակուրդներն ավարտվում են, ու հարեհաս Շարմազանովը վերադարձավ ու հարցազրույց տվեց Եվրասիական միությանը մասնակցելու մասին` «ոչ թե կամ-կամ, այլ` եւ-եւ», թե չէ մերոնք էլ չգիտեմ ի՞նչ էին հորինելու:
Ու դեռ լավ է, որ Հայաստանի համայնքների մի զգալի մասում շուտով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, ու մերոնք ի վերջո զանազան «մատծծոցիների» արանքում իսկական փաստական նյութ ունեն երբեմն փուչիկները փոխարինելու համար: Սեպտեմբերի 9-ին Հայաստանի համայնքների մի զգալի մասում համայնքի ղեկավարներ ու ավագանի են ընտրելու` Տաշիրում, Ստեփանավանում, Ախթալայում, Վանաձորում, Մեծամորում, Էջմիածնում, Վեդիում, Մասիսում եւ այլուր: Եվ չնայած Հայաստանում ՏԻՄ ընտրությունները խորհրդարանական ընտրությունների պատկերով եւ նմանությամբ են, բայց երեւում է` ինտրիգի պակաս չի լինելու, համենայն դեպս երբ առաջադրված թեկնածուների անուններն ես կարդում, դա է անցնում մտքովդ: Նրանց մեջ կան այնպիսիք, որ իրար դեմ պայքարելիս իրար երեսի այնպիսի մանրամասներ կնետեն, որ թամաշա հանրությունը ձանձրանալու առիթ չի ունենա: Ամենից մեծ ինտրիգը Գյումրիում է, որտեղ օգոստոսի 10-ին թեկնածուների առաջադրման վերջնաժամկետից հետո պարզ դարձավ, որ իր թեկնածությունը չի առաջադրել ներկայիս քաղաքապետ, հանրությանը սկանդալային պատմություններով հայտնի ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը, եւ նույնիսկ ԲՀԿ-ի առաջադրած թեկնածու Սամվել Բալասանյանին աջակցելու է ՀՀԿ-ն: Ոմանք սա համարում են իշխանափոխություն` տեղական մակարդակով. դե իհարկե, Հայաստանում արդեն կարծրատիպեր կան, Հայաստանում իշխանափոխությունը ե՛ւ ընդդիմությունում, ե՛ւ հանրային մակարդակում սկսել են միայն անձերի փոփոխությամբ պատկերացնել: Իսկ որոշ մարդիկ էլ անհանգստացած են նրանով, թե ներկա քաղաքապետն իր տիրապետած վարչական եւ այլ ռեսուրսն ինչի՞ն եւ ո՞ւմ շահերին է ծառայեցնելու, նրա մարդիկ ում համար են աշխտելու ընտրություններին: Շտապեմ հանգստացնել, գոնե մարդկանց մասով Հայաստանում պրոբլեմ չկա, առնետավազքը միշտ կա ու կա, ով դրության տերն է, մարդիկ էլ արագ կողմնորոշվում ու կանգնում են նրա կողքին, այս իմաստով հազիվ թե «այս կողմանե» Գյումրիի ընտրություններին բան սպառնա: Ուրիշ բան, որ մենք չենք կիսում մի սկանդալային փողատիրոջը մեկ այլ, ոչ սկանդալային, մի փոքր ավելի բարենպաստ իմիջով փողատիրոջով փոխարինելու գործելակերպը, որն արդեն ուրվագծվում է Գյումրիում`ամեն ինչից երեւում է, որ Սամվել Բալասանյանն է դառնալու Գյումրիի քաղաքապետ: Իսկ մենք ուզում էինք հավատալ, որ հայերը կամաց-կամաց պիտի կարեւորեն լավ եւ կրթված կառավարիչ ունենալը պարզապես տեղական փողատիրոջից: Ինչպես տեսնոււմ եք` դեռ մտայնություն չի փոխվում:
Փաստորեն այս ամառ ավելի երեւաց այն իրողությունը, որ մեր քաղաքական դաշտը դատարկվել է, ու առնվազն այն լցնելու կարիք կա: Քաղաքականություն բառի տակ հասկացվում է ամեն տեսակ տրյուկ, բայց ոչ իրական քաղաքական կեցվածք: Կամաց-կամաց տրաքեցին բոլոր քաղաքական տրյուկների բոլոր փուչիկները: Ու գուցե դրանով է պայմանավորված նորից գլուխ բարձրացրած խոսակցությունը` երրորդ ուժի ստեղծման անհրաժեշտության մասին, որոնք պտտվում են ՀԱԿ-ից հեռացած մարդկանց` Արամ Սարգսյանի, Դավիթ Շահնազարյանի եւ «Ազատ դեմոկրատներից» հեռացած Արարատ Զուրաբյանի եւ մի խումբ այլ անձանց անունների շուրջը: Ու իսկապես` մեր հանրությունը պետք է նոր դեմքեր գտնի իր միջից կամաց-կամաց փակելու քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի պարապը, քանի որ ընդդիմությունն է զարգացման գեներատորը:
Մի ուրիշ խոսակցություն էր ամռան սկզբին արծարծվող ու մեր կարծիքով շատ արհեստական թեմայով` արդյո՞ք փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին ընդդիմությունը հանդես կգա միասնական թեկնածուով: Ու այս խոսակցությունը նորից գալիս-հանգում էր նրան, թե ինչպե՞ս իրեն կպահի ԲՀԿ-ն` արդյոք հանդես կգա իր թեկնածուով, թե՞ կպաշտպանի Սերժ Սարգսյանին: Տեսեք, թե ինչպիսի ողբալի վիճակ է ընդդիմությունում, որ նրանց միասնական թեկնածուով հանդես գալը պետք է կախված լինի մեր կարծիքով իշխանական մի թեւի որոշումից, ահա այսպիսի ամայություն է, ուրեմն, ընդդիմադիր դաշտում: Բացի դրանից` այս խոսակցությունն ընդհանրապես արհեստական է: Ի՞նչ միասնական թեկնածու, արդյոք վերջին խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը միավորվե՞ց կամ հանդես եկա՞վ միասնաբար: Ուրեմն ինչո՞ւ պիտի դա տեղի ունենա մի քանի ամիս հետո: Ի՞նչն է փոխվել դրանից հետո: Բացի դրանից` այս ընտրություններում քաղաքական ստատուս քվոն չի փոխվել: Իսկ ընդդիմություն, կարելի է ասել, չի մնացել: Մի պարզեք ո՞վ է, իսկապես ընդդիմությունը, ու հետո նոր խոսեք միասնական թեկնածուից: Թե չէ` ծիծաղելի է: Իսկ ընդհանրապես` կարծում ենք Հայաստանում ընդդիմությունը լայն առումով իր լիազորությունն ավարտեց խորհրդարան մտնելով: Մեզ հարկավոր է նոր եւ իսկապես քաղաքական ընդդիմություն, որը գուցե եւ կարողանա օրակարգ թելադրել, բայց դա միայն տեղի կունենա հաջորդ խորհրդարանական ընտրություններին: Լավ է դա, թե վատ` սա այլ խոսակցություն է, բայց քաղաքական ստատուս քվոն վերստին վերահաստատվել է խորհրդարանական ընտրություններում («ինչպեսի» մասին «Ազգը» գրել է, խոսքը դրա մասին չէ, այլ դե ֆակտո վիճակի), նույնն է լինելու նաեւ նախագահական ընտրություններին: Իսկ եթե հասարակությունը պահանջում է ստատուս քվոյի փոփոխություն, ապա նա պետք է իրական քաղաքական ընդդիմություն ձեւավորի` փոփոխությունների օրակարգով: