Օգոստոսի 11-ին Իրանի հյուսիս-արեւմուտքումՙ Արեւելյան Ատրպատականում տեղի ունեցած երկու ուժգին ցնցումները ավելի քան 8 մլրդ իրանական ռիալի (մոտ 650 մլն դոլար) վնաս են պատճառել: Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունըՙ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:
Փոխնահանգապետ Մոհամմադ Աշրաֆին նշել է, որ մոտ ժամանակներս հիշյալ գումարը կարող է վերանայվել: Նրա խոսքերով, երկու ուժեղ ցնցումների եւ դրանց հաջորդած թույլ ցնցումների հետեւանքով տուժել է 307 գյուղ, դրանց մի մասը լիովին ավերվել է:
Երկրաշարժից առավել շատ տուժել է նահանգային կենտրոն Թավրիզի շրջակայքը: 6,7 մագնիտուդով ցնցում արձանագրվեց Ախարի շրջանում, 6,3 բալանոց մեկ ուրիշ երկրաշարժՙ Վարզական եւ Խարիս քաղաքների շրջանում:
Ֆրանսպրեսի տվյալներով, երկու երկրաշարժերի հետեւանքով զոհվել են 306, վիրավորվել 3000 անձինք: Անօթեւան է մնացել մոտ 16 հազար մարդ: Նրանք բնակվում են վրանաճամբարներում: Իշխանությունները սկսել են մարդկանց նյութական փոխհատուցում վճարել, որպեսզի նրանք վերակառուցեն իրենց տները: