Օգոստոսի 12-ին Թունջելի վերանվանված Դերսիմում առեւանգվել էր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Հուսեյն Այգունը: Հաջորդ օրը հաղորդագրությամբ առեւանգման պատասխանատվությունը ստանձնեց PKK-ին կից կառույցներից Պաշտպանության ժողովրդական ուժերըՙ HPG-ն:
«Ֆըրաթ» լրատվական գործակալությունը, որ PKK-ին է հարում, հրապարակել է Պաշտպանության ժողովրդական ուժերի այդ հաղորդագրությունը, որտեղ «առեւանգման» փոխարեն նշվում է, որ պատգամավոր Այգունը ձերբակալվել է, միաժամանակ նախազգուշացվում են թուրքական անվտանգության ուժերը դադարեցնելու Դերսիմում իրականացվող ռազմական գործողությունները խաղաղ բնակչության դեմ, այլապես պատգամավորի կյանքը կլինի վտանգված:
Եթե նույնիսկ ընդունենք, որ Այգունը ոչ թե առեւանգված է, այլ ձերբակալված, ձերբակալության պատասխանատվությունը ստանձնելու դեպքում պետք է նշվի դրա պատճառը, ինչը բացակայում է հաղորդագրության մեջ: Համենայն դեպս երեկ երեկոյան PKK-ն խոստացավ ազատ արձակել պատգամավորին, եթե, իհարկե, դադարեցվեն Դերսիմում ուղղաթիռների աջակցությամբ իրականաց.վող ռազմական գործողությունները: Ի դեպ, Այգունը պատգամավոր է ընտրվել հենց Դերսիմում, որտեղ բնակչությունը ալավի զազաներ են: Երեկոյան, իսկապես, Այգունը ազատ արձակվեց, սակայն դեռեւս հայտնի չէՙ ռազմական գործողությունները դադարեցի՞ն Դերսիմում:
Հ. Չ.