Սիրիայում կատարվող ցավալի իրադարձությունները, լուրջ անդրադարձ ունենալով մեր հայրենակիցների ճակատագրի վրա, դարձել են ողջ հայության մտահոգության առարկա: Սիրիահայերին օգնելու հարցում անմասն չմնաց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Տեղեկանալով, որ ՀՀ կառավարությունը նախատեսել է սիրիահայ երեխաների համար Հայաստանի մանկական առողջարաններում կազմակերպել երկշաբաթյա հանգիստ, Արա Աբրահամյանը 43 հազար դոլար տրամադրեց «Արմավիա» ընկերությանըՙ Երեւան-Հալեպ-Երեւան չվերթ կազմակերպելու համար:
Բարեգործական ակցիայի արդյունքում օգոստոսի 14-ին Երեւան ժամանեց 149 սիրիահայ երեխա: Ողջունելով մեր պատանի հայրենակիցներինՙ մաղթում ենք նրանց ուրախ տրամադրություն Հայրենիքում:
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայություն