«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2012-07-27 | #137, 2012-07-28 | #138, 2012-08-15


ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵ՞Ր, ԹԵ՞ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՃԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Ի՞նչ է պետք մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի անկառավարելի վիճակը փոխելու համար

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երբ սպասում էինք Չինաստանի նվիրած ավելի քան 230 ավտոբուսներին, որոնք պետք է համալրեին Երեւանի քաղաքային տրանսպորտը, հույս ունեինք, որ դա գոնե կմեղմացնի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի խայտառակ վիճակը: Ավտոբուսները, երկար դեգերումներից հետո, վերջապես տեղ հասան, համալրեցին Երեւանի ավտոբուսային պարկը, բայց տրանսպորտի վիճակը ոչ մի կերպ դեպի լավը չփոխվեց: Ավելին, հատկապես ամռան ամիսներին թե՛ միկրոավտոբուսները, թե՛ հատկապես ավտոբուսները սկսեցին ավելի ու ավելի հազվադեպ երեւալ քաղաքի փողոցներում: Տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե Երեւան են բերվել ավտոբուսներ, այլ Երեւանից են դուրս տարվել:

Յուրաքանչյուր երկուշաբթի քաղաքապետարանում տեղի ունեցող խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ տրանպորտի վարչությունն ինչ-որ դիտարկում է անցկացնում տրանպորտի վիճակի վերաբերյալ: Անկեղծ ասած, դժվար է հասկանալ, թե այդ վարչությունը ի՞նչն է դիտարկում: Եթե շարժակազմի տեխնիկական վիճակը, ապա անհասկանալի է, թե ի՞նչն է փոխվում այդ դիտարկումից հետո, երբ ամեն օր երթուղայինների վարորդները պահանջում են ուղեւորներից կամ ուժեղ փակել իրենց մեքենայի դուռը կամ` կամաց, եւ իրենց անսարք դռան համար «մուննաթ են գալիս» ուղեւորների վրա: Եթե դիտարկումը արվում է հետեւելու համար, թե ավտոբուսներն ու միկրոավտոբուսները ժամանակի՞ն են դուրս գալիս երթուղիներ եւ պահպանո՞ւմ են մեկը մյուսին հաջորդելու ժամանակային միջակայքը, ապա հաստատ տրանսպորտի վարչությունում նորմալ տեսողություն ունեցող մարդ չկա:

Տրանսպորտի վարչության եւ նրա պետ Հենրիկ Նավասարդյանի, «Երեւանտրանս» կոչվող ընկերության համար հատուկ ընդգծում ենք, որ այսօր մայրաքաղաքի հասարակական տրանպորտի բազմաթիվ երթուղիներ, եթե չասենք մեծ մասը, աշխատում են կիսատ-պռատ: Վիճակն ավելի է վատանում շաբաթ, կիրակի կամ ոչ աշխատանքային համարված մյուս օրերին, երբ այս կամ այն ավոտբուսին սպասելը տեւում է առնվազն 30-40 րոպե, իսկ որոշ դեպքերում նրանք ընդհարապես դուրս չեն գալիս երթուղիներ:

Հիմնավորումները սովորաբար լինում են, թե այդ օրերին կամ ամռան ամիսներին ուղեւորահոսքը քիչ է, եւ ավելի քիչ միկրոավտոբուսներ եւ ավտոբուսներ են դուրս գալիս երթուղիներ: Սակայն այս փաստարկը ոչ մի կերպ չի կարելի հիմնավոր համարել: Երբեք եւ ոչ մի տեղ, ոչ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը, ոչ «Երեւանտրանսը» չեն հրապարակել կամ հայտարարել, թե ո՞րն է ավոտբուսների կամ միկրոավտոբուսների երթուղիներ դուրս գալու ժամանակային միջակայքը` 5 րոպե՞, 10 րոպե՞, 15 րոպե՞: Մարդիկ կանգնում են կանգառներում, սպասում ժամերով, անիմաստ ժամանակ կորցնում առանց իմանալու, թե իրենց անհրաժեշտ համարը ե՞րբ է գալու, զայրանում ու հայհոյում տրանպորտի վիճակի պատասխանատուների եւ իշխանությունների հասցեին ընդհանրապես: Իսկ երբ վերջապես ժամանում է պատուհաններից ու դռներից կախված ուղեւորներով ավտոբուսը կամ միկրոավտոբուսը, չեն իմանում, թե ի՞նչ անեն: Եթե մի կերպ չխցկվեն եւ կիսածռված, ստորացուցիչ վիճակով չհասնեն աշխատավայր կամ չվերադառնան տուն, ապա հայտնի չէ, թե հաջորդը ե՞րբ է գալու եւ ի՞նչ վիճակով:

Այս մասին գիտե՞ն հարկատուների վզին նստած եւ անիմաստ աշխատավարձ ստացող տրանպորտի վարչությունն ու «Երեւանտրանսը»: Եթե չգիտեն, ապա վատ չէր լինի, որ վարչության պետն ու ընկերության տնօրենը ամեն օր աշխատանքի գան ու գնան ոչ թե ծառայողական մեքենաներով, այլ իրենց վերահսկած տրանսպորտով: Այդ դեպքում գոնե կիմանան իրական վիճակն ինչպիսին է: Իսկ եթե գիտեն եւ ոչինչ չեն անում իրավիճակը փոխելու համար, ապա նրանք առնվազն չպետք է իրենց պաշտոնները զբաղեցնեն: Կանխելու համար հնարավոր պատճառաբանությունները, թե խնդրի լուծումը միկրոավտոբուսներն ավտոբուսներով փոխարինելն է, եւ նոր երթուղային ցանցով այդպես է նախատեսված, այսինքն, այն, ինչ լսում ենք արդեն մի քանի տարի, նշենք, որ իրավիճակը դեպի դրականը փոխելու համար ընդամենը աշխատանքի ճիշտ կազմակերպում է պետք: Բավական է միկրոավտոբուսների եւ ավտոբուսների համար սահմանել երթուղիներ դուրս գալու ժամանակային հստակ միջակայք, հանրությանը հայտնել այդ միջակայքի մասին, խստորեն պահանջել եւ վերահսկել, որ այդ միջակայքը պահպանվի, այդ ամենի համար օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները, իրավիճակն էապես կփոխվի: Այլապես, ինչքան էլ նոր ավտոբուսներ բերվեն եւ գործարկվեն, եթե դրանք երթուղիներ դուրս չգան կամ դուրս գան իրենց խելքին փչած ժամանակային միջակայքում, ոչ մի բան էլ չի փոխվի: Այն, ինչ տեղի է ունենում այժմ:

Լավ է, իհարկե, որ Երեւանում նստարաններ են տեղադրվում, ավելանում են ծաղկազարդ տարածքները, ջրային ավազանները, ասֆալտապատվում են փողոցները: Սակայն, կարծում ենք, քաղաքապետ Տարոն Մարգարյանը պետք է գիտակցի, որ առանց առօրյա այնպիսի կարեւոր խնդրի լուծման, ինչպիսին հասարակական տրանպորտն է, անհնար է պատկերացնել մայրաքաղաքային տնտեսությունն ու կյանքը: Դրա բարձիթողի, պարզապես անկառավարելի վիճակը մթագնում է ամեն լավ գործ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4