Թուրքիայի դեմ զինյալ պայքարի սկզբնավորման 28-րդ տարեդարձին հայտարարում են PKK-ն եւ նրա կից կառույցները
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը` PKK-ն, կազմավորվել է 1978-ի նոյեմբերի 29-ին, իսկ Քրդստանի ազատագրության ժողովրդական բանակըՙ ARGK-նՙ 1984-ի օգոստոսի 15-ին եւ նույն օրը առաջին զինյալ գործողությունն է իրականացրել Թուրքիայում: Հակառակ թուրքական անվտանգության ուժերի ձեռնարկումներին եւ բանակի ռազմական գործողություններին, PKK-ի զինյալ պայքարն առ այսօր շարունակվում է, հետզհետե սպառնալից բնույթ է ստանում Թուրքիայի միասնականության ու տարածքային ամբողջականության համար:
Այլ կերպ, այսօր լրանում է Թուրքիայի դեմ PKK-ի զինյալ պայքարի սկզբնավորման 28-րդ տարին, եւ այս տարեդարձը երկրի քրդաբնակ շրջաններում խանդավառությամբ է նշում քուրդ երիտասարդությունըՙ բախվելու գնով թուրքական անվտանգության ուժերի հետ, ինչպես երեկ բախվել էին Հաքքյարիում, Ջիզրեում եւ Շըրնաքում:
Օգոստոսի 15-ը քրդական ազատագրական պայքարում խորհրդանշական ամսաթիվ է: Թերեւս այդ առումով պատահական չեն դրա նախօրյակին ինչպես PKK-ի գործադիր կոմիտեի, այնպես էլ այս կառույցի ժողովրդական կոնգրեսիՙ Kongra Gel-ի Թուրքիայի քրդերին հղած ուղերձը: PKK-ի ուղերձն ունի «Այս դիմադրությունը ազատություն է պարգեւելու ժողովրդին» վերնագիրը, որտեղ օգոստոսի 15-ը համարվում է «Ազգային վերածնունդի եւ դիմադրության տոն»:
Ուղերձում գործադիր կոմիտեն օգոստոսի 15-ին, այսինքնՙ անկախության պայքարում Թուրքիայի դեմ զինյալ գործողությունների դիմելու օրվա առթիվ շնորհավորում է Աբդուլլա Օջալանին, ազատության պայքարի մարտիկներին եւ քուրդ ժողովրդին, նշում է, որ այդ պայքարը, հակառակ ճնշումների եւ ֆաշիստական ձեռնարկումների, անընդհատ տարածվել է անցած 28 տարիների ընթացքում եւ դարձել քուրդ ժողովրդի ազատության երաշխիքըՙ ներառելով իր մեջ ողջ Քրդստանը:
PKK-ի ուղերձն ավարտվում է հետեւյալ խոսքերով. «Այս դիմադրությունը ազատություն է պարգեւելու մեր ժողովրդին: Դրա սերմերը Քրդստանում ծլել են օգոստոսի 15-ին, եւ օգոստոսի 15-ը որպես տոն դարձել է վերածնունդի ու դիմադրության խորհրդանիշը: Օգոստոսի 15-ի 29-րդ տարեդարձին հաղթանակին հասնելու եւ ազատություն ձեռք բերելու հավատով պայքարը վերելքի հասցնելու կոչ ենք անում մեր քույրերին, եղբայրներին ու ողջ ժողովրդինՙ ողջունելով բոլորին ազատ ապագա կերտելու վճռականությամբ»:
Ինչ վերաբերում է PKK-ին կից կառույց ժողովրդական կոնգրեսին, ապա նա ուղերձը հղել է բրյուսելյան գրասենյակի միջոցով: Ուղերձում օգոստոսի 15-ի ազգային վերածնության տոնի առթիվ Կոնգրեսը շնորհավորում է ազատագրության պայքարի բոլոր մարտիկներին, հարգանքի տուրք է մատուցում նահատակներին, նշում 28 տարվա ձեռքբերումները, ապա եւ ավելացնում է. «Ազգային վերածնունդի 29-րդ տարեդարձին մենք մտնում ենք ընդգրկուն, լայնամասշտաբ պատերազմի մեջ: Ազատագրության պայքարի խաղաղասիրական ձեռնարկումներին Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը համատարած պատերազմով է արձագանքել: Հետեւաբար մենք համաժողովրդական պայքարի միջոցով Քրդստանում հետզհետե չեզոքացնելու ենք պետական համակարգն ու գաղութատեր ուժերին, որպեսզի ապահովենք մեր ժողովրդի ազատությունը: Մերձավոր Արեւելքում ծավալվող 3-րդ համաշխարհային պատերազմի ու տարածաշրջանի վերակառուցման պայմաններում քրդական դիմադրությունը ձեռք է բերել քաղաքական զարգացումների վրա ազդելու եւ ուժերի հավասարակշռությունը փոխելու հատկանիշներ, ինչպես նաեւ նախադրյալներ քուրդ ժողովրդին անկախ կարգավիճակ ապահովելու համար: Տարածաշրջանում իրականում ընթանում է «Քրդական գարուն», եւ այս իրողության հետ աշխարհը հետզհետե հաշվի է նստում: Հարավարեւմտյան Քրդստանի (Հյուսիսարեւելյան Սիրիա) քաղաքական զարգացումները մեր ժողովրդի անկախության գործընթացում գարնան առաջին նախանշաններն են, եւ այդ գործընթացը անշեղորեն կշարունակվի»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ