Գյումրու գործող քաղաքապետը հաջորդ ժամկետի համար չի առաջադրվել
Այս աշխարհում ոչինչ որեւէ մեկին չի մնացել: Իշխանությունն ու դրա բերած փառքն` առավել եւս: Սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրիում քաղաքապետի թեկնածու է առաջադրվել 5, ավագանու անդամի թեկնածու` 21 տեղի համար 72 մարդ: Որքան էլ անսովոր է, այս անգամ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվածների շարքում չկա Գյումրու վերջին 13 տարիների անփոփոխ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը: Նա մինչեւ սահմանված վերջին ժամը ինտրիգը («կառաջադրվի՞, թե՞ ոչ...»), լարվածությունը պահեց եւ ի վերջո, հավանաբար չցանկանալով այլեւս հակադրվել իրենից այս հարցում «երես թեքած» հանրապետական իշխանության կամքին, առաջադրման փաստաթղթեր չներկայացրեց:
Սա հանրապետության երկրորդ մեծ քաղաքի կյանքում նոր իրավիճակ է ստեղծում, որին իրենց` Գյումրու քաղաքացիների վերաբերմունքը միակերպ չէ: Ղուկասյանի մերձավոր շրջապատից, նրա իշխանությամբ անձնապես շահագրգռվածների ոչ փոքր շրջանակից բացի քաղաքում կար նաեւ նրան հավատացողների, նրա իշխանությանն այլընտրանք չտեսնողների մի նույնպես ոչ փոքր զանգված` կազմված հիմնականում օրվա հացը որեւէ կերպ վաստակողներից, համատարած գործազրկության ու սոցիալական թշվառության տիրապետության քաղաքում համայնքի ղեկավարի միջոցով տարբեր առիթներով որոշ դրամական ու նյութական աջակցություն ստացած անապահով քաղաքացիներից, որն առաջադրվելու դեպքում շարունակելու էր ձայն տալ նրան: Այս «կրիտիկական զանգվածի» կայուն առկայությունն ու հանրապետության իշխանության այսքան տարիների «վստահության քվեն» համատեղ կարծես արդեն տպավորություն էին ստեղծում, թե Ղուկասյանի իշխանությունը Գյումրու համար ճակատագիր է...
Ահա թե ինչու Գյումրու քաղաքացիների առավել սթափ մտածող ու լայնախոհ հատվածն էլ, ըստ ամենայնի, հանգիստ շունչ քաշեց. վերջ այս քաղաքապետի միանձնյա, ինքնակալ իշխանությանը, որտեղ որեւէ միտք ու կարծիք, եթե իր կարծիքին չէր համընկնում, մեղմ ասած` տեղ չուներ... Վարդան Ղուկասյանն ինքն էր առիթի դեպքում նաեւ ամբիոնից ասում` «էս քաղաքի լավ տղեքը, որոնցից մեկն էլ ես եմ»:
Բայց «քաղաքի լավ տղա» հասկացությունն ու ժողովրդավարություն հռչակած երկրի բազմահոգս մեծ քաղաքի իշխանությունն, ի վերջո, տարբեր բաներ են: Քաղաքապետը համայնքային իրավասության բոլոր հարցերն ինքն էր վճռում, թեեւ ավագանու ձեւական մասնակցությամբ: Նա ակներեւաբար իր աշխատողներից ու ենթականերից նաեւ պահանջում էր իր անձի անվերջ տարփողում, համարյա անձի պաշտամունքի աստիճանի հասնող, իսկ քաղաքային իշխանության պարտականությունների շրջանակում իրականացվող կամ դրան մոտ ամեն դրական քայլը միշտ մատուցվում էր քաղաքապետի անվամբ անձնավորված:
Կարծում ենք` այդ ամենի համար ամենից քիչը կարելի էր մեղադրել հենց իրեն` քաղաքապետին: Իսկ առաջին մեղավորներից մեկը երկրիս իշխանությունն էր, որը նրան թույլ էր տվել դառնալ այդպիսին: Ղուկասյանին, քանի դեռ նա իշխանությանը հարկավոր էր, գործելու բավական ազատություն էր տրված, նրան կարծես թե շատ բան թույլատրվում էր, շատ բան` գուցե նաեւ ներվում: Նրան այդպիսին դարձրին նաեւ հանրապետության տարբեր տեսակ հասարակական եւ այլ կազմակերպությունների ու հաստատությունների ղեկավարները. մեկը իրականում որեւէ հիմնավոր կրթություն չստացած քաղաքապետին շնորհեց ակադեմիկոսի, մյուսը` բանակում չծառայածին կազակական ատամանի, որ հավասար է` գեներալի, մեկ ուրիշը` գրական բարերարի կոչում (Թումանյանի թիֆլիսյան բնակարանի խնդրի լուծումից դեռ շատ առաջ), նրան տարբեր ժամանակ արժանացրին նաեւ տարատեսակ այլ կոչումների ու պարգեւների... Եվ մարդն անկեղծորեն հավատաց, որ այդ ամենը ինքն է, որ ինքն ամեն ինչ է: Նա մոտավորապես վեց տարի եղավ նաեւ իշխող Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավարը, խորհրդային ժամանակվա պատկերացմամբ` այդ կուսակցության մարզկոմի առաջին քարտուղարը, մինչդեռ մարդն ինքը վերջում խոստովանեց, թե` ախր ես իմ էությամբ կուսակցական չեմ:
Հեռացող քաղաքապետի եւ նրա աշխատանքի գնահատականը տալը մեր նպատակն ու խնդիրը չէ: Խնդիրը Գյումրին, նրա հոգսերն են եւ իր իշխանության տվածն ու տարածը, դրական կամ բացասական հետեւանքները վերլուծելն ու առաջ շարժվելը, ինչը թերեւս կանի համայնքային նոր իշխանությունը: Վերջինիս որպես ժառանգություն մնացող հիմնախնդիրների շարքում այստեղ նշենք երկուսը, որոնցից մեկը շատ դժվար, իսկ մյուսը, կարծում ենք, քայլ առ քայլ լուծելի է եւ չի կարող չլուծվել: Տարիներ առաջ քաղաքային իշխանության ներկայացուցիչները, իսկ առանձին դեպքերում, եթե հիշողությունս չի դավաճանում, քաղաքապետն անձամբ` կանգնում ու տնակում ապրող անօթեւան ընտանիքի տնակը ավտոկռունկով բռնի տեղահան էին անել տալիս (ճիշտ է` ընտանիքին բնակարանի երկու տարվա վարձակալության գումար առաջարկելով), անունը դնելով, թե բնակարանաշինության համար տարածքներ են ազատում: Բայց բուն քաղաքում այդպես ազատված տարածքները` ամբողջ լայնահուն փողոցներ իրենց աջ ու ձախ կողմերի երկայնքով մեկ, հետո զանգվածաբար տրամադրվեցին երկհարկ մասնավոր «օբյեկտների» կառուցման, որից չգիտես ով շահեց, իսկ անօթեւան մարդիկ, որոնցից շատերը, նաեւ, սերնդեսերունդ ապրել էին քաղաքի կենտրոնում, քշվեցին քաղաքից դուրս, ամայի դաշտերում իրենց համար կառուցվող շենքեր: Իհարկե, նույնը երբեք չսպառնաց նման հարցերը վճռող եւ նման լուծումը դրական համարող որեւէ ղեկավարի: Մյուս խնդիրը քաղաքի հասարակական տրանսպորտն է, որն ասելով Գյումրիում այսօր կարելի է հասկանալ միայն գծատերերի անմրցակից տիրապետությունը` այդ ամենակուլ «Գազելները»... Քաղաքում տրոլեյբուսները տարիներ առաջ ինչ-ինչ դատական «հիմնավորմամբ» վերացվեցին (հին անեկդոտի «գծերը հավաքելը» իրականություն դարձավ), իսկ հետխորհրդային շրջանում թողնված առանց այն էլ հին, աղքատի նվաստացուցիչ ավտոբուսներն էլ այսօր արդեն համարյա չկան:
Բայց դա արդեն այլ թեմա է: Եթե ոչինչ չլինի էլ, մարդն ու առավել եւս` ղեկավարը մի տեղ տասը տարի աշխատելուց հետո անխուսափելիորեն լճանում է: Սա կարծիք է, որն այս օրերին տարբեր մարդկանցից լսելու առիթ ենք ունեցել: Նաեւ այս առումով Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնում գործող քաղաքապետի թեկնածությունն այս անգամ չպաշտպանելու հանրապետական իշխանության որոշումն, անշուշտ, դրական քայլ է: Հիշեցնենք որ, ըստ շրջանառվող տեղեկատվության, իշխանությունն այս անգամ այդ պաշտոնի համար պաշտպանելու է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Գուցե սրանով է պայմանավորված, որ այս անգամ նույն մրցապայքարի մեջ չմտավ նաեւ գյումրեցի ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Մարտուն Գրիգորյանը: ՏԻՄ-ի նախորդ ընտրություններում հիմնական պայքարը նրա ու Վարդան Ղուկասյանի միջեւ էր, եւ նրանց թիմերի միջեւ սպասվող մեծ լարվածությունը զսպելու համար իշխանությունը լրացուցիչ ոստիկանական ուժեր էր մտցրել քաղաք...
Այս անգամ գոնե քաղաքապետի թեկնածուների հարցում հանգիստ, հանդարտ ընտրություն է սպասվում: Հիմնական ինտրիգը սպասելի է ավագանու անդամների` տարբեր շահեր ներկայացնող թեկնածուների խմբերի, նրանց կողմնակիցների միջեւ...
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի