«Ազգը» իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, առաջին անգամ «Ազգային կինոակադեմիայի» «Անահիտ» մրցանակին արժանացան կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, նկարիչ Սարգիս Անդրանիկյանը եւ դերասան Սոս Սարգսյանը: Վերջինս ներկա չէր տվչության արարողությանըՙ հիվանդության պատճառով: Ուստի օրեր առաջ «Համազգային» թատրոնի հարկի տակ կայացավ այդ մրցանակի հանձնումըՙ ԱԿԱ-ի նախագահ Դավիթ Մուրադյանի, ԿԳՄ նախագահ Ռուբեն Գեւորգյանցի, «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի եւ թատրոնի դերասանների ներկայությամբ:
«Ազգը» շնորհավորելով ՀՀ ժողովրդական արտիստ, բազմաթիվ մրցանակների արժանացած, «Համազգային» թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանին, զրուցեց նրա հետ:
- Ի՞նչ է թատրոնը ձեզ համար:
- Թատրոնն ինձ համար մի ամբողջ կյանք է: Հիմա արդեն դրա մասին ուշ է խոսել, որովհետեւ ամբողջ կյանքս, որքան որ երկար էր, գնաց, մերվեց թատրոնին: Թատրոնն ու ես արդեն մի մարմին ենք:
- Թատրոն, կինո, հեռուստաթատրոն: Այս երեքը զուգահեռաբար ձեր կյանքի ուղին են եղել: Ո՞րն էր Ձեր հոգուն ավելի հարազատ, ո՞րն էր ավելի գերադասելի եւ դրանց նմանություններն ու տարբերությունները որո՞նք են:
- Տարբերությունները հսկայական են, անշուշտ: Հեռուստաթատրոնը դա մի առանձին, մի գեղեցիկ երեւույթ էՙ հրաշալի հնարավորություն հայ հանդիսատեսին ծանոթացնելու համաշխարհային դրամատուրգային, իհարկե, հայկականը հատուկ ընդգծելովՙ Սունդուկյան, Պարոնյան, Շիրվանզադե եւ այլն: Կինոն իմ սերն է: Կարող եմ ասելՙ քնքուշ սերն է: Թատրոնը, արդեն ասացի, իմ կյանքն է: Ահա դրանց տարբերությունը:
- Իսկ որտե՞ղ էիք դուք ձեզ լավ զգում, ինչպես ասում ենՙ «ձուկը ջրում»:
- Երեւի թե կինոյում, որովհետեւ թատրոնը շատ ծանր աշխատանք է, ուժերի լարում է պահանջում եւ միշտ չէ, որ հաջողվում է: Կինոն ավելի հեշտ ժանր էՙ կտոր-կտոր նկարահանվում ես, հեշտ է կողմնորոշվել: Թատրոնում բարդ է, քանի որ կերպարը պետք է ամբողջանա, ապրի դերասանի մեջ, որ փոխանցի հանդիսատեսին: Բայց թատրոնն էլ իր դրական կողմն ունի: Երբ շփվում ես հանդիսատեսի հետ, նրան ըմբռնումն ու պոռթկումը շատ է օգնում եւ հենց նրա ռեակցիայից էլ զգում եսՙ դերասանին հավատացին իր ներկայացրած դերով, հավանեցին, ծափահարեցին: Իսկ կինոյում այդպես չէ:
- Պրն Սարգսյան, ինչպես շատ դերասաններ, դուք էլ դեռ մանկուց բակում թատրոն եք խաղացել, հետո Ստեփանավանի թատրոն տեղափոխվել ու միշտ երազել մայրաքաղաքի թատրոնի բեմը: Սկզբում Պատանի հանդիսատեսի թատրոն, հետո ուսում, հետոՙ մայր թատրոն եւ վերջապեսՙ «Համազգային»: Թատրոնը շատ սիրել եք, բայց այլ մասնագիտություն էիք որոշել ընտրել, ինչպե՞ս եղավ:
- Երբ արդեն 1,5 տարի աշխատում էի Ստեփանավանի թատրոնում, մի օր դիմում գրեցիՙ աշխատանքից ազատվելու համար, քանի որ մշտապես երազում էի դիվանագետ դառնալ: Թատրոնի տնօրենը պատռեց դիմումս ու իմ այդ երազանքն ի չիք դարձավ: Հետաքրքրական մի բան ասեմՙ մի օր երազումս ճերմակ մազերով մի մարդ տեսա, որը բեմ բարձրացավ, ձեռքիցս բռնեց ու Երեւան տարավ: Կհավատա՞ք, այդպես էլ եղավ: Հետո կինոստուդիա, դերերի կրկնօրինակում եւ վերջապես մի օր ինձ հրավիրեցին թատերական ինստիտուտ ու միանգամից 2-րդ կուրսի ուսանող դարձա եւ իմ առաջին ուսուցիչները եղան Արմեն Գուլակյանն ու Վարդան Աճեմյանը: Հետո արդեն հրավիրեցին մայր թատրոն, բայց զուգահեռ նկարահանվում էի կինոյում:
- Մայր թատրոնից դուք հեռացաք կամովին: Ի՞նչն էր պատճառը, ի՞նչն էր ձեզ վրդովեցնում, ինչո՞ւ դիմում գրեցիք...
- Դժվարանում եմ այժմ այդ հարցին պատասխանել, բայց առաջինը չէի, որ թատրոնից հեռացա: Առաջինը հեռացավ Ֆրունզիկ Մկրտչյանը, հետո Կարեն Ջանիբեկյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Մայիս Ղարագյոզյանը, Շահում Ղազարյանը, հետո էլ կամաց-կամաց երիտասարդ դերասանները: Այդպես մի խումբ դերասաններ հեռացան: Պատճառը երեւի անգործությունն էր, մատնված էինք պարապության, ահա հիմնական պատճառը: Հենց այդ դերասանները հավաքվեցին իմ շուրջը եւ ստեղծեցինք «Համազգային» թատրոնը: Իհարկե, սկզբից դժվար էր, տեղ չունեինք, բայց վերջ ի վերջո մեզ տեղ տվեցին ու արդեն 20 տարի է թատրոնը գործում է եւ շուտով մեր հիմնական շենքը կունենանք:
- Պրն Սարգսյան, այսօր ձեր թատրոնը համալրված է երիտասարդ դերասաններով, նրանք շարունակում են թատրոնի հիմնասյուների ավանդույթները:
- Թատրոնը ստեղծել են մարդու համար, ստեղծել են, որ մարդուն տեսնեն, ոչ թե ռեժիսորի հնարքները, այլ հանդիսատեսի համար, որը գալիս է ինքն իրեն ճանաչելու: Սա է գլխավորը: Մեր թատրոնը ավանդական թատրոն է, որովհետեւ, ես կարծում եմ, որ թատրոնի ուժը պահպանողականության մեջ է, որով էլ մրցակցության մեջ է ե՛ւ կինոյի, ե՛ւ հեռուստատեսության հետ ու կարողանում է իր ուրույն դիմագիծն ունենալ, պահպանել ավանդույթները:
- Այսօրվա հեռուստասերիալների մասին ի՞նչ կարծիք ունեք:
- Այսօր բոլորը խոսում են այդ մասին, իհարկե, դա այն որակը չէ, այդ բոլորը ինչ-որ անում ենՙ այն չէ, արվեստի հետ կապ չունեցող բան է: Ոչինչ չի սովորեցնում, ոչինչ չի հուշում, առիթ չի տալիս մտածելու, խորհելու: Մինչդեռ սերիալները կոչված են մարդուն օգնելու համար, այլ ոչ թե..., ուր են տանում այդ սերիալները, պարզ չէ, եւ ինչպես ռուսը կասերՙ «ни уму, ни сердцу...»:
- Ո՞րն է ձեր խաղացած ամենալավ դերը:
- Երբ վերհիշում եմ իմ խաղացած դերերը, յուրաքանչյուրն ունեցել է իր առավելություններն ու թերությունները: Նրանք բոլորը ինձ համար հարզատ են, իսկ մնացյալը ժողովորդը թող որոշի:
- Դուք մեր ժամանակակից թատրոնի նահապետներից եք, կա՞ արդյոք այնպիսի դեր, որ կուզեիք խաղալ:
- Կուզենայի խաղալ Չեխովի «Քեռի Վանյա», Շեքսպիրի «Մակբեթ», բայց ավաղՙ արդեն ուշ է:
- Ասում են անփոխարինելի մարդիկ չկան, ո՞ւմ եք տեսնում ձեզ փոխարինող:
- Հիմա շատ երիտասարդ ռեժիսորներ կան ու շատ շնորհալի, այնպես որ, հանգիստ եմ այդ առումով:
- Այժմ ի՞նչ գործի վրա եք աշխատում:
- Վիգեն Ստեփանյանի հետ բեմադրում եմ Պերճ Պռոշյանի «Հացի խնդիրը», ըստ Ռուբեն Հովսեփյանի բեմականացման: Շուտով կլինի այդ ներկայացման առաջնախաղը: Երանի թե հաջորդ թատերաշրջանը բացենք թատրոնի հիմնական շենքում, այդ ժամանակ հանգիստ կարող եմ դիրքերս զիջել...
Հարցազրույցը վարեց ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԸ