Օրերս Ծաղկաձորում մեկնարկեց Լ. Ենգիբարյանի անվ. մնջախաղի միջազգային 3-րդ փառատոնը, որն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո, Մշակույթի նախարարության, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման եւ Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:
Փառատոնը տեղի է ունենում արդեն երրորդ անգամ, որի շրջանակում կազմակերպվեցին վարպետության դասեր, կայացավ «2 Լեոնիդ 2» ֆիլմի ցուցադրությունը եւ Լեոնիդ Ենգիբարյանի արձանի հանդիսավոր բացումը: Նշենք, որ բրոնզաձույլ արձանի հեղինակն է Դավիթ Մինասյանը , որն «Ազգ» -ի հետ զրույցում ասաց. «Երբ ինձ առաջարկեցին ստեղծել Լ. Ենգիբարյանի արձանը, ես հաշվի չառնելով ժամկետըՙ մեծ հաճույքով համաձայնեցի, քանի որ նման թեմայից դժվար է հրաժարվելը: Թեման թելադրում է շարժում, եւ երբ քանդակում ես Ենգիբարյան, ապա հասկանում ես, որ արձանը ստատիկ, ուղիղ կանգնած չպետք է լինի, այդ իսկ պատճառով ես ընտրեցի իր «Թռիչք անձրեւանոցով» մանրապատումը»:
Նշենք, որ արձանը պատրաստվել է ընդամենը 40 օրում: Իսկ Լ. Ենգիբարյանի անվ. մնջախաղի միջազգային փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը «Ազգ» -ի հետ զրույցում հույս հայտնեց, որ արձանը կսիրվի ժողովրդի կողմից. «Այն ծաղկաձորյան միջավայրում տեղին արձան ստացվեց, որը լավ նվեր է ե՛ւ քաղաքին, ե՛ւ մեզ բոլորիս»: Անդրադառնալով փառատոնի այս տարվա առանձնահատկություններին, Ժ. Դադասյանը կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ բոլորը մեդալներ են ստանալու եւ դառնալու են մեդալակիր:
Հավելենք, որ արձանի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արձանը Ծաղկաձորում տեղադրելու նախաձեռնության հեղինակ, Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը :
Փառատոնին մասնակցում էր շուրջ 6 երկիր` Հայաստան, Դանիա, Լեհաստան, Իտալիա, Ճապոնիա, Ղազախստան, որոնք իրենց ներկայացումներով տոնի էին վերածում Ծաղկաձորում գտնվող հանրության առօրյան:
«Ազգ» -ը զրուցեց իտալացի դերասան Մատեո Չիոնինի հետ, որի կարծիքով փառատոնը շատ լավ է կազմակերպված: Նա ասաց, որ այս փառատոնի դրական կողմն այն է, որ ինտելեկտուալ է. «Եվրոպայում կան մի շարք փառատոներ, օրինակ Ֆրանսիայում, Լոնդոնում, սակայն դրանք հիմնականում ժամանցային են, քիչ են ինտելեկտուալ փառատոները»: Մատեո Չիոնինին ընդգծեց, որ փառատոնը շատ կարեւոր էր իր համար, քանի որ սա հիանալի առիթ է ցուցադրելու իր աշխատանքները Ասիայում»: Ճապոնացի դերասան Մակուտո Ինոուեն , որն արդեն եղել էր Հայաստանում, «Ազգ» -ի հետ զրույցում նշեց, որ իր համար սա միջազգային լավագույն փառատոնն է:
Նշենք, որ մնջախաղի փառատոնը հիմնադրվել է 2008թ. եւ անցկացվում է Ծաղկաձորում երկու տարին մեկ, եւ 2010թ-ից կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը: Մնջախաղի միջազգային փառատոնի նպատակն է հայ արվեստասերներին ներկայացնել արտերկրի լավագույն մնջախաղի թատերախմբերին եւ անհատ մնջախաղացներին:
Փառատոնյան շաբաթվա ընթացքում հանդիսականի բուռն ծափողջույններին արժանացան «Միմ» ստուդիոն` «Ֆիլմ, Ֆիլմ, Ֆիլմ» ներկայացմամբ եւ Երեւանի մնջախաղի թատրոնը` «Շրջանակից դուրս» իմպրովիզացիոն միմոդրամայով: Գլխավոր հերոսուհի Նարինե Գրիգորյանը առաջին անգամ էր մասնակցում Մնջախաղի փառատոնին: Նա «Ազգ» -ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես ստեղծվեց իմպրովիզացիոն միմոդրաման` ըստ նրա այն ամենաբարդ գժությունն էր, որ կարող էր անել. «Դուրս գալով բեմ, չգիտես, թե ինչ ես անելու` ինչպես օրը, հանդիսատեսը կտրամադրի, այդպիսի ավարտ էլ կունենա ներկայացումը»: Կիսվելով փառատոնի տպավորություններով Ն. Գրիգորյանը նշեց, որ շատ էր անհանգստանում, քանի որ ըստ նրա բարդ է մատուցել ներկայացումն այն հանդիսատեսին, որը եկել է հանգստանալու. «Շատ բարդ է թատրոնը շենքից հանել, սակայն, մյուս կողմից, թատրոնն այսօր շատ ակտիվ պետք է լինի եւ ինքը պետք մտնի հանդիսատեսի մեջ»:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ