Ինչպես «Ազգին» տեղեկացրեց «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպությունը, միջազգային ԻԿՕՄՕՍ-ը Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետզհետե ուժգնացման կապակցությամբ տարածել է հաղորդագրություն` միջազգային մշակութային հանրությանը կոչ անելով միավորել ջանքերը Հալեպի մշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ:
Հալեպ քաղաքը 1986 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում` որպես հարուստ մշակութային բազմազանությունների եւ չընդմիջվող հաջորդական բնակեցումների վկայություն: Այն 12-րդ դարի բացառիկ էյուբյան քաղաքներից է` ռազմական ամրաշինություններով, որոնք կառուցվել են խաչակիրների դեմ Սալահեդդինի հաղթանակից հետո:
Հիշեցնելով Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիան (Հաագա, 1954 թ.), ԻԿՕՄՕՍ-ը զինված ընդհարման մեջ ներգրավված բոլոր կողմերին կոչ է անում հարգանք դրսեւորել ու պաշտպանել Հալեպի մշակութային ժառանգությունը:
Հալեպի մշակութային ժառանգության պաշտպանության կոչով հանդես է եկել նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ն:
Սիրիական ընդհարման հենց սկզբից Սիրիայի մշակութային ժառանգության միջազգային պաշտպանության դիմումներով հանդես է եկել նաեւ «Կապույտ վահան» միջազգային կոմիտեն` կոչ անելով պաշտպանել այս երկրի անգնահատելի մշակութային ժառանգությունը:
Մ. Մ.