«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2012-07-27 | #137, 2012-07-28 | #138, 2012-08-15


ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻՑ ՀԻՆԳ ՐՈՊԵ ՊԱԿԱՍ

Կարդացեք որպես ժամանց, բայց մտորելն էլ չի խանգարի

Ոչ մի տեղ չմեկնելու մեջ դրական պահ որոնելով` արձակուրդիս ընթացքում բավական փորփրեցի ինտերնետը, ու պարզվեց, որ անծայրածիր ինտերնետում մի իսկական հիստերիա է մի քանի թեմաների շուրջը: Դրանցից, կարելի է ասել, ամենահիստերիկը աշխարհի վերջի թեման է, որ շաբաթ շաբաթվա վրա նոր նրբերանգներ է ձեռք բերում, քանի որ թեմային զուտ սպորտային հետաքրքությունից ելնելով եթե գոնե մեկ տարի մարդ հետեւած լինի, այժմ կգտնի նոր ուղղվածության եւ ինֆորմացիոն հոսքի փոփոխություն` առաջինի մասով ավելի ու ավելի անըմբռնելի թիրախներ եւ նպատակներ են դրվել թեմայի մեջ, երկրորդի մասով` թեմայով հետաքրքվողին պարզապես փորձում են ինֆորմախեղդ անել` ձեռքի հետ զանազան վախեր ներշնչելով: Երկրորդ հիստերիան համաշխարհային կառավարության եւ նոր աշխարհակարգի ստեղծման հնարավորության շուրջն է, որն, ի դեպ, էլի տարբեր ֆիլմերում կապվում է նոր տիեզերական ժամանակի անցնելու (Ձկներից Ջրհոսին անցնելու) եւ գլոբալ փոփոխությունների ու էլի աշխարհի վերջի հետ: Երրորդ թեման կամ գուցե ամենաառաջին (քանի որ այս թեմայի հենքով են մյուս բոլոր ենթաթեմաները զարգացվում) 3600 տարին մեկ ձգված ուղեծրով Երկրին մոտեցող Նիբիրու մոլորակի պատմությունն է, որտեղ իբր ապրում են մեզ սկզբնավորող անունակները, որոցից սկիզբ է առել մարդկության վերջին սերունդը` ստեղծվել է մարդը, որի սերունդների մի մասը հետո խառնվել է երկրի վրա մնացած անունակ-վիշապազուններին, նրանց հետնորդներն իբր շումերներն են, որոնցից էլ սկիզբ են առել մյուս քաղաքակիրթ ազգերը: Մի խոսքով, հեքիաթըՙ հեքիաթ, բայց ինչ հեքիաթ, եթե նրա տակ ռացիոնալ հատիկ չլինի. ահա եւ հարյուրավոր տեսաֆիլմեր դիտելով` փորձում էի հասկանալ, թե ինչո՞ւ են ստեղծվում դրանք, բացի խաղարկայինից` ի՞նչ նպատակներ են հետապնդում, եւ վերջապես ինչին են ուզում նախապատրաստել մարդկությանը դրանց ստեղծողները: Բայց որ նախապատրաստում են` դա հստակ է, որովհետեւ այդ ֆիլմերի ստեղծման մասշտաբները ենթադրում են հսկայական ֆինանսական ներդրումներ (որոնք բիզնես շահը չեն կարող հակակշռել) եւ հզոր պատվիրատուներ, իսկ դա հենց այնպես չի լինում:

Շատ չտանջելով` միանգամից մի քանի առանցքային ենթաթեմաներ փոխանցենք ընթերցողին, որը հազիվ թե մեր համբերությունն ու ժամանակն ունենա` ինտերնետի անծայրից ջոկջկելու եւ նայելու հարյուրավոր կիսագիտական, կեղծ եւ իրական գիտական ֆիլմեր եւ պեղելու` ինչո՞ւ են ուզում մարդկանց հիմարացնել կամ այս կամ այն ինֆորմացիան փոխանցել, ենթատեքստը ո՞րն է: Իսկ դրանք իմանալու իրավունք սովորական հայն ունի, քանի որ ապրում է ժամանակակից աշխարհում, բա չիմանա՞ գլխին գալիքը: Եվ մենք մասամբ նրա այդ իրավունքն իրացնենք` բոլոր ենթաթեմաների տանող գաղափարները ներկայացնելով առանց հատկապես տարանջատելու:

Դե նախ Նիբիրուն իբր Երկրին է մոտենալու այս տարվա դեկտեմբերի 21-ին կամ 23-ին (միանգամից ասենք` մարդկությանն անհիշելի ժամանակներից տարբեր շահեր հետապնդելով վախեցրել են, սա միլիոն ֆիլմի թեմա է, սրա մասին մյուս թեմաների համեմատ շատ գրվեց ու խոսվեց, ուղղակի հետաքրքրական են հեղինակների նկարագրած հանգուցալուծման տարբեր սցենարները. ըստ դրանց` երկրի բեւեռներն այս մոլորակի ազդեցությամբ կարող են տեղափոխվել, որը կհանգեցնի մարդկության մեծ մասի կորստյան: Կսկսվեն երկրաշարժեր, ցունամիներ եւ այլ արհավիրքներ (ընդ որում` այս եւ անցած տարվա մեջ արդեն տեղի ունեցած երկրաշարժերը եւ ցունամիները գրանցվում են Նիբիրուի հաշվին), ինչին մարդկությունը կարող է եւ իր թվաքանակի մեծ մասով չդիմակայել: Սակայն առավել միֆական սցենարները խոսում են այն մասին, որ եկվոր մոլորակի բնակիչներին` անունակներին (նկատում եք մեր «անուն» բառի հետ զուգահեռը, ասենք` անունով մարդ) ավելի շատ մեր երկրագնդի ոսկին է պետք, քանի որ նրանց մոլորակում ոսկու փոշով են պատում մթնոլորտային շերտը, այլապես այդ մոլորակը կզրկվի մթնոլորտից եւ նրա բնակիչները ստիպված կլինեն ապրելու նոր մոլորակ որոնել: Մի ֆիլմում անգամ խոսվում է այն մասին, որ անունակների երկրային սերունդների կամ աստվածների մասին վկայություններ են պահպանվել` արձանների ձեւով ու... պատկերացնում եք, տվյալ ֆիլմում ցուցադրում էին Նեմրութի հայ հեթանոսական (Կոմագենեի) աստվածների արձանների պահպանված գլուխները: Դե մի խոսքով` անունակները համարյա թե մենք ենք (եթե ողջ այս հիստերիայի կոմիզմը դիտարկենք)` ցուցադրում էին հայ աստվածների արձանները, անվանումն էլ հայկական արմատ է պարունակում:

Ֆիլմերից մեկը (նկատի ունեցեք` այդ ֆիլմերը գիտական կոչվելու հավակնություն ունեն եւ ոչ թե ֆանտաստիկայի ժանրի մեջ են, ու երբեմն խոսեցնում են տարբեր գիտամերձ մարդկանց) լուրջ-լուրջ պնդում էր, որ այսօր ողջ աշխարհի վրա իշխում են անունակներից եւ սովորական մարդուց սերված ռեպտիլոիդների (վիշապազունների) սերունդները` իլյումինատները, որոնք գենային գիշատիչներ են, քանի որ նրանք խառնվում են սովորական մարդկանց եւ տարածում իրենց գենետիկ կոդը: Ու նրանք ներդրված են աշխարհի մեծ պետություններում կառավարող դինաստիաների մեջ` եւ դարերով արդեն իրականանացնում են համաշխարհային կառավարում կամ անգլիացի ժամանակակից գրող Դեվիդ Այքի այսպես կոչված «դավադրության տեսությունը»: Անգլոսաքսոնական ծագմամբ այս դինաստիաների` ողջ աշխարհում կառավարող սերունդները հարազատական իբր կապով կապված են միմյանց հետ, անգամ Հիտլերը նրանց ազգակիցը եւ այդ գենետիկ կոդը կրողն է եղել: Նրանք ունեն կապույտ արյուն, որը պայմանավորված է վիշապազուններից անցած արյան մեջ պղնձի համեմատաբար մեծ պարունակությամբ: Այդ երեքհարյուրից ավելի գերդաստաններին ու դինաստիաներին են պատկանում աշխարհի ոսկին, նավթը, բանկերը, ինֆորմացիոն միջոցները (որոնցով ծածկում են իրական ինֆորմացիան եւ տարբեր փորձեր իրականացնում մարդկանց զանգվածային գիտակցության մեջ): Նրանք են նշանակում (արտաքնապես իբր ընտրությունների միջոցով) մեծ պետությունների կառավարություններին եւ նախագահներին, պատերազմ սկսում, իրականացնում այս կամ այն համաշխարհային ծրագիրը, որոշում պետությունների ճակատագիրը: Նույն այս կառուցվածքների մաս են աշխարհի հայտնի մասոնական օթյակները: Նրանք առայժմ թաքնվում են եւ թաքցնում իրենց գլխավոր նպատակը, այն է` համաշխարհային նոր կարգի ստեղծումը, երբ աշխարհը բացահայտորեն կկառավարվի մեկ կենտրոնից, սակայն գաղտնապես այդ կառավարումն արդեն իրականացվում է, նրանց նշանները համարյա թե բացահայտ ամենուր են. վիշապի աչքն ամենուր է` մեկդոլարանոցի վրա, բազմաթին առանցքային միջազգային կազմակերպությունների խորհրդանիշներում, ձեռքի մատների միմյանց հասկանալի նշանների մեջ, որ իրենց հրապարակային ելույթների ժամանակ օգտագործում են աշխարհի առանցքային դեմքերը, եւ այլն: «Մենք հավատում ենք աստծուն»` բոլորովին ոչ իր տեղում արված այս գրառումը ամերիկյան դոլարի վրա արդյո՞ք չի նշանակում այլ, իլյումինատների աստծո մասին հիշեցում, կասկածում են այս մասին պատմող տեսանյութերի հեղինակները, որովհետեւ ո՞վ է արդյոք կասկածում աստծո գոյությանը, որ դոլարն այդ մասին հիշեցնում է, եւ ո՞վ է այդ «Մենքը»: Իլյումինատների նպատակը անընդհատ քաոսի ստեղծումն է աշխարհի տարբեր կետերում` իրենց գերիշխանությունը պահելու, իրենց տնտեսական եւ բոլոր տեսակի այլ շահերը անվթար հետապնդելու համար` աշխարհի տաք, վեճեր ունեցող կետերում կամ ժողովրդավարության հաստատման անվան տակ: Ի վերջո առաջանում է հարցը` ո՞րն է գլխավոր նպատակը: Պարզվում է` մարդկության թիվը: Աշխարհի բնակչությունը հասել է յոթ միլիարդի, եթե բնական աճը ոչ մի կերպ չկառավարվի, ընդամենը քսան տարի հետո մարդկությունը կարող է ավելանալ եւս մեկ-մեկուկես միլիարդով: Աշխարհի ռեսուրսները, հատկապես խմելու ջուրն ու նավթը արդեն մոտակա տասնամյակներում կարող են սպառվել, ահա եւ իլյումինատները ունեն մեկ սեւեռուն գաղափար` երկրագնդի վրա թողնել ընտրյալների ոսկե մեկ միլիարդը: Հիշեցի՞ք Հիտլերին: Որոշ ֆիլմեր առաջ են անցնում` նշելով, թե այս համաշխարհային կառավարիչները կապ ունեն արտերկրյա իրենց կառավարիչների հետ եւ ոսկին մատակարարում են նրանց, փոխարենը ստանալով նորանոր զարգացած տեխնոլոգիաներ եւ դրանց միջոցով պահելով իրենց գերիշխանությունը: Աշխարհն այդ իմաստով զարգանում է մեծ քայլերով, սակայն դա միայն ամրապնդում է իշխող երեքհարյուրի դիրքերը` ողջ մարդկության չիպավորումը, որ առայժմ անձնագրավորման միջոցով է արվում, շուտով պետք չի լինի, քանի որ աշխարհի հայտնի ուղեղի ինսիտուտները այժմ մշակում են այնպիսի հնարավություն, որի գործելու դեպքում լարային ինտերնետն ընդհանրապես հնացած կլինի, բարձր հաճախականություններ օգտագործելով հնարավոր կլինի մի կենտրոնից կապ պահպանել յուրաքանչյուր մարդու ուղեղի հետ, նրան հրահանգներ փոխանցել, ինչպես մի համակարգչի, հանձնարարություններ տալ եւ մղել կատարելու այն, ինչ կենտրոնն է ուզում:

Ֆանտաստիկայի ժանրի՞ց է, գուցե: Սակայն ընդամենը հիշեցնենք, որ քսան տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել այսօր գոյություն ունեցող շատ բան:

Նշենք, որ ֆիլմեր կան, որոնք ռեպտիլոիդների եւ հողածին մարդկանց մշտական հակամարտության բազմաթիվ ապացույցներ են բերում անցյալից` լեգենդներ, պատմական անցքեր: Ըստ տարբեր ժողովուրդների` ոսկին եւ գանձերը սովորաբար վիշապները կամ օձերն են պահպանում` սա հիշողություն է իբր վիշապազունների` երկրագնդից ոսկու մշտական հավաքագրման փաստի: Ու լեգենդներում սովորաբար վիշապին գլխատում եւ հաղթում է այս կամ այն ժողովրդի հերոսը, ինչը խոսում է մարդկանց եւ ռեպտիլոիդների անցյալ հակամարտությունների մասին: Լեգենդները, ապացուցված է, դատարկ տեղում չեն ստեղծվում: Ռեպտիլոիդների հայտնի սիմվոլներից մեկը վիշապն է` բերանում երեխա, որն, ի դեպ, անցյալից եկող շատ պատկերներում կա, սակայն առավել գերիշխող պատկեր է անցյալի վկայություններում սպանված վիշապի վրա ոտքը դրած հերոսի սիմվոլիկան:

Կամ` սիրուն աղջիկներ պահանջող վիշապի մասին հեքիաթներ բոլոր ժողովուրդներն ունեն, իբր ուզում էր` ուտելու համար: Սակայն ֆիլմերում առավել հավանական է համարվում մարդու դստեր առեւանգումը` սերունդ ունենալու նպատակով, սա էլ համարվում է վիշապազունների սերնդի ստեղծման ապացույց, քանի որ այն ամրոցներում ու բնակավայրերում, ուր ըստ լեգենդների ապրել են վիշապները, մարդկային ոսկորներ չեն հայտնաբերվել (օրինակ` լեգենդար Դրակուլա Արակուլի պալատում կամ նրա հարակից տարածքում որոնումները մարդկային ոսկորներ չեն հայտնաբերել, ինչը պետք է լիներ, եթե վիշապը աղջիկ կուլ տար):

Կամ հայտնի է, որ մարդու էմբրիոնը սկզբնական փուլում վիշապի տեսք ունի, հետ զարգանալով` նա առավել մարդկային տեսք է ստանում, սա եւս այս գաղափարի կողմնակիցները ապացույց են համարում:

Իշխող իլյումինատների ստեղծած քաոսի թվում ֆիլմերում հիշվում է ե՛ւ արաբական աշխարհում վերջին մի քանի տարում կատարվողը, եւ Աֆղանստանի դեպքերն ավելի վաղ, եւ Սիրիայի այժմվա քաոսը: Նշվում է, որ ոսկին աշխարհում օր օրի պակասում կամ անհետանում է, իսկ դոլարն ամրագրված չէ ոսկով, պարզապես ոսկի չկա: Ժամանակ առ ժամանակ ոսկին մարդկանցից եւ պետություններից հավաքելու նոր ձեւեր են մտածում իշխող դինաստիաները, պատերազմներով, հնարամիտ մանիպուլյացիաներով, օրենքներով եւ այլ ձեւերով, իսկ թե հետո ինչ է արվում այդ ոսկու հետ` վերը նշված ենթադրությունների մակարդակում է: Սակայն զուգահեռ նպատակը մարդկանց թվի մեթոդական կրճատումն է` էլի զանազան ձեւերով: Ասենք, որ ֆիլմերը, բացի պատեազմներից, մարդկության թիվը նվազեցնելու մեկը մեկից սարսափելի միջոցներ են նկարագրում, որոնք իբր մտմտում եւ իրականացնում են ռեպտիլոիդ դինաստիաները: Ըստ այդ ֆիլմերի` սպիդի եւ թռչնի գրիպի վիրուսներն արհեստածին են, եւ առաջինը հատկապես ուղղված է աֆրիկացիների դեմ, քանի որ աշխարհի վերջի մոտենալու հետ նրանց հատկապես հարկավոր է Աֆրիկան, որն ամենից անվտանգ ու ծաղկող մայրցամաքն է լինելու հետագայում: 1981- 2006 թթ. 25 մլն մարդ է մահացել սպիդից, այժմ 35 մլն մարդ վարակված է սպիդով: Ասվում է, որ պարտադիր պատվաստուկներ, ընդհանրապես` դեղամիջոցներ արտադրելիս (այս բիզնեսը նույնպես այդ դինաստիաների ձեռքում է ողջ աշխարհում) այնպիսի նյութեր են խառնվում, որոնք ամրացնելու փոխարեն թուլացնում են մարդու իմունային համակարգը, գենային մակադակով փոփոխությունների բերում` նայած որ երկիր ինչի համար նախատեսված պատվաստուկներ կամ դեղամիջողներ են ուղղորդվում: Ասենք, հղիությունից պաշտպանող միջոցների մեջ կարող են լինել անպտղություն առաջացնող նյութեր, այս եւ այլ սարսափազդու պնդումներ կան այս ֆիլմերում: Մարդկության անցանկալի հատվածին վերացնելու նոր վիրուսներ են մշակվում անընդհատ: Գոյություն ունեն ազդեցության նոր միջոցներ` փսիխոգեներատորներ, որոնք օգտագործվում ենՙ ասենքՙ զանգվածային բողոքի ցույցերի կամ այլ միջոցառումների ժամանակ, այդ միջոցները առաջացնում են առաջին հայացքից անհասկանալի եւ չհիմնավորված ագրեսիա, սպանելու մղում: Ընդհանրապես` մարդկանց զանգվածային մտածողությունն ուղղորդող կամ փոխող ամենատարբեր նոր միջոցներ են հայտնագործվել` ընդհանուր փսիխոգեներատորներ անվամբ: Ընդ որում` ապացույցների թվում բերվում են ինքնասպանությունների սեւեռուն գաղափարների այժմվա մեծ թիվը, արաբական պատերազմներում առկա առանձնակի ու կարծես չհիմնավորված դաժանությունը, ընդ որում` միջոցներից է նաեւ արաբական խժդժությունների մասին կեղծ տեղեկատվության տարածումն աշխարհի առաջատար հեռուստաալիքներով, չեղած ագրեսիայի ցուցադրումը, որը պատճառ է դառնում պատասխան ագրեսիայի համար:

Վերջը` հաջորդ համարում

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4