«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2012-07-27 | #137, 2012-07-28 | #138, 2012-08-15


ՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՅՔԱ՞Ր, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Հայկական սպորտի ղեկավարության լավատեսությունը չիրականացավ

Ավարտվեց համաշխարհային սպորտի հերթական ստուգատեսըՙ Լոնդոնի ամառային 30-րդ օլիմպիադան: Աշխարհի 204 երկրներից Լոնդոն ժամանած մարզիկները վիճարկեցին մեդալների 304 հավաքածու: Օլիմպիական պարգեւները բաժին հասան 85 երկրների մարզիկների: Մեդալների ամենահարուստ հավաքածուն ԱՄՆ-ի հավաքականինն է, որը նվաճեց 46 ոսկե, 29-ական արծաթե եւ բրոնզե պարգեւներ: Ընդհանուր առմամբ ամերիկացի մարզիկները 104 մեդալ նվաճեցին եւ այդ ցուցանիշով զգալիորեն գերազանցեցին 2-րդ տեղը գրաված Չինաստանի հավաքականին, որի հաշվին 88 մեդալ կա (38 ոսկե, 27 արծաթե, 23 բրոնզե): 82 մեդալ նվաճեցին Ռուսաստանի պատվիրակները (24, 26, 32), որոնք ոսկե մեդալների քանակով ընդհանուր հաշվարկով 3-րդ տեղը զիջեցին Մեծ Բրիտանիայի հավաքականին, որը 29 օլիմպիական չեմպիոն ուներ:

Լոնդոնում հանդես եկած Հայաստանի 24 մարզիկները նվաճեցին մեկ արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Ընդհանուր հաշվարկով Հայաստանը գրավեց 60-րդ տեղը: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի մարզիկներն արժանացան 2-ական ոսկե եւ արծաթե ու 6 բրոնզե մեդալներիՙ զբաղեցնելով 30-րդ տեղը: Իսկ վրացիների հաշվին կա մեկ ոսկե, 3-ական արծաթե եւ բրոնզե մեդալ: Վրաստանը 39-րդ տեղում է:

Լոնդոնում հանդես եկած հայ օլիմպիականներից բոլորից հաջող հանդես եկավ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանըՙ նվաճելով արծաթե մեդալ: Բրոնզե մրցանակակիրներ դարձան ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եւ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը, որն առաջինն էր, որ մեդալ պարգեւեց Հայաստանին:

Ի՞նչ գնահատական կարելի է տալ մեր մարզիկների ելույթներին: Պեկինի օլիմպիադայում մեր մարզիկները 6 բրոնզե մեդալ էին նվաճել: Թեեւ Լոնդոնում հաջողվեց մեկ արծաթե մեդալ նվաճել, սակայն կարծում ենք, որ 4 տարի առաջ մեր մարզիկների ելույթն ավելի հաջող էր: Եվ մեդալների քանակն էր ավելի շատ, եւ ակնհայտ ձախողումներ չեղան, որի տխուր ականատեսը դարձանք մեր ծանրորդների ելույթների ժամանակ:

Հարկ է խոստովանել, որ Լոնդոնում մեդալների հիմնական ակնկալիքներ ունեինք ծանրորդներից եւ ըմբիշներից: Մեր օլիմպիական գլխավոր հույսը ծանրամարտի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանն էր, որից մարզասերները ոսկե մեդալ էին ակնկալում: Մարզիչների հավաստմամբ, Տիգրանը հիանալի մարզավիճակում էր, նույնիսկ աշխարհի ռեկորդին մոտ ծանրություններ էր բարձրացնում մարզումների ժամանակ: Եվ հանկարծ օլիմպիադայի մեկնարկից առաջ նա լուրջ վնասվածք է ստանում ու զրկվում մրցահարթակ դուրս գալուց: Այդ լուրը շատ վշտացրեց մարզասերներին, նաեւ տարբեր ենթադրությունների ու ասեկոսների առիթ տվեց:

Ինչեւէ, մնում էր հուսալ, որ մեր մյուս փորձառու ծանրորդներն իրենց ծանրակշիռ խոսքը կասեն: Սակայն Առաքել Միրզոյանը, Մելինե Դալուզյանն ու Արա Խաչատրյանը պարզապես խայտառակ ելույթ ունեցանՙ չկարողանալով բարձրացնել նախնական քաշը: Դժվար է ասել, թե որն է նման ձախողման բուն պատճառըՙ վատ մարզավիճա՞կը, հոգեբանական անբավարար պատրաստությո՞ւնը, թե՞ այլ հանգամանք: Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ փորձեցին քաղաքական ենթատեքստ որոնել այդ ձախողումներում, գտնելով, որ ծանրորդները պարզապես բոյկոտեցին մրցումները:

Չպետք է անտեսել մի կարեւոր հանգամանքՙ մրցակցային փորձի առկայությունը: Ցավոք մեր ծանրորդների մոտ այդ փորձի զգալի պակաս կար: Նրանցից ոչ մեկը չէր մասնակցել այս տարվա ապրիլին կայացած Եվրոպայի առաջնությանը, Առաքել Միրզոյանը նույնիսկ Հայաստանի առաջնությունում մրցահարթակ դուրս չէր եկել: Մարզիչները վախենում էին, որ մինչեւ օլիմպիադա ծանրորդները իբր չեն հասցնի վերականգնել ուժերը: Դեռեւս անցյալ տարի Փարիզում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեր ծանրորդների ձախողումը պետք է լուրջ ահազանգ լիներ: Այն ժամանակ մարզիչները հավաստիացնում էին, որ օլիմպիական խաղերում պատկերը լրիվ այլ կլինի, անպայման մեդալներ կնվաճեն: Պարզերես արեց միայն Հռիփսիմե Խուրշուդյանը, որն անձնական քաշով զգալիորեն զիջելով իր հիմնական մրցակցուհիներին, կարողացավ բրոնզե մեդալակիր դառնալ:

Օլիմպիական խաղերը դեռ նոր են ավարտվել եւ մեր մարզիկների ելույթների վերլուծությունը մասնագետներն ու մարզիչները կկատարեն: Իսկ առայժմ կարելի է փաստել, որ Լոնդոնում ավելի հաջող հանդես գալու մեր մարզաշխարհի պատասխանատուների լավատեսությունը չիրականացավ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4