«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2012-07-27 | #137, 2012-07-28 | #138, 2012-08-15


ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԿԱՇԽԱՏԵՆՔ ՈՐՈՇԵԼ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՊՏԻՄԱԼ ԿԱԶՄԸ»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր «Հանրապետական» մարզադաշտում ընկերական մրցախաղ կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ: Խաղը կսկսվի ժամը 20-ին: Այդ հանդիպումը Հայաստանի հավաքականի համար կլինի վերջին փորձամրցումը սեպտեմբերի 7-ին Մալթայի հավաքականի հետ կայանալիք ընտրական մրցախաղից առաջ:

Օգոստոսի 13-ից ազգային հավաքականն Ավանում կարճատեւ ուսումնամարզական հավաք է անցկացնումՙ նախապատրաստվելով այսօրվա հանդիպմանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքական է հրավիրել 20 ֆուտբոլիստի: Խաղի նախօրեին Վարդան Մինասյանը հանդիպեց լրագրողներին:

Գլխավոր մարզիչը նշեց, որ հանդիպման նախապատրաստությունն անցնում է ծրագրին համապատասխան: Հրավիրվել են այն ֆուտբոլիստները, որոնք ներկա պահին լավ մարզավիճակում են: Վնասվածքի պատճառով հավաքական չեն հրավիրվել դարպասապահ Գեւորգ Կասպարովն ու հարձակվող Էդգար Մանուչարյանը, իսկ Ռոբերտ Արզումանյանի եւ Վարազդատ Հարոյանի բացակայության պատճառը նրանց վատ մարզավիճակն է: Նորայր Մամեդովն անձնագրի հետ կապված խնդիր ունի: Մինասյանը ցանկանում էր հավաքական հրավիրել նաեւ «Բանանցի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանին, սակայն որոշեց այս անգամ նրան թողնել երիտասարդական հավաքականի տրամադրության տակ:

Գլխավոր մարզիչը նշեց, որ լավ ուսումնասիրել է Բելառուսի հավաքականի խաղաոճը, որը շատ նման է ընտրական մրցաշարում մեր մրցակիցներից Բուլղարիայի ընտրանու խաղաոճին, թեեւ բուլղարացիներն իրենց խաղամակարդակով ավելի բարձր են: Առաջիկա խաղում հավաքականի հիմնական խնդիրը կլինի այն ֆուտբոլիստների խաղային որակների վերջնական ստուգումը, որոնք հանդես են գալու Մալթայի հետ ընտրական մրցախաղում: Ուստի ավելի շատ կենտրոնանալու են մեր խաղի վրա, մշակելու են առաջիկա ընտրական մրցախաղի մարտավարությունը:

Լրագրողների մոտ որոշ տարակուսանք է առաջացրել, որ երիտասարդական հավաքականի մի քանի առանցքային ֆուտբոլիստներՙ Արտակ Եդիգարյանը, Տարոն Ոսկանյանը եւ Կամո Հովհաննիսյանը հրավիրվել են ազգային հավաքականի ընկերական հանդիպմանը, մինչդեռ Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր Ուելսում ընտրական կարեւոր մրցախաղ է անցկացնելու տանտերերի հետ:

Վարդան Մինասյանը պարզաբանեց, որ առաջնահերթն ազգային հավաքականն է, իսկ երիտասարդականի հիմնական խնդիրն ազգային ընտրանու համար ֆուտբոլիստներ պատրաստելն է: Բացի այդ էլ, երիտասարդական հավաքականը գրեթե հնարավորություն չունի հաջորդ փուլ մտնելու: Եթե նման հնարավորություն լիներ, գուցե այդ ֆուտբոլիստներին տրամադրեին Ռաֆայել Նազարյանին:

Խոսք գնաց նաեւ Սոլիգորսկի «Շախտյորի» կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանի մասին, որին Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Գեորգի Կոնդրատեւն ընդգրկել է իր թիմի կազմում: Վարդան Մինասյանը նշեց, որ ինքը լավ ուսումնասիրել է նրա խաղը, մոտ 10 հանդիպման տեսագրություն է դիտել: Սկզբում գիտեր, թե նա աջ պաշտպան է, որի կարիքը մեր հավաքականում զգացվում է: Սակայն խաղերը դիտելիս պարզվեց, որ Խաչատուրյանը գործում է հենակետային կիսապաշտպանի գոտում: Այսօր հավաքականում այդ դիրքի համար 6 ֆուտբոլիստ ունենք, ուստի 7-րդին հրավիրելու կարիք չկա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4