Աթենքում ավարտին է մոտենում շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են հայաստանցի 4 շախմատիստներ:
Տղամարդկանց մրցաշարում հաջող է հանդես գալիս մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, որը 11 տուրից հետո վաստակել է 8,5 միավոր: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Ալեքսանդր Իպատովին եւ Ռիչարդ Ռապորտին:
Սամվելը 3 անընդմեջ հաղթանակներով մեկնարկեցՙ պարտության մատնելով Ջուզեպե Լեյվային, Դիպթայան Գոշին եւ Ալեսիո Վալսեչիին: Հետագայում նա հաղթանակներ տոնեց նաեւ Յի Վեի, Դաս Դեբաշիսի ու Կոնրադ Հոլթի նկատմամբ, մյուս 5 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի: 12-րդ տուրում Սամվելը մրցելու է առաջատարներից մեկիՙ Ռիչարդ Ռապորտի հետ:
Տղամարդկանց մրցաշարի մեր մյուս 2 մասնակիցներըՙ Կարեն Գրիգորյանն ու Վահե Բաղդասարյանը վաստակել են 7-ական միավոր:
Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնող Շուշանիկ Սարգսյանը 11 հնարավորից վաստակած 5,5 միավորով 36-րդ տեղում է: Շուշանիկը տոնել է 4 հաղթանակ, կրել է նույնքան պարտություն, 3 պարտիա ավարտել է ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը 8,5 միավորով գլխավորում է պերուացի Դեյսի Կորին: 8-ական միավորով նրան հետապնդում են բելառուս Նաստասիա Զիազուլկինան, չինացի Քսյի Գուոն եւ ռուսաստանցի Անաստասիա Բոդնարուկը: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: