Նա, որպես Արեւմուտքի հանձնակատար, արդեն չէր համապատասխանում այդ դերին
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Տարածաշրջանային գերտերություն դառնալու Թուրքիայի երազանքը տասնամյակների վաղեմություն ունի: Նույնը կարելի է ասել նրա հավակնությունների մասին, որոնք առավել ակնառու դարձան վերջին տասնամյակում, երբ Թուրքիայում միանձնյա սկսեց իշխել վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունըՙ որդեգրելով տարածաշրջանի երկրների հետ մերձեցման քաղաքականությունը բոլոր հարեւանների հետ առկա խնդիրները «զրոյականացնելու» դիրքորոշման շրջանակներում:
Սակայն անկախ երազանքի վաղեմությունից եւ հավակնության հետեւողականությունից, գերտերություն դառնալը կախված է որոշակի չափանիշներից: Հավակնող երկիրը նախ պետք է ունենա էներգետիկ անկախություն, ապա զարգացած ռազմարդյունաբերություն, ինչպես նաեւ լինի միջուկային տերություն: Իսկ տարածաշրջանային գերտերություն դառնալու համար անհրաժեշտ է, որ տվյալ պետությունը լինի առանցքային դերակատար, առաջնորդի տարածաշրջանի երկրներին եւ որպես առաջնորդ ճանաչվի տարածաշրջանում:
Թուրքիան էներգետիկ անկախություն չունի, ռազմարդյունաբերությունՙ նմանապես, ոչ էլ միջուկային տերություն է: Ինչ վերաբերում է նրա առաջնորդությանը, ապա այդ հարցին «Ռադիկալի» հուլիսի 8-ի համարում անդրադարձել էր պրոֆ. Բասքըն Օրանը: Ահա թե ինչ է գրում. «Տարածաշրջանային ուժ լինելու գլխավոր նախապայմանը «տվյալ տարածաշրջանում որպես առաջնորդող երկիր» ճանաչվելն է: Տարածաշրջանում կան 3 դերակատարՙ պետություններ, դիմադրության շարժումներ եւ արաբական քաղաքացիական հասարակություն: Նրանք ցանկանո՞ւմ են, որ Թուրքիան դառնա տարածաշրջանային ուժ: Վարչապետ Էրդողանը արաբական իրականության մեջ ամենաժողովրդական գործիչն էր, իսկ մենքՙ մոդել Մերձավոր Արեւելքում: Շատ բարի: Բայց արաբները ինչպե՞ս են մոտենում սրան»:
Մինչ իր իսկ բարձրացրած հարցին պատասխանելը, Օրանը նշում է, որ նախքան «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցութան իշխանությունը իրավիճակը տարածաշրջանում տհաճ էր Թուրքիայի համար: Հիրավի, արաբ ժողովուրդները դարեր շարունակ շահագործվել էին օսմանյան բռնատիրության տակ: Գալով քեմալականների ժամանակակից Թուրքիային, ապա նա երկար ժամանակ հեռու մնաց տարածաշրջանի քաղաքական զարգացումներից: Երբ 1949-ին վերադարձավ, ապա ճանաչեց Իսրայելին: Ավելին, 1955-ին Անգլիայի եւ ԱՄՆ-ի հետ նա կազմավորեց տխրահռչակ Բաղդադի պակտը:
Թեեւ Թուրքիան 1967-ի եւ 1973-ի արաբա-իսրայելական պատերազմների ժամանակ թույլ չտվեց Իսրայելին օգտվելու «Ինջիռլիքի» ռազմաբազայից, 1969-ին միացավ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությանը, 1979-ին արտոնեց Պաղեստինի ազատագրության կազմակերպությանը ներկայացուցչություն բացել Անկարայում, եւ արաբները չմոռացան այս ամենը, սակայն, ինչպես Օրանն է վկայում, գիտեին նաեւ, որ Թուրքիան դրանով փորձում է Կիպրոսի հարցում վայելել արաբական երկրների բարեհաճ վերաբերմունքն ու արտոնյալ գներով նավթ ստանալ:
1980-ական թթ. արաբներին ընդառաջ քայլեր կատարեց վարչապետ Օզալը, որոնց հիմքում էլ «Արեւմուտքում Թուրքիային արժեւորելու համար տարածաշրջանում նրա ազդեցությունն ուժեղացնելու» մտայնությունն էր, ինչին տեղյակ էին արաբները, մանավանդ որ Թուրքիան զուգահեռաբար ռազմական համագործակցության պայմանագրեր էր կնքում Իսրայելի հետ:
Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունը վերանայեց հարաբերությունները տարածաշրջանի երկրների, Իրանի եւ մասնավորապես Սիրիայի հետ: Թուրքիան այս երկրների հետ վերացրեց վիզային ռեժիմը, ազատ առեւտրի համաձայնագրեր ստորագրեց: Դրանցից կարեւորագույնը, ինչ խոսք, Եգիպտոսն է, որը 1998-ին Թուրքիային հաշտեցրել էր Սիրիայի հետ: Արաբական աշխարհում զբաղեցրած տեղն ու դերը գրավելու համար Էրդողանը Գազայի նկատմամբ «հոգատարությամբ» սկսեց նեղել Եգիպտոսին: Նա օգտագործեց վերջինի սերտ հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, միաժամանակ ճնշում գործադրեց, որ բացի Գազայի արտաքին աշխարհ դուրս գալու միակ միջոցը հանդիսացող Ռաֆա սահմանադուռը:
Նման իրավիճակում տրամաբանական է, որ Եգիպտոսը, լինելով մոդել արաբական աշխարհի համար, միանգամայն հակադրվեր Թուրքիայի տարածաշրջանային գերտերության հավակնություններին: Խոսքը Մուբարաքի վարչակարգի մասին է: «Մուսուլման եղբայրների» առաջադրած նորընտիր նախագահ Մուհամմեդ Մուրսին առավել եւս պիտի հակադրվի, որովհետեւ Եգիպտոսում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելուց զատ, որոնք լուրջ ներդրում են ժողովրդավարության ճանապարհին, դեռ հայտարարում է, որ իր տեղակալներից մեկը լինելու է կին, իսկ մյուսըՙ ղպտի, այսինքնՙ քրիստոնյա: Այլ կերպ, նա ասպարեզ է իջնում «չափավոր իսլամի» ինքնատիպ դրսեւորումներով, որոնցով Վաշինգտոնին էր ներկայանում Էրդողանի կառավարությունը:
Խնդիրը սակայն Վաշինգտոնը չէ, այլ դիմադրության շարժումները, որոնցից «Համասը», որքան էլ Էրդողանի կառավարությունը հրաժարվի վերջինին համարել ահաբեկչական կազմակերպություն, ընդ որումՙ Իսրայելին եւ ԱՄՆ-ին հակադրվելու գնով, շարժման ղեկավարներից Խալիդ Մաշալին հյուրընկալի Անկարայում, տարածաշրջանում «Արաբական գարնան» սկզբնավորմանը զուգընթաց պաղեստինյան հիմնահարցում «Համասը» նախընտրեց ապավինել Կահիրեի աջակցությանը եւ անտեսեց Անկարային: Ինչ վերաբերում է «Հզբոլլահին», թեեւ վարչապետ Էրդողանը Լիբանանում հանդիպեց կազմակերպության ղեկավարների հետ, սակայն նրանց առաջնորդ Նասրալլահը անսասան մնաց որդեգրած իրանամետ դիրքորոշման մեջ:
«Համասի» եւ «Հզբոլլահի» այս մոտեցումը ցույց տվեց, որ նրանք չեն վստահում Թուրքիային, ոչ էլ կվստահեն, քանի դեռ վերջինը էապես չի վերանայել իր հարաբերությունները Արեւմուտքի հետ:
Տարածաշրջանի կարեւորագույն երկրորդ երկիրը Սիրիան է: Թուրքիան վերջինի հետ ուներ դեռեւս 1938-ից եկող Ալեքսանդրետի սանջակի խնդիր, 1957-ին սկսեց սպառնալ, ապա առաջացան Եփրատի եւ Տիգրիսի հիմնախնդիրներն ու 1998-ի PKK-ի առաջնորդ Օջալանի շուրջ ծավալվող հակամարտությունը:
«Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, գալով 2002-ին իշխանության, միանգամայն թուլացրեց Սիրիայի հետ լարվածությունը: Մանավանդ, որ քրդերից զատ Թուրքիայի համար խնդիր էր դարձել նաեւ Իսրայելը: Ավելին, Սիրիայի հետ Թուրքիայի մերձեցումը այն աստիճանի էր հասել, որ վարչապետ Էրդողանն ու նախագահ Ասադը ընտանիքներով միասին էին անցկացնում ամառային արձակուրդը: «Արաբական գարունը», սակայն, կտրուկ փոխեց հարաբերությունների ընթացքը: Էրդողանը սկսեց սպառնալ Սիրիայինՙ ամեն կերպ ջանալով Ասադի վարչակարգի տապալմանը, ապաստան տվեց եւ սիրիական սահմանի երկայնքով տեղակայեց ազատ Սիրիայի այսպես կոչված բանակին: Այսպիսով, թուրք-սիրիական մեղրամիսը ավարտվեց կատաղի թշնամանքով:
Այդ ընթացքում մթագնեց տարածաշրջանում Թուրքիայի համար Էրդողանի հակաիսրայելական ելույթներով ստեղծված բարենպաստ մթնոլորտը: Արաբական քաղաքացիական հասարակություններում այդ ելույթներն սկսեցին պայմանավորվել նոր օսմանիզմով, Եվրոմիության աչքում արժեւորվելու եւ ԱՄՆ-ին սիրաշահելու թուրքական նկրտումներում: ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայումը Մալաթիայում վերջնականապես համոզեց արաբներին, որ Թուրքիան չի հեռանա Արեւմուտքից, նա ունի հանձնակատարի կարգավիճակ, հետեւաբար չպետք է առանցքային դեր ստանձնի տարածաշրջանում, ոչ էլ դառնա տարածաշրջանային գերտերություն:
Թուրքիան չի համապատասխանում տարածաշրջանային գերտերության չափանիշներին: Նրա դերակատարումը տարածաշրջանում սահմանափակվում է Արեւմուտքի հանձնակատարությամբ: Առհասարակ հանձնակատարները առաջնորդ չեն դառնում եւ որպես կանոն նրանց առաջնորդության հետ, անկախ միջազգային ուժերի ձգտումներից, ոչ էլ համակերպվում են տարածաշրջանի երկրները: