«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2012-07-28 | #138, 2012-08-15 | #139, 2012-08-16


... ԵԹԵ ԲԱՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՉԳՏՆՎԵՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Այս տարվա Բաքվի շոգը նախադեպը չունի: Ստվերում օդի ջերմաստիճանն անցնում է 40-ից: Դե իսկ Իլհամ Ալիեւի աշխատակազմի գլխավոր «նյուզմեյքեր» Նովրուզ Մամեդովը ստիպված է նստել նախագահականում եւ հարկ եղած դեպքում պատասխանել լրագրողների հարցերին: Դրանք, ինչպես միշտ, ձանձրալի են, «կացնային»: Նորությունը, թերեւս, սիրիահայերին Արցախում «վերաբնակեցնելու» մասին աղմուկն է, որ Բաքվում պաշտոնյաների վրա կարծես ավելի վատ է ազդել, քան ապշերոնյան տապը: Կամ էլ, ընդհակառակը, Իլհամ Ալիեւի աշխատակազմն այնքան է արեւահարվել, որ կորցրել է ողջախոհության վերջին փշրանքները:

Այսպես, պատասխանելով սիրիահայության մասին հարցինՙ Նովրուզ Մամեդովը դարձյալ մի տաղտկալի «դասախոսություն» է կարդում, որ «հայերը միշտ էլ մի երկրից մյուսն են տեղափոխվել, դա նրանց արյան մեջ է»: Այնուհետեւ թվարկում է աշխարհի երկրները, որտեղ հայեր են ապրում, եւ վստահեցնում, որ Սիրիայից «ոչ ոք Լեռնային Ղարաբաղ չի գա, քանի որ նրանք նախընտրում են հարուստ երկրները»:

Մինչ բուն խնդրին անդրադառնալը հարկ ենք համարում Նովրուզ Մամեդովին նկատել տալ, որ 1991-ից ի վեր Ադրբեջանը լքել է 4 մլն «հայրենասեր»: Այսօր ադրբեջանցիները «սփյուռք» ունեն ե՛ւ Միացյալ Նահանգներում, ե՛ւ եվրոպական երկրներում: Ռուսաստանի մասին խոսել իսկ չարժե. միայն Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների թիվն անցնում է 300 000-ի սահմանը: Գրեթե նույնքան է Ուկրաինայի ադրբեջանական համայնքը: Իսկ Մոսկվայում ադրբեջանցի «հայրենասերներն» ավելի քան 2 մլն են:

Սույն միջարկումն արվեց ի պատասխան Մամեդովի հարցադրման. «Եթե հայերն իրենց հայրենիքը սիրում են, ապա ինչո՞ւ են գերադասում այնտեղ չապրել»:

Ավելին, կուզենայինք, որ նա պատասխաներ մեր հարցին. «Ինչու՞ է 4 մլն ադրբեջանցի լքել իր «օրըստօրե բարգավաճող» հայրենիքը, էլ չենք խոսում այն մասին, որ մի քանի հարյուր հազար ադրբեջանցի էլ կյանքն անցկացնում է Թուրքիա-Ադրբեջան ճանապարհին` օրվա հաց վաստակելու համար»:Այժմ` սիրիահայերի ճակատագրով Նովրուզ Մամեդովի «մտահոգվածության» մասին: Խոր դիտողունակություն պետք չէ հասկանալու, որ Ադրբեջանը տվյալ դեպքում կատարում է թուրքական կողմի պատվերը: Թուրքիան շահագրգռված է, որ Միջին Արեւելքի երկրների հայկական համայնքները տարտղնվեն կամ առնվազն թուլանան այնքան, որ հետճգնաժամային իրավիճակում հայկական գործոնը ազդեցություն չունենա: Պատահական չէ, որ Իլհամ Ալիեւի խոսնակը վստահություն է հայտնում, որ սիրիահայերը «Լեռնային Ղարաբաղ չեն գա»: Միաժամանակ նա նենգաբար խոսում է այն մասին, որ «մինչեւ վերջերս Սիրիան հայերի համար հայրենիք էր, բայց հենց որ այդ երկրում իրավիճակը սրվեց, նրանք սկսեցին մտածել փախչելու մասին»:Խնդիրն, ինչպես տեսնում ենք, «դիտարկված է» մի հեռապատկերում, կարծես թե «սիրիական ճգնաժամն արդեն կարգավորված է, իսկ հայերն այնտեղ չեն, ոչ էլ վերաբնակվել են Արցախում»: Պարզապես` այդ երկում «հայեր, ճիշտ է, ապրում էին, բայց վտանգի ժամին կամավոր հեռացան»: Ինչպես թուրքական պաշտոնական քարոզչությունն է «բացատրում» Թուրքիայում հայերի հայրենազրկությունը: Նովրուզ Մամեդովի դեպքում սույն «տեսությունը» նաեւ ենթատեքստային իմաստ ունի: Այն է` Ադրբեջանում չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս պատահեց, որ «ոչ հայրենասեր» եւ «մշտապես հարստությունը եւ բարեկեցությունը ընտրող հայերը» չլքեցին Արցախը: Ոչ միայն չլքեցին, այլեւ այսօր պատրաստակամություն են հայտնում ընդունելու իրենց սիրիահայ եղբայրներին եւ քույրերին:Իլհամ Ալիեւի աշխատակազմի «պայծառ ուղեղի» ամբողջ մտահոգությունն այն է, թե ի՞նչ կարելի է անել, ինչպե՞ս, որ ե՛ւ Սիրիան ու ողջ Միջին Արեւելքը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղը ե՛ւ, ինչու չէ, Հայաստանը «հայաթափվեն»: Սրանով է թերեւս բացատրվում ադրբեջանական իշխող վերնախավի ակնհայտ ծախու, տարածաշրջանի հանդեպ դավաճանական կեցվածքը, որ դրսեւորվում է թե՛ Սիրիայի, թե՛ հատկապես Իրանի հարցում: Պաշտոնյաները դեռ մի փոքր «զուսպ» են: Իսկ մամուլը հաստատ իրեն յուրահատուկ ճոթռբերանությունից էլ այնկողմ է անցել: «Զերկալո»-ն արդեն բացահայտ գրում է, որ Մեծ Մերձավոր Արեւելքի նախագծում Միացյալ Նահանգները «բոնուս ունի Ադրբեջանին տալու, մինչդեռ Ռուսաստանը ոչինչ չի կարող առաջարկել»: Ո՞րն է «բոնուսը»: Ըստ մեկնաբանի` «դա Ադրբեջանի վերամիավորումն է, որի դեպքում Թուրքիա-Ադրբեջան տանդեմը կունենա Ռուսաստանին հավասրակշռող մարդկային եւ նյութական ռեսուրսներ»: Այդ «նախագծի իրականացման միակ խոչընդոտը» տարածաշրջանում հայկական գործոնն է` Հայաստանը, Արցախը եւ Միջին Արեւելքի երկրների հայկական սփյուռքը:Ի՞նչ ընթացք կունենան իրադարձությունները: Ադրբեջանում չեն թաքցնում, որ «Սիրիայից հետո հերթը կհասնի Իրանին»: Խոսքը ԻԻՀ մասնատման եւ Թավրիզ «մայրաքաղաքով միասնական Ադրբեջան ստեղծելու» մասին է: Բայց նույնիսկ արեւահար ոգեւորվածության պահին էլ «Զերկալո»-ի մեկնաբանը զգուշորեն ակնարկում է, թե դա կարող է «տեղի ունենալ անգամ ի հակակշիռ իշխող էլիտայի»: Պետք է հասկանալ այնպես, որ Իլհամ Ալիեւի համար ամենագլխավորը ոչ թե «ազգային իղձերը», այլ սեփական իշխանության պահպանումն է: Այդուհանդերձ, հարեւան երկիրը ներքաշվել է մի շրջապտույտի մեջ, որից կարծես դուրս գալու ելք այլեւս չունի: Մնում է սպասել, թե երբ վրա կհասնի տարածաշրջանային մղձավանջը: Եթե, իհարկե, մինչ այդ բանական լուծումներ չգտնվեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4