«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2012-07-28 | #138, 2012-08-15 | #139, 2012-08-16


ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՒՑԵ ՄԻ ՃԸՌԹ ՓՈԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայտնի է, որ այս` աշնանային նստաշրջանից 5-րդ գումարման Ազգային ժողովում գործելու է Էթիկայի հանձնաժոողովը: Չնայած այդ հանձնաժողովի հետ կապված մեծ հույսեր պետք չէ կապել, քանի որ նրա անդամները նույն ազգային ժողովականներն են, այսինքն` պատգամավորները քննարկելու են այլ պատգամավորների վարքը ու հայկական իրողություններով նրանք չեն կարող վեր լինել փոքրիկ երկրի ծանոթ բարեկամ-շահեր եռանկյունուց, ու հենց իրենց` 130-ի շրջանակից, սակայն, այնուամենայնիվ, այդպիսի հանձնաժողովի գոյությունը մի փոքր կարող է ձգել մեր տարակազմ Ազգային ժողովի ամենաէկզոտիկ եւ օդիոզ պատգամավորներին եւ նրանց, որոնք իրենց ամենակարողներից են համարել մինչեւ այժմ:

Հանձնաժողովի կազմն արդեն ձեւավորվել է, դա տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահի հուլիսի 2-ի հրամանագրով, եւ ինչպես օրենքով է նախատեսված` այնտեղ ընդգրկված են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, իսկ հանձնաժողովի նախագահ-փոխնախագահն ԱԺ նախագահը նշանակել էր մեծամասնության եւ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներ Դավիթ Հարությունյանին ու Նիկոլ Փաշինյանին, սա նույնպես կանոնակարգի պահանջ է: Սակայն ՀԱԿ-ի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց փոխնախագահի պաշտոնից` հայտարարելով, թե միայն որպես հանձնաժողովի շարքային անդամ անելիք ունի եւ կառուցողական է տրամադրված: Նա նաեւ նշել էր, թե նախագահի եւ փոխնախագահի նշանակման ԱԺ նախագահի հրամանն անօրինական է, քանի որ ՀԱԿ խմբակցությունն իր թեկնածությունը ներկայացրել էր հանձնաժողովի ադամի եւ ոչ թե փոխնախագահի համար, այսինքն` պրոցեդուրալ բացթողում էր նշել: Ըստ parliament monitoring.am կայքի` հանձնաժողովիի նախագահ Դավիթ Հարությունյանը հակասություն չէր տեսել ԱԺ նախագահի հրամանագրում, քանի որ ՀԱԿ-ը հանձնաժողովում ուներ մեկ անդամի հնարավորություն, այդ մեկ անդամին եւս մեկ անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալի համար ներկայացնելու կարիքը չի եղել: Ու անկախ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից` նա օրենքով համարվում է Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ: Եղել է ԱԺ նախագահի հետ հանդիպում այս հարցով, եւ աշնանը գուցե եւ հարկ լինի օրենսդրական նախաձեռնությամբ շտկել այս հարցի հետ կապված օրենսդրական անհարթությունը: Իսկ ՀՅԴ-ից հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանն ընդհանրապես առաջարկում է, որ այս հանձնաժողովի նախագահ-փոխնախագահ լինեն ոչ թե միայն մեծամասնության եւ ամենամեծ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները, այլ հաջորդաբար խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Նիկոլ Փաշինյանին մտահոգում է այն փաստը, որ կանոնակարգը չի սահմանել հանձնաժողովին դիմելու կարգը եւ այն անձանց շրջանակը, ովքեր կարող են դիմել հանձնաժողովին` ասենք, եթե խորհրդարանի միջանցքում պատգամավորները հայհոյում են միմյանց, կամ վիրավորում են լրագրողին եւ այլն` այս տեսակ դեպքերին դիմելու եւ էթիկայի հանձնաժողովի օպերատիվ վերաբերմունքի հնարավորություն չկա: Մամուլում իր կարծիքը գրելով էթիկայի հանձնաժողովի մասին` նա եզրակացրել էր, թե հանձնաժողովին տրված է լիազորություն, իսկ այդ լիազորության կիրառումը տանում է փակուղի:

Իսկ որ խորհրդարանում կամ նրանից դուրս բազմաթիվ դիպվածներ են լինում, որտեղ մեր ազգընտիրներն իրենց ադեկվատ չեն պահում, դա փաստ է:

Նշենք, որ առաջին քննարկումների թվում կարող է լինել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի պահվածքը, եթե նա վայր դնի պատգամավորական մանդատը: ճիշտ է, Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին, սակայն եթե նա նստաշրջանի ժամանակ չկրկնի այդ հայտարարությունը ու մնա պատգամավոր, ապա կլինեն դիմումներ, ու նրա պահվածքը պետք է էթիկայի հանձնաժողովի քննության նյութ դառնա` բոլոր անցանկալի հետեւանքներով:

Սակայն չի կարելի ասել, որ էթիկայի հանձնաժողովը կդառնա Ազգային ժողովի մթնոլորտը հիմնովին փոխելու գործիք, քանի որ էթիկայի հանձնաժողովը լինի, թե ոչ, ԱԺ մոտ 75 գործարար պատգամավորները չեն թողնելու իրենց բիզնես-շահն ու ամբողջ օրը Ազգային ժողովում նստեն կամ գոնե նիստերին չբացակայեն: Կամ մասնավոր շահեր սպասարկող օրենքներ չբերեն խորհրդարան ու իրենց բիզնեսի ծառը չջրեն: Դրան հավատացողները միամիտ պետք է լինեն: Սակայն իրավիճակը մի ճըռթ կարող է փոխվել: Իրենց հավաքողներ կլինեն` ընդդիմադիրների ու մամուլի փայ չդառնալու համար: Ամեն ինչ կուրվագծվի այն ժամանակ, երբ իր առաջին նիստում էթիկայի հանձնաժողովն ընդունի գործունեության կանոնադրություն, որից հետո ձեռնամուխ կլինի պատգամավորների վարքի եւ գործունեության հետ կապված առաջին դիմումների քննությանը:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի անդամ են ԲՀԿ-ից Մերուժան Սիմոնյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4