Համաձայն Հայաստանի ՊՆ-ի եւ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի միջեւ կնքված փոխըմռնման հուշագրի` երեկ 116 հայ խաղաղապահներ մեկնեցին Գերմանիա` սովորելու եւ վերապատրաստվելու, որից հետո կմեկնեն Կոսովոյի Ուրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ամերիկյան «Բոնդսթիլ» ռազմակայան, որտեղ կծառայեն վեցամսյա ռոտացիոն հիմունքներով: Կոսովոյում հայ խաղաղապահները պատասխանատու են լինելու պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության, անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար: Իսկ նախքան սա` Գերմանիայում հայ խաղաղապահները օգոստոսի 16-ից սեպտեմբերի 4-ը ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում կմասնակցեն «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում անցկացվող բազմազգ զորավարժություններին, որոնց մասնակցում են նաեւ ստորաբաժանումներ ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Սլովենիայի եւ Ուկրաինայի զինված ուժերից: Օգոստոսի 28-ին այս զորավարժություններին դիտորդի կարգով հետեւելու կմեկնի Հայաստանի ԶՈւ-ի բարձրաստիճան պատվիրակությունը: