«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2012-07-28 | #138, 2012-08-15 | #139, 2012-08-16


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԼԻՆԵՆ «5-ԱՍՏՂԱՆԻ ԴԵԼՅՈՒՔՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Ո՞րն է լինելու այս հյուրանոցների տարբերությունը 5-աստղանի հյուրանոցներից

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի փոփոխությունները կքննարկվեն այսօր կառավարությունում: Մասնավորապես նախատեսվում է, որ Հայաստանում հյուրանոցները որակավորվելու են հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգ աստղերով եւ հնգաթեւ աստղերով ու Դելյուքս գրառմամբ նշվող հինգ-աստղանի Դելյուքս որակավորման կարգերով, մոթելները` հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգաստղանի որակավորման կարգերով, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները` հնգաթեւ աստղերով նշվող մեկից չորսաստղանի որակավորման կարգերով, հանգստյան կամ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային բնակատեղիները, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները` հռոմեական թվանշաններով նշվող երրորդից առաջին կարգի որակավորման կարգերով:

Հինգաստղանի Դելյուքս հյուրանոցի համար սահմանվելու է պետական տուրք` տարեկան բազային տուրքի (1000 դրամի) 1500-ապատիկի չափով: Մինչեւ երեք աստղ հյուրանոցի, մոթելի ուրաքանչյուր աստղի համար պետական տուրքը կկազմի տարեկան բազային տուրքի 150 -ապատիկի չափով, չորս աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով, հինգ աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով, հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով: Հանգստյան եւ մասնագիտացված ճամբարի կամ տան, պանսիոնի, զբոսաշրջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղի (համալիրի) I կարգի համար պետական տուրքը կկազմի տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով, II կարգի համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով, III կարգի համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով: Զբոսաշրջային տան I կարգի համար տարեկան պետական տուրքը կկազմի բազային տուրքի 15-ապատիկի չափով, II կարգի համար` տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով, III կարգի համար` տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով:

Այս փոփոխության անհրաժեշտությունը, ըստ կառավարության հիմնավորման, բխում է Հայաստանում հյուրանոցների որակավորման նոր` «5-աստղանի Դելյուքս» կարգի ներմուծման անհրաժեշտությունից: Միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համակարգի հետ համեմատական վերլուծությունը ցույց են տալիս, որ որոշ երկրներում, բացի հիմնականում կիրառվող առավելագույն 5-աստղանի որակավորման կարգից, առավել շքեղ եւ նվազագույն պահանջներին լրացուցիչ չափանիշներով գերազանցող հյուրանոցների տարբերակման համար կիրառվում են 5 աստղից բարձր որակավորման կարգ (օրինակ` «5-աստղանի Դելյուքս») կամ որակավորման կարգ չհամարվող շքանշան (օրինակ` ակոլադա), կամ մակդիր (Սուպերիոր), ինչը Հայաստանում չի կիրառվում:

Ակնկալվում է, որ 5-աստղանի որակավորման կարգը գերազանցող «5-աստղանի Դելյուքս» որակավորման կարգի ներդրումը Հայաստանում եւ առավել շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստեն այդպիսի հյուրանոցներում ներդրումների, ինչպես նաեւ առավել բարձր որակական պահանջներ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4