Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ֆիլիպիններում էր: Մայրաքաղաք Մանիլայի քաղաքապետից ստանալով քաղաքի խորհրդանշական բանալինՙ նախարար Նալբանդյանը հյուրընկալվեց իր ֆիլիպինցի գործընկերոջը` Ալբերտ դել Ռոսարիոյին, այնուհետեւ` նախագահ Բենիգնո Աքինոյին: Ֆիլիպինների նախագահը, ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի վարչությունից, կարեւորել է երկկողմ հարաբերություններին նոր լիցք տալու Հայաստանի նախաձեռնությունը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր այցելության նպատակն է նոր մակարդակի բարձրացնել ասիական տարածաշրջանում կարեւոր դերակատարություն ունեցող երկրի` Ֆիլիպինների հետ համագործակցությունը:
Ավելի վաղ, նախարար դել Ռոսարիոյի հետ հանդիպմանը, երկու նախարարները պայմանավորվել են քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական հարաբերությունների, մշակութային փոխանակումների խթանման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման ուղղությամբ: Քննարկվել են նաեւ ներդրումների խրախուսման, գիտակրթական, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, շինարարության, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության ձեւավորման հնարավորությունները: Նախարարներ Նալբանդյանն ու դել Ռոսարիոն մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջը, իսկ բանակցություններից հետո երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրել են փոխըմռնման հուշագիր` «դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրից ազատելու վերաբերյալ»:
Էդվարդ Նալբանդյանը Ալբերտ դել Ռոսարիոյին հրավիրել է Հայաստան: