«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2012-07-28 | #138, 2012-08-15 | #139, 2012-08-16


«ՆԱՐԵԿՈՎ» ՆԵՐՇՆՉՎԱԾ

Բժիշկ թերապեւտ, Կարբիի ամբուլատորիայի (այն սպասարկում է տարածաշրջան հինգ գյուղի բնակչությանը), գլխավոր բժիշկ Սաբրո Ասատրյանը երկար տարիներ ուսումնասիրել է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում արծարծված, այսպես կոչված, բժշկագիտական տեղեկությունները եւ, որպես հոգեւոր հարստության ու ներշնչանքի աղբյուր, իր գործունեության համար դրանք ուղեցույց դիտել ու հնարավորինս ներկայացրել նաեւ գյուղական բնակչությանը: Եվ բնավ էլ պատահական չէ, որ «Կոչում» ազգային առաջին մրցանակաբաշխությանը, ուր 9 անվանակարգերում 80-ից ավել թեկնածուներ էին ներկայացված, Սաբրո Ասատրյանն արժանացավ «Լավագույն մարզային բժիշկ» կոչման:

Ասատրյան բժիշկը «Նարեկի» լույսով է ներշնչանք բերում իր այցելու-հիվանդներին` Նրա զորությունը դարձնելով սպեղանի այնպիսի վերքերի համար, որոնք նյութեղեն ու մարդահնար միջոցներով չէ, որ կարելի է բուժել: Ահա Մատյանի զորությունը, որն իր համար զորություն է դարձրել բժիշկը, եւ նրան հավատում է գյուղական բնակչությունը: Հավատում է, եւ նրա այդ հավատը շարունակ հաստատվում, վկայվում, փաստվում է բազում ու բազում օրինակներով:

Բազում բանասեր գիտնականների ուսումնասիրություններում Նարեկացու Մատյանի հիմականում գրական վերլուծությունն է, գրական արժեքի գնահատանքը: Մյուսը, որ բժիշկ Սաբրո Ասատրյանի բնորոշմամբ` «բժշկագիտական» կողմն է, բացակայում է նրանց մոտ: Ահա դրան էլ համարձակվել է ձեռք տալ բժիշկը, եւ մոտ հիսուն տարի «բուժող Նարեկի» հետ է` Աստծու տված օրվա բարի լույսից սկսած, հինգ գյուղի բնակչությանը սպասարկող ամբուլատորիայի գլխավոր բժշկի իր պարտականություններով, իր այցելուների հետ, հետո տնային կանչերի ու հրավերների անհաշիվ ժամերով շարունակվող եւ ուշ գիշերներին ավարտվող առաքելությամբ:

«Եթե վշտերից լքված, հոգնաբեկ` մեկը նվաղի,

Թող ամրապնդված հառնի վերստին

Հառաչանքների այս հաստարանով` հուսալով ի քեզ...»:

Սա Նարեկացու աղերսն է առ Աստվածՙ բոլորի փոխարեն ու բոլորի համար: Ամեն ոք Նարեկացու այս աղերսի մեջ իր յուրովի մեկնությունն է դնում: Սաբրո Ասատրյանը դա ձեւակերպում է այսպես. «Դրանում պետք է տեսնել «Նարեկի» նկատմամբ մեկ հազարամյակ շարունակ պահպանված հոգու եւ մարմնի ախտն ու ցավերը բուժելու չխամրող հավատը»:

Բժիշկ Ասատրյանի համար «Նարեկը» սոսկ միջնորդ չէՙ իրեն այցելած հիվանդի եւ իր միջեւ: Նրա համար «Նարեկ»-ն իրեն տրված զորությունն է, որի ուժով ինքը կարողանում է այցելու հիվանդի մեջ զորացնել ներշնչանքըՙ աղբյուրը հավատի, եւ բուժումն արդեն կասկած չի հարուցում: Ասատրյանի բժշկական գործունեության պարագայում հիվանդին հաղորդվող տրամադրությանը գումարվում է ոչ պակաս կարեւոր` ներշնչանքը: Ներշնչանք, որ հույս է, որ անտես, բայց շատ զորավոր մի կետի է հառնում հայացքդ, որտեղից (եթե, անշուշտ, հավատով ես նայում) սպասում ես փրկություն ու` դարման քո վերքերին: Այս ներշնչանքի հիմքում «Նարեկ»-ի այն զորավոր ուժն է, որ իր մեջ պարունակում է բազում բուժիչ հատկություններ:

Սաբրո Ասատրյանի այցելուները ակամայից են հաղորդվում «Նարեկին». բժշկի հորդորների, զրույցների մեջ անսովոր մի բան կա նրանց համար` ստուգման յուրօրինակ ձե՞ւն է դա, հիվանդության ախտորոշման ինքնաբուխ, բայց եւ զարմանալի ճշգրիտ եղանա՞կը, դեղորայքին հազվադեպ դիմելու, հիվանդի մոտ ներշնչմամբ վստահություն եւ կորով, կամքի զգաստություն առաջացնելու աներեւույթ, անցուցադրել, բայց եւ դիպուկ մոտեցո՞ւմը:

Ասատրյանը բազում ուսումնասիրություններ է կատարել Մատյանի` հատկապես, իր բնորոշմամբ, «բժշկագիտական գաղտնարաններում», իր անելիքների մեջ այնքա՜ն հաճախ դիմելով «Նարեկի» օգնությանը, երբ հոգեկան ապրումներով տկար, ընկճվածությունից զանազան ցավերի մեջ ընկած մարդիկ եկել են իր մոտ` հաճախ իրենք անգամ չիմանալով, թե իրենց այդ անօգնական վիճակի առիթն ինչն է, եւ ո՞րն է դրանից դուրս գալու միջոցն ու ելքը: Բժիշկն անշտապ ու խորաթափանց զննել է այցելուին, զրուցել հետը, հայացքից, պահվածքից, դեմքի գույնից ու ձեռքերի շարժումից անգամ կռահել նրա հետ կատարվածն ու սպասվելիք հետեւանքները: Եվ համոզվել է, թե որն է դրա աղբյուրը ու թե որն է վիճակի փոփոխման ճանապարհը, որն այս պարագայում ախտորոշում է կոչվում: Հիվանդներից քանի՞սն են հետո խոստովանել, թե երբեմն կասկածելով սոսկ դիտողականությամբ Ասատրյանի ախտորոշման հավաստիությանը, ինչպես են մայրաքաղաքի ախտորոշման կենտրոններում ստուգվել ու նույն, հենց նույն ախտորոշումը ստացել:

Գուցե «Նարեկի» հետ հաղորդումը բժշկի մոտ ներքին, հոգեւոր մի ծածուկ կապի արտահայտությո՞ւն էՙ ոչ հասանելի Մատյանը սովորական ընթերցողներիս համար:

- Ե՞րբ եւ այդ ի՞նչ ուժի թելադրանքով «Նարեկ»-ը դարձավ Ձեր ուսումնասիրության թեման:

Իմ այս հարցումին Ասատրյանը չփորձեց թվական հիշել, բայց, պահը նրա համար աստեղային է եղել, անմոռաց: Երա՞զ էր, պայածառատեսությու՞ն, մոգական մի ներքին ուժի մղո՞ւմ: Իրապես, դա մի մղում էր, որ իրեն տարավ Նարեկացու աշխարհը` գտնելու բազում հարցականների պատասխաններ: Դա Նարեկացու հավատքի զորությունն է, որ մոգական մի ուժով փոխանցվում է բոլոր նրանց, ովքեր բախտ են ունեցել ու բախտ են ունենալու հաղորդվելու «Մատյան Ոողբերգության» հրաշափառ պոեմին:

- Պոեմը կարդալիս ես հանդիպում էի բժշկական, բնագիտակենսաբանական բազում մտքերի, որոնք իրենց արդիականությամբ, թարմությամբ եւ ճշգրիտ ձեւակերպումներով ապշեցնող էին: Սա «Նարեկի» մոգական ուժն է. Նարեկացին` ձեռքիցս բռնած վազեցնում է, մի քիչ գնալուց հետո ես շնչահեղծ եմ լինում:

- Ես վստահ եմ,- շարունակում է Ասատրյանը,- որ Նարեկացին ի սկզբանե նպատակ է հետապնդել, որ իր Մատյանը դեղ ու բալասան դառնա` տառապող մարդու ոչ միայն հոգեւոր տանջանքներին վերջ դնելու, այլեւ մարմնական ախտ ու ցավերը բուժելու համար: Եվ հենց սրանում պետք է տեսնել «Նարեկ»-ի նկատմամբ ժողովրդի մոտ պահպանված հոգու եւ մարմնի ախտն ու ցավերը բուժելու չխամրող հավատը: Այդպես է «Նարեկը» դարձել հիվանդի բարձատակի գիրքըՙ իր մեջ մշտապես պահպանելով տիեզերական անսպառ էներգիա:

Նարեկացու բնագիտական, բժշկական գիտելիքները խոր հիացմունք են առաջացնում` զարմացնելով իրենց ճշգրտությամբ: Օրինակ, ապշելու բան է, թե կենդանի օրգանիզմի մասին դարեր շարունակ եղած կասկածըՙ այն ներքին բարդ կապերով կապված մի բուռ անքակտելի ամբողջությո՞ւն է, թե՞ առանձին-առանձին գործող տարբեր օրգան-համակարգերի կուտակում, «Նարեկում» պարզ ու հստակ բացատրված է. «...կազմվածքը մարմնի զգայական սենյակն է մարդու»: Ասել է, թե Նարեկացին իր ժամանակին կռահել է այն, ինչի շուրջ գիտնական բժիշկները շարունակ վեճի մեջ են եղել: Եթե միայն 18-19-րդ դարերում` մանրադիտակի գյուտից հետո է բժշկագիտությանը հայտնի դարձել, որ երիկամների մազանոթային կծիկներով արյունն անցնելով` թորվում, արտազատվում է մեզը, ապա դեռ 10-րդ դարում Նարեկացին օգտագործում էր «անոթ երիկամ» տերմինը: Ավելին, դեռ մանրադիտակի գյուտից 6-7 հարյուր տարի առաջ, իր հանճարեղ մտքի պայծառատեսությամբ, Նարեկացին կռահել-տեսել է մարդու օրգանիզմում գոյություն ունեցող մանրագույն, տարբեր տեսակի մանրէների առկայությունը:

Այսպես, «Նարեկի» տարբեր գլուխներում ցրված են բժշկագիտական, բուժական բազում տեղեկություններ, որոնք բժշկագիտական առումով բացառիկ արժեքավոր են եւ Մատյանի ժողովրդայնության գրավականներից են: Դրանք, սակայն, երբեւէ մասնագիտական հետազոտության չեն արժանացել: Այդ բացը լրացրել է բժիշկ Ասատրյանըՙ այն դարձնելով բուժման իր յուրօրինակ միջոցըՙ համոզված, որ Նարեկացին ի սկզբանե նպատակ է հետապնդել, որ «Նարեկը» դեղ ու բալասան դառնա մարդու ոչ միայն հոգեւոր տանջանքներին ու տառապանքներին, այլեւ մարմնական ախտ ու ցավերին.

«Թող ողբերգության մատյանն այս, Բարձյա՜լ,

որ սկսել եմ գրել հանուն քո,

Կենաց դեղ լինի արարածներիդՙ

Մարմնի ու հոգու վիշտն ու ցավերը բուժելու համար»:

Ի՞նչ է զգացել ու զգում Ասատրյանը, երբ «Նարեկի» մեջ փնտրել ու շարունակում է փնտրել բժշկությանն առնչվող տողեր. դրանք միջո՞ց են իր համար` իրեն այցելած հուսաբեկ մեկին Նարեկացու ցույց տված ճանապարհը հանելու համար: Միջո՞ց են` Նարեկացու շուրթերից առ Աստված աղոթքի ամենաբարձր թռիչքին (Դերենիկ Դեմիրճյանի բնորոշումն է) հաղորդակից դարձնելու, որպես հավատի, վստահության ու ինքնամաքրման ճանապարհ: Այդ հրաշափառ իրողությունը բոլորի՞ն է բաժին հասնում, ովքեր հաղորդվում են «Նարեկին»: Վստահաբար այո՛, ինչպես Ռուբեն Զարյանն է Վազգեն Գեւորգյանին հրաշալի գովերգել` նրա թարգմանության առիթով. «Թարգմանելիս քեզ թվացել է, թե Նարեկացին դու ինքդ ես, նրան տանջող ցավը քոնն է, նրան չարչարող միտքը քո ուղեղն է այրում, նրա հույզերը կրակ դառած լափում են քո հոգին»:

Սաբրո Ասատրյանը պահանջված բժիշկ է, պահանջված զրուցակից: Առաջացած տարիքով այս մարդու շուրջ պատմություններ են հորինում, անգամ լեգենդներ հյուսում: Իսկ ինքըՙ համեստ, սակավախոս, հեռու անհարգի ցուցադրումներից, հանդարտ ու հիմնավոր իր գործին էՙ իրական ու երբեմն չափազանցության հասնող այդ պատմությունների վերաբերվելով այն խաչուսյալի անտարբերությամբ, ում անելիքը շատ պարզ ու որոշակի է` տանել խաչը, որովհետեւ ա՛յդ է իր առաքելությունը: Սուրբ, մարդանվեր մի առաքելություն` նվիրյալի խաչակրում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4