Կարդացեք որպես ժամանց, բայց մտորելն էլ չի խանգարի
Սկիզբը նախորդ համարում
Ֆիլմեր կան, որոնք պատմում են եղանակային զենքերի մասին` արհեստական ցունամի կամ եղանակային այլ երեւույթ առաջացնող, հրդեհների բռնկում երկնքից նետված ճառագայթով, ռեզոնանսի երեւույթի օգտագործում` երկրաշարժերի եւ այլ աղետների առաջացման համար:
Մի առանձնակի ուշադրության է արժանացել այն թեման, որ սեքսուալ հեղափոխության եւ մարդու իրավունքների անվան տակ գեյերի, լեսբուհիների, համասեռամոլների գաղափարները հրամցվում է մարդկությանը` այդպիսով նույնպես իրագործելով նվիրական գաղափարը` մարդկության թվի կրճատումը: Սեքսի ու բռնության պրոպագանդումը, որը հաջողությամբ իրականացնում են իշխող այդ դինաստիաների ձեռքին գտնվող զանգվածային տեղեկատվական միջոցները, զանգվածաբար փոխում է մարդկային գիտակցությունը: Ընդ որում` այս հեղափոխության սկիզբը համարվող Բիթլների հայտնությունը նույնպես համաշխարհային կառավարության նախագծերից է համարվում, քանի որ լիվերպուլցի տաղանդավոր տղաներին հատուկ շրջանառության մեջ է դրել, ապահովել նրանց համաշխարհային համբավը մի ողջ ինստիտուտ` համաշխարհային կառավարող դինաստիաներից մեկի` Ռոկֆելերների միջոցներով, ազատ սերը տարածելու առաջնային նպատակով: Մի խոսքով` սեքսուալ հեղափոխությունը երկար նախապատրաստել են: Ֆիլմերն այս առիթով հիշել են, որ սեքսուալ հեղափոխությունը ժամանակին Ռուսաստան բերող Այսեդորա Դունկանը, որն ամուսնացավ Սերգեյ Եսենինի հետ, կրկնակի գործակալ էր, իսկ Լենինը, որը գերմանական գործակալ է համարվում, իշխանության գալով` որպես առաջին մեկը հոմոսեքսուալիզմի դեմ չպայքարելու դեկրետ է հրապարակում:
Ընդ որում` գոյություն ունի տելեգոնիա գիտությունը, ըստ որի կնոջ առաջին տղամարդը իր գենային պատկերն է թողնում կնոջ գենետիկայում, այն հետագայում փոխանցելով նրա սերնդի մեջ. փաստորեն սեքսուալ հեղափոխությունը խաթարում է գենետիկան, եւ դա հատկապես վտանգավոր է գենետիկ ինքնությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած ազգերի համար: Պատահական չէ, որ երկու տասնամյակ առաջ զարգացում ապրած տելեգոնիա գիտությունը գաղտնիացվել է, քանի որ այն կարող է խանգարել մարդկության կրճատմանն ուղղված սեքսուալ հեղափոխությանը, իսկ այդ հեղափոխության արդյունքում հաշվվում է, որ որոշակի ժամանակահատված հետո մարդկությունը տասն անգամ կարող է կրճատվել: Դա արդեն տեսանելի է Եվրոպայում:
Ասվում է, որ Բիլ Գեյթսը նույնպես մասոնական օթյակի անդամ է, ու Գեյթսի հայրը եւ Ռոկֆելերներից մեկը ժամանակին բացահայտ աշխատում էին մարդկանց թիվը նվազեցնելու ծրագրերի վրա` նրանց ֆինանսավորմամբ նոր պատվաստուկներ էին նախագծվում մարդկության թիվը 15 տոկոսով նվազեցնելու համար:
Ասենք, որ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները նույնպես համարվում են կառավարող այդ դինաստիաների ձեռքի գործը, եւ մարդկության թիվը զգալի նվազեց ժամանակին: Իսկ համաշխարհային գաղտնի կառավարության 1960 թվականին հաստատված ծրագրով` որպես գլխավոր նպատակներին հասնելու միջոցներ են նշվում ազատության եւ դեմոկրատիայի գաղափարների շահագործումը, սեքսի եւ բռնության միջոցով մարդկային գիտակցության փոփոխումը, այնպիսի նախագծերի իրացումը տեղերում, որի վերջնական նպատակները կարող են անգամ իրացնողները չիմանալ, այն է` դեգրադացնել հասարակություններին այն աստիճան, որ նրանք ադեկվատ չգիտակցվեն իրականությունը: Նշվում է, որ աշխարհի կառավարություններին տրվող ֆինանսական օժանդակությունները նույնպես այդ կառավարություններին կառավարելու միջոց են: Իսկ չենթարկվողներին ծուղակների մեջ են գցում, այնպես անում, որ ընտրվեն իրենց համար ցանկալի ղեկավարներ. օրինակ` ժամանակին Մոնիկա Լեւինսկի գործակալի միջոցով խեղճացրին Քլինթոնին, Ստրոս Կանին մեկուսացնելու միջոցով հեշտ դարձրին Ֆրանսիայի ցանկալի նախագահի ընտրությունը եւ այլն:
Ասենք, որ վիշապազունների մասին հայոց մեջ եւս հիշողություններ կան նաեւ հայկական աղբյուրներում:
Հայոց Թվելյաց երգերում առկա են Մասիսի վրա ապրող վիշապների կամ վիշապազունների պատմությունները եւ այլ վկայություններ: Խորենացին պատմում է վիշապազուն Բյուրասպ Աժդահակի մասին, որն իր սրտի բոլոր գաղտնի ու չար խորհուրդները հայտնի էր անում, ու այնքան վատ գործեր է անում, որ մարդիկ հալածում են նրան: Հիշեցնենք, որ ըստ Խորենացու` Աժդահակը Երվանդյան Տիգրան արքայի քրոջ` Տիգրանուհու ձեռքն է խնդրել, ու դեռ դպրոցից հայտնի պատմությունը կհիշեք, որ Տիգրանուհին հետագայում կանխում է Աժդահակի դավաճանությունը եղբոր հանդեպ, Տիգրանը սպանում է Աժդահակին, ապա եւ նրա նախկին կնոջը` Անույշին, ու նրա մոտ տասը հազար վիշապազուն հարազատ-ընդոծիններին բնակեցնում Մասիսի վիհից ներքեւ, Գողթն գավառի սահմանին, Նախճավան ամրոցի դիմաց: Եվ ընդհանրապես` հին հայկական հավատալիքներով Մասիսի վրա օձեր էին բնակվում:
Մյուս պատմությունը` որ Հայոց արքա Արտաշեսի ալան կին Սաթենիկը տենչում էր վիշապազուն, Մարաստանի (մար` օձ, Մարաստան օձերի երկիր է նշանակում) թագավոր Արգավանին (նկատի ունեցեք` դեպքերը կատարվում են քաղաքակրթության օրրան շումերների երկրի տարածքում, ում նախնիները ըստ այդ ֆիմերի անունակներն են): Ի վերջո Արտաշեսը պատժում է Արգավանին դավաճանության համար, խլում նրա Տանդու հարճին, իսկ ավելի ուշ Արտաշեսի որդի Արտավազդը կոտորում է բոլոր վիշապազուններին` սպանելով նաեւ Արգավանին:
Իսկ ընդհանրապես` թեւավոր վիշապների մասին լեգենդներ բոլոր ժողովուրդները ունեն, եւ Աստվածաշնչում եւս մարդկանց դրախտում գայթակղողը վիշապը կամ օձն է, որոշ լեգենդներում աստվածաշնչյան Լիլիթը պատկերվում է մարդկային գլխով եւ վիշապի մարմնով:
Սակայն վերադառնանք ինտերնետ եւ շարունակենք ֆիլմ-միստերիաներ (մենք կասեինք` հիստերիաների) շարքը, որոնք պնդում են, թե համաշխարհային հարստություններին տիրապետող ռեպտիլոիդ դինաստիաները տարբեր գործիքներով իրենց կամքն են թելադրում ողջ աշխարհին, ինֆորմացիոն մանիպուլյացիաներով թաքցնում իրականությունը: Նրանք ամեն ինչով իբր պատրաստ են ե՛ւ աշխարհի վերջին աղետներին, ե՛ւ միջուկային պատերազմին, քանի որ իրենց համար վաղուց ստեղծել են ստորգետնյա քաղաքներ, ինչպես որ մարդիկ արել են նախորդ «աշխարհի վերջի» ժամանակ, այդ քաղաքներն ապահովված են ամեն ինչով եւ այնտեղ պետք եղած ժամանակ կպատսպարվեն ընտրյալները: Իսկ ողջ մարդկության հերն էլ անիծած: Ի դեպ, ֆիլմերը բերում են անցյալներից գետնի տակ առկա բնակավայրերի վկայություններ, ընդ որում` ֆիլմերից մեկը պատմում է Կապադովկիայի տարածքում գետնի տակ հայտնաբերված բնակավայր-լաբիրինթոսի օրինակը, որի մասին իմացել են բնիկ ժողովուրդները նույնիսկ մինչեւ ուշ ժամանակները (մինչեւ մեկ դար առաջ այնտեղ հայեր են ապրել, իսկ ավելի վաղ այս տարածքում շումերական պետությանը ենթակա տարածքեներ են եղել): Անգամ Հիտլերի հրամանով գերմանական գիտական արշավախումբը պատերազմի տարիներին Էլբրուսի վրա փնտրել է ստորգետնյա հնագույն բնակավայրի մուտքը:
Ուրիշ ֆիլմեր կասկածում են` կկործանվի՞ աշխարհը, թե՞ ոչ, սակայն որ մարդու համար որակապես նոր ժամանակաշրջան է սկսվում տասներկու թվից հետո` դա ֆիլմերի մեծամասնության համար կասկածի առարկա չէ. մարդու ուղեղի նոր հնարավորություններ կբացվեն եւ կօգտագործվեն, կսկսեն ծնվել նոր տեսակի մարդիկ` անհավատալի բարձր հնարավորություններով, ընդհանրապես` մտածողությունը կփոխվի:
Ֆիլմերի բազմաթիվ շարքեր կան կործանված քաղաքակրթությունների մասին, որոնց գլխավոր միտքն այն է, որ երկրի վրա մերն առաջին քաղաքակրթությունը չէ, աշխարհի վերջը կրկնվել է արդեն մի քանի անգամ, ու ֆիլմեր կան հայտնաբերված հնագույն քարտեզի մասին, որտեղ Անտարկդիդան որպես մայրցամաք նշված է ամենայն մանրամասնությամբ, բոլոր ափային գծերով, որպես բնակելի տարածք, ինչը հնարավոր էր միայն այն դեպքում, երբ այն սառցապատ չլիներ, ու մարդկությունը տիրապետեր բարձր գիտելիքների, մինչդեռ Անտարկտիդայի սառույցը կա արդեն հազարամյակներ: Անտարկտիդայի, Ատլանդիդայի, եգիպտական բուրգերի ու աշխարհի վերջի ու անունակների կապերը փնտրող բազմաթիվ տեսաֆիլմեր կան, կան այնպիսիք, որոնք սովորեցնում են` ինչպես փրկվել աշխարհի վերջից (ծիծաղե՞նք, թե՞ լանք), պատմում, թե ինչպես են թաքցվում մարդկանցից իսկական գիտության նվաճումները եւ արտերկրյա քաղաքակրթությունների հետքերը:
Վերջին քսան տարին, այսպիսով, մի շրջան է, որի ընթացքում բոլոր գաղտնի բաներն ակնհայտ են դառնում, միաժամանակ մարդկանց գլուխները լցնում են կեղծ տեսություններով, վախերով ու ներշնչանքներով, եւ չկա մի ուղեցույց, մի հանձնարարական, որը կփրկի մարդուն կեղծն իսկականի տեղ ընդունելուց, ու չխաբվելու միակ երաշխիքը մարդու կրթությունն է:
Մենք պատմեցինք ինտերնետը հեղեղած ֆիլմերի շատ փոքր մասի թեմաները: Ֆիլմերի մեծ մասը մարդկությանը նախազգուշացնում է այս տարվա վերջին սկսվող եւ տասնյակ տարիներ տեւելիք աշխարհի վերջի վերաբերյալ իրադարձություններից, ընդ որում դրանց մասին վկայությունները գտնելով մայաների օրացույցում, շումերական լեգենդներում (վերծանված սալիկներ) ու պահպանված քանդակներում, եգիպտական բուրգերում, Նասկայի պատկերներում, նյութական մշակույթի բազմաթիվ նմուշներում: Իսկ թե այս բոլորն արվում է ` մարդկությանը շեղելու համար շատ կարեւոր իրադարձությունների եւ պրոբլեմների վերաբերյալ լուծումներ եւ ելքեր մտածելուց, մարդկանց լայն շերտերին ինչ-որ պատճառով վախի մեջ պահելու, պարտադրելու համար նոր, մեկ կենտրոնից կառավարվող աշխարհակարգ, չգիտենք: Ու ճիշտն ասած` մենք բոլորս այս ժամանակի մեջ ենք ապրում ու շատ շուտով ականատեսն ենք դառալու այս բոլորի իրականություն դառնալուն կամ փլուզմանը, իսկ պատերազմների ու կատակլիզմների հերթագայության վերաբերյալ արժե մտորել: Մենք ուղղակի մեր պարտքը համարեցինք փոխանցել ինտերնետի հիստերիայի մի փոքրիկ ուղղվածությունը` ելնելով նրանից, որ մեր հասարակությունը շատ է ներհայեցված իր տեղական մանր խնդիրների, իր չեղած քաղաքական կյանքի վրա եւ մի տեսակ չի ուզում վիզը երկարել` այլ բաներ տեսնելու համար: Իսկ լեգենդ, թե իրականություն` մտածեք ինքներդ, փորփրեք եւ ստացեք պատասխանը, սա էր մեր ցանկությունը, եւ բոլորովին չենք ուզենա տարանջատել իրականությունը միֆից, արեք դա ինքներդ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ