«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2012-08-15 | #139, 2012-08-16 | #140, 2012-08-17


ԻՆՉՈ՞Ւ Է «ԻՍԼԱՄԱԿԱՆ ԴԱՐՁԵԼ» ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Իսլամը խաղաղության, եղբայրության եւ գթասրտության կրոն է: Ահաբեկչին երբեմն անվանելով իսլամականՙ վիրավորում են մեր կրոնը, ողջ մուսուլմանական աշխարհը: Իսլամականը ահաբեկիչ չէ, այլ` մարդ, որը պատկանում է իսլամական կրոնին»: Չզարմանաք, մեջբերվածը Ռամազանի առթիվ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի կազմակերպած ընթրիքի` իֆթարի ժամանակ Իլհամ Ալիեւի ելույթից է: (տես` www.president.az):

Կարծես թե առաջին անգամ է, որ նա վերաբերմունք է արտահայտում իսլամական արմատականության եւ կրոնական զգացմունքների առնչակցության խնդրի շուրջը: Ընդ որում, ինչպես կարելի է հասկանալ «ողջ մուսուլմանական աշխարհի» մասին նրա ակնարկից, Իլհամ Ալիեւի խոսքի հասցեատերը ոչ թե արեւմտյան աշխարհն է, այլ` Ադրբեջանի հանրությունը: Ըստ երեւույթին, ճիշտ են այն փորձագետները, որ մատնանշում են վերջին տարիներին Ադրբեջանում իսլամականության գործոնի աննախադեպ աճը:

Մեղմորեն քննադատելով իսլամականությունը եւ ահաբեկչությունը նույնացնողներին, իսկ այդպիսի ընկալում ունի ամենից առաջ արեւմտյան հանրությունը, որին «սերտորեն ինտեգրվելու առաջնահերթությունը» Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքն է, եթե հավատալու լինենք պաշտոնական քարոզչությանը, Իլհամ Ալիեւը կարծես փորձ է անում իրեն տարանջատել աշխարհիկ կոչվող քաղաքական վերնախավից եւ ներկայանալ իբրեւ «հավատավոր իսլամականների հայր»:

Ակնհայտորեն` նա նպատակադրվել է չեզոքացնել Ադրբեջանի իսլամական շարժման քաղաքական ազդեցությունը: Իշխող կուսակցությունը հայտարարել է, որ 2013-ի ընտրություններին կրկին առաջադրելու է Իլհամ Ալիեւի թեկնածությունը: Այն իրավիճակում, երբ աշխարհիկ ընդդիմությունը զրկված է մրցակցության բոլոր հնարավորություններից, «նորին մեծություն» բռնապետի միակ մտահոգությունը, հավանաբար, իսլամականության աճող հեղինակությունն է, ինչը ամեն պահի կարող է քաղաքական երանգավորում ստանալ: Դա է վկայում «արաբական գարնան» փորձը:

Գաղտնիք չէ, որ վերջին մի քանի տարիներին Ադրբեջանում իսլամականությունը ենթարկվել է բռնությունների եւ հալածանքների: Երկարատեւ ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդը, նրա հարազատները ստիպված են եղել բռնել վտարանդիության ճանապարհը: Այդ ամենն արվել է, ընդ որում, ոչ թե «քաղաքական նկատառումներով, այլ` որ իսլամական կուսակցությունը դավանում է ծայրահեղականություն»: Թիրախ է ընտրվել հատկապես իսլամականների` Իրանի հետ սերտ կապը: Այսինքն, բոլոր քայլերը ձեռնարկվել են, որպեսզի արեւմտյան հանրության ընկալումներում Ադրբեջանը ներկայացվի իբրեւ «բացառապես աշխարհիկ արժեքներ կրող»:

Ինչպես տեսնում ենք, այսօր Իլհամ Ալիեւը հանդես է գալիս իսլամականության պաշտպանի կեցվածքով: Նման «փոխակերպման» ներքաղաքական շարժառիթների մասին արդեն խոսեցինք: Եվ թե որքանով է «անկեղծ» այդ կեցվածքը, պարզ կլինի առաջիկայում` եթե պաշտոնական Բաքուն մեղմացնելու լինի վերաբերմունքը Ադրբեջանի իսլամական կուսակցության հանդեպ, մանավանդ` արտոնի վերջինիս պետական գրանցումը եւ լեգալ գործունեությունը: Անկեղծ ասած, դժվար է դրան հավատալ:

Միաժամանակ համարձակվենք ենթադրել, որ Իլհամ Ալիեւի «իսլամականությունը» նաեւ արտաքին հասցեատեր ունի: Մենք արդեն անդրադարձել ենք Բաքվի «բոնուսային» սպասումներին, որ Մեծ Մերձավոր Արեւելքի ծրագրում կարող է տեղի ունենալ նաեւ «Ադրբեջանի միավորումը` Թավրիզ մայրաքաղաքով»: Այս իմաստով, բացառված չէ, իֆթարի արարողությանը Իլհամ Ալիեւը փորձ է արել «Հարավային Ադրբեջանի» էթնիկ ազերիներին ներկայանալ իբրեւ «հավատավոր իսլամական»:

Սա բավական նուրբ խնդիր է, եթե նկատի ունենանք, որ Իրանում գերիշխողը ոչ այնքան էթնիկ, որքան կրոնական գործոնն է: Բացառված է, որ Ադրբեջանում դա չեն հասկանում: Պարզ ասած, Ադրբեջանի` ջանադրաբար «միայն աշխարհիկ արժեքների կրողի» ներկայացվող կերպարը կարող է Իրանի էթնիկ ազերիներին վանել «միավորման գաղափարից»: Իսկ աշխարհաքաղաքական «նախագծի տրամաբանությամբ` Իրանի մասնատման գլխավոր դերակատար պետք է դառնան» հենց նրանք: Այսինքն, Իրանի էթնիկ ազերիները «պետք է սկսեն պարսկական բռնապետության լուծը թոթափելու եւ հյուսիսային եղբայրների հետ միավորման հուժկու շարժում», իսկ մնացածն արդեն «կլինի տեխնիկայի հարց»:

Իսլամական արժեքների «պաշտպանի» կերպար, այսպիսով, Իլհամ Ալիեւը ձեւավորում է, որպեսզի «Հարավային Ադրբեջանի» համար էլ դառնա «ընդունելի առաջնորդ»: Ըստ ամենայնի, դա պարզ «խաղ» է, որը, սակայն, նրա համար կարող է «բումերանգի էֆեկտ» ստեղծել. որոշակիորեն «ազատականացնելով» իսլամականությունըՙ Ադրբեջանի իշխող վերնախավը, շատ հնարավոր է, կկորցնի իրավիճակի վերահսկողությունը: Եվ այդժամ լեգալացված իսլամականությունը կփորձի լուծել իշխանության հարցը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4