«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2012-08-15 | #139, 2012-08-16 | #140, 2012-08-17


ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

2012 թվականի օգոստոսի 15-ը թբիլիսահայության կյանքում հիրավի դարձավ պատմական:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրավերով Վրաստանում հյուրընկալվող ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Ախալցխա ուղեւորվելու նախորդ օրը, Թբիլիսիում այցելեց Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու Սուրբ Էջմիածին տաճարը:

Չնայած օգոստոսյան կիզիչ արեւին, բազմամարդ էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը: Ժողովուրդը եկել էր իր խոնարհումը բերելու աստվածաշնորհ տաղանդով եւ ազգապահպան գործունեությամբ աշխարհին հայտնի Շառլ Ազնավուրին: Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ երգչին եկեղեցու բակում դիմավորեցին Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հայ հոգեւոր դասը, թբիլիսահայ հասարակայնությունը:

Հինավուրց եկեղեցու ներսում բարի կամքի դեսպանը, վիրահայոց առաջնորդի ուղեկցությամբ, աղոթք բարձրացրեց Հայաստան եւ Վրաստան աշխարհների բարեկամության եւ աշխարհասփյուռ հայության միասնության աղերսով: Սրբազան հայրը գնահատանքի եւ օրհնության խոսք ուղղեց մեծ շանսոնյեին, իր կարճատեւ դադարի ընթացքում հայկական եկեղեցում մոմ վառելու եւ թբիլիսահայության հետ հանդիպելու առիթը ձեռքից բաց չթողնելու համար:

Այնուհետեւ վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում կայացավ Շառլ Ազնավուրի հանդիպումը թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով մեծ մարդասերին եւ բարեգործինՙ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հավաստեց այն սերն ու հարգանքը, որ տածում է թբիլիսահայությունը իր հայրենակցի նկատմամբ: Պարոն դեսպանն ակնածանքով հիշեց այն ջերմությունը, որով մեկ տարի առաջ տեղի հայությունը հայոց եկեղեցում դիմավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին եւ այսօր հանդիպում է աշխարհահռչակ հայ երգչին:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող եւ մշակույթի բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիյանը Շառլ Ազնավուրին եւ ֆրանսիացի հյուրերին ներկայացրեց կենտրոնի ծաված գործունեությունը:

Մեծ ազգասերին իրենց ստեղծագործությունները նվիրեցին թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը, խեցեգործ Լեւոն Օսիպովը , երաժիշտ Լեւոն Շահբազյանը : Շառլ Ազնավուրը վրացահայ հայրենակիցներին արեւշատություն բարեմաղթեց վրացական «Քինձմարաուլի» գինով:

Երեկոյան ի պատիվ ֆրանսահայ շանսոնյեի Վրաստանում ՀՀ դեսպանության անունից տրվեց պաշտոնական ընթրիք:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրավերով Վրաստան ժամանած Շառլ Ազնավուրը, 22 հոգուց բաղկացած իր երաժշտական խմբի հետ երեկ, օգոստոսի 16-ին, մասնակցեց Ախալցխայի Ռաբաթ վերականգնված ամրոցի բացմանը: Լեգենդար շանսոնյեն իր նախնիների ծննդավայր Ախալցխայում առաջին անգամ հանդես կգա համերգով:

ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Վիրահայոց թեմի մամլո դիվանի պատասխանատու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4