Կարծես ցույց տալու համար, որ Արեւմուտքի հավատարիմ խամաճիկն է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Օգոստոսի 15-ին Մեքքայում Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ գումարվել էր «Իսլամական համագործակցություն» կազմակերպության 4-րդ արտակարգ գագաթաժողովը: Դրա նախօրյակին կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը Սիրիայի անդամակցությունը կասեցնելու համաձայնություն էր ձեռք բերվել: Տրամաբանական է, որ գագաթաժողովը հենց կասեցման հարցը քննարկեր, Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է ամեն կերպ ջանար խոչընդոտել այս նկատառմանը:
Համենայն դեպս գագաթաժողովին 56 երկիր է մասնակցել, այդ թվում, ի դեմս նախագահ Աբդուլլա Գյուլի, նաեւ Թուրքիան: Մասնակիցներից 54-ը, պատճառաբանելով, թե նախագահ Բաշար Ասադի վարչակարգը բռնություն է գործադրում սեփական ժողովրդի դեմ, քվեարկել է «Իսլամական համագործակցություն» կազմակերպությանը Սիրիայի անդամակցությունը կասեցնելու օգտին: Իսկ մնացած երկուսըՙ Իրանն ու Ալժիրը, դեմ:
Առհասարակ գագաթաժողովի քվեարկությունը լուսաբանելիս աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները, ինչպես նաեւ թուրքական կենտրոնական թերթերը, Ալժիրին գիտակցաբար շրջանցում են եւ այն տպավորությունն է ստեղծում, որ իբր միայն Իրանն է դեմ եղել Սիրիայի անդամակցության կասեցմանը:
Ի դեպ, Թուրքիայի նախագահ Գյուլը ոչ միայն կասեցման օգտին է քվեարկել, այլեւ նախքան քվեարկությունն ունեցած ելույթում գագաթաժողովի մասնակիցներին արել է հետեւյալ կոչը. «Մենք բոլորս արել ենք այն, ինչ անհրաժեշտ էր Սիրիայում անցումային շրջանը խաղաղ միջոցներով իրականացնելու համար: Սակայն «Բաասի» վարչակազմը մեր ջանքերին զենքով է պատասխանում: Հիմա արդեն առաջնահերթ խնդիրը հետասադյան նոր վարչակարգի անհապաղ ձեւավորումն է: Դա անհրաժեշտ է դարձնում Սիրիայի անդամակցության կասեցումը «Իսլամական համագործակցություն» կազմակերպությունում»:
Օգտվելով առիթից նշենք, որ Արաբական լիգան եւս կասեցրել էր Սիրիայի անդամակցությունը: Այս քայլը տարածաշրջանում Սիրիային մեկուսացնելուց զատ նաեւ հոգեբանական ճնշում է սիրիացիների վրա: Երբ ԱՄՆ-ից եւ Եվրոմիությունից քաղաքական աջակցություն, իսկ Քաթարից եւ Սաուդյան Արաբիայից Թուրքիայով միջնորդավորված զենք ու զինամթերք ստացող «Ազատ Սիրիայի բանակ» կոչված վարձու մարդասպանների ավազակախումբը արտաքին միջամտության կոչ է անում անընդհատ եւ անկախ Ասադի վարչակարգի տապալման անզուսպ ձգտումներից, միջազգային ուժերը չեն արձագանքում կոչին, կնշանակի նրանք անելիք չունեն: Այլապես վերջիններս, փոխանակ իրենց տարածաշրջանային խամաճիկների միջոցով Սիրիայի անդամակցությունը Արաբական լիգային կամ «Իսլամական համագործակցություն» կազմակերպությանը կասեցնելու, կդիմեին գործնական քայլերի: Ըստ երեւույթին, միջազգային ուժերը նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ համախոհներ չեն գտել Սիրիայի ժողովրդի մեջ: Այդ իսկ պատճառով էլ որոշել են երկրում գործել «Ազատ Սիրիայի բանակի» վարձու մարդասպանների միջոցովՙ մոռանալով, որ հեղափոխությունը ժողովուրդներն են անում, ոչ թե մարդասպանները:
«Իսլամական համագործակցություն» կազմակերպությանը Սիրիայի անդամակցության կասեցումը հազիվ թե նպաստի երկրում խաղաղության եւ կայունության վերականգնմանը: Սակայն ներկա պահին նախագահ Ասադի խնդիրը ոչ այնքան անդամակցությունն է, որքան «Ազատ Սիրիայի բանակի» վերջնական ջախջախումը: Քանի որ անդամակցության կասեցման որոշումով միջազգային ուժերի հետ սպառվում են նաեւ նրանց խամաճիկների հակաքայլերը, իսկ դա «Ազատ Սիրիայի բանակի» նկատմամբ թերահավատություն է ենթադրում, ուստի կարելի է ասել, որ անդամակցության կասեցման որոշումն ընդդիմություն կոչված վարձու մարդասպանների չեզոքացման հարցում անպայման կնպաստի Ասադի վարչակարգինՙ ձերբազատելով վերջինին ինչպես Արաբական լիգայի, այնպես էլ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անհարկի միջամտություններից եւ նշված կազմակերպությունների հայտարարություններին պաշտոնապես արձագանքելու տհաճ պարտականությունից: