«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2012-08-15 | #139, 2012-08-16 | #140, 2012-08-17


«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ. ԱՐԽԱՆԳԵԼՍԿ-ԵՐԵՎԱՆ»

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Ռուսաստանի հայերի միության Հայաստանի մասնաճյուղը բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների շարքեր է անցկացնում Հայաստանում ու նաեւ Սփյուռքի համայնքների հետ: Ուշագրավ են եւ գնահատելի այս տարվա մայիսի 27-ին ՌԴ-ի Արխանգելսկի տարածաշրջանի Պոմորյե քաղաքում բացված «Հայկական մշակույթի օր» միջոցառումները, որոնք անցկացվում են «Բարեկամության կամուրջ. Արխանգելսկ-Երեւան» ծրագրի շրջանակներում:

Երեկ, Երեւանի Մոսկվայի տանը կայացավ այդ ծրագրի շարունակությունը, որին մասնակցում էին Արխանգելսկից ժամանած բազմաթիվ հյուրեր: Միջոցառումը բացեց ու ներկաներին ողջունեց Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը : Վերջինս, բարձր գնահատելով «Բարեկամության կամուրջ» ծրագրի իրականացումը, ասաց. «Այդ անվանումը բացարձակապես պատահական չէ: Ռուսաստանի հայերի միությունը, նրա ռուսաստանյան մասնաճյուղերն ու կազմակերպությունները հայաստանյան մասնաճյուղի հետ մշտապես իրենց գործունեության ընթացքում կարեւորել են եւ ջանքեր են գործադրել ինչպես հայ-ռուսական բարեկամության զարգացման համար ընդհանուր տեսանկյուններից, այնպես էլ ապակենտրոնացված ուղղությամբ, այսինքնՙ Հայաստանի եւ Ռուսաստանի մարզերի բնակավայրերի միջեւ համագործակցության եւ փոխադարձ ճանաչողության ուղղությամբ»:

Պրն Շահգելդյանն ավելացրեց նաեւ, որ վերջին ժամանակներում այդ համագործակցությունն էլ ավելի է զարգանում տեղական մարմինների ու ղեկավարների աջակցությամբ: Ծրագրի շարունակությունը եւ համագործակցությունը բարձր գնահատեց ու կարեւորեց Ռուսաստանի հայերի միության Արխանգելսկի տարածաշրջանային կազմակերպության ներկայացուցիչ Կարապետ Չախալյանը : «Այդ ծրագիրը շատ մեծ նշանակություն ունի հայ եւ ռուս ժողովուրդների մշակույթների զարգացման գործընթացում:

Մեր երկու երկրների երկարամյա բարեկամությունը էլ ավելի մեծ թափ է առնում ոչ միայն մշակույթի, այլեւ տարբեր բնագավառներում», ասաց նա: Պրն Չախալյանը հայկական համայնքի անունից ՌՀՄ-ին փոխանցեց հուշանվեր:

Հանդիպմանը ներկա էր եւ ծրագիրը կարեւորեց սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների վարչության պետ Անդրանիկ Արշակյանը : Վերջինս, անդրադառնալով նախարարության եւ Ռուսաստանի հայերի միության հետ իրականացվող բազմաթիվ ծրագրերին, նշեց, որ դրանք միտված են սփյուռքյան համայնքներին սերտ կապերով կապել ազգային արժեքներին, մշակույթին եւ համագործակցությանը, որն էլ ընթանում է շատ ներդաշնակ: «Բարեկամության կամուրջ» ծրագրի հաջորդ փուլի մեկնարկը ողջունեցին Արխանգելսկի տարածաշրջանի Պոմորյե քաղաքի ՀԿ-ի նախագահ Օլգա Շաֆրանը , ՌՀՄ Սեվերոդվինսկի տարածաշրջանի նախագահ Վարդան Երանյանը : Պրն Երանյանը համայնքի անունից շնորհավորեց ծրագրի շարունակությունը կազմակերպողներին, կարեւորեց դա ու Երեւանի Ծովակալ Իսակովի անվան կազմակերպությանը նվիրեց ծովակալի ամենասիրած նավերից մեկի հուշանվերը: Ի դեպ, հենց երեկ լրացավ հայ ծովակալ Իվան Իսակովի ծննդյան 118-րդ տարեդարձը:

Այնուհետեւ միջոցառման մշակութային բաժնում ելույթ ունեցավ 2010 թվականին ՌՀՄ Հայաստանի մասնաճյուղի անցկացրած «Երգըՙ բարեկամության կամուրջ» փառատոնի դափնեկիր Նարեկ Միքայելյանը եւ ներկաներին հիացրեց ոչ միայն իր երգով, այլեւ դուդուկով «Հայկական պարերի շարան» շարքը նվագելով: Քիչ անց ցուցադրվեց արդեն իսկ Արխանգելսկում կայացած «Հայկական մշակույթի օր» ծրագրի մասին պատմող տեսաֆիլմը, որն էլ ընդունվեց ջերմ ծափերով: Միջոցառումը եզրափակվեց ՌՀՄ նախագահի տեղակալ, հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր Վլադիմիր Աղայանի բովանդակալից ու հետաքրքրական ելույթով:

Հյուրերը իրենց հետ բերել էին մի քանի հարյուր արվեստի գործեր, որոնք նվիրաբերվեցին տարբեր գրադարանների ու կազմակերպությունների:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4