«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2012-08-15 | #139, 2012-08-16 | #140, 2012-08-17


ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների` օգոստոսի 8-ի հանդիպմանը նախորդած եւ հաջորդած ժամանակաշրջանում հայկական եւ ռուսական մամուլում ինտենսիվ արծարծվեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամագրվելու հնարավորության թեման, հատկապես հայկական մամուլը վերջերս շատ է շուռումուռ տալիս ՌԴ նախագահի այս մտմտուք-նախաձեռնությանը անդամակցելու նպատակահարմարության խնդիրը: Գումարվեց նաեւ այն լուրը, որ օգոստոսի 22-27-ը Ծաղկաձորում երիտասարդական քննարկումներ են կազմակերպվում (Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ) այս գաղափարի շուրջը: Ասենք, որ այս թեմայի արձագանքները միանշանակ չեն, կարծիքներ են հնչում, որ Եվրասիական միությունը Խորհրդային Միությունը վերականգնելու մասնակի փորձ է, ինչն ուզում է անել ՌԴ նախագահը` աշխարհի ուժային կենտրոններից մեկը լինելու Ռուսաստանի դիրքն ամրապնդելու համար: Նաեւ մտավախություններ կան, որ տնտեսական եւ ռազմաքաղաքական համագործակցության ֆոնին այդպիսի միությունը կարող է պարտադրվել Հայաստանին: Այս թեմայով «Ազգը» զրուցեց ԱԺ պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ, որը չժխտեց, որ Ռուսաստանն այս նախաձեռնությամբ փորձում է գլոբալ քաղաքականության ուժային կենտրոն լինելու իր հնարավորությունն ավելի ուժեղացնել եւ ավելի ազդեցիկ դառնալ. «Դա ակնհայտ է, ռուսները չեն էլ թաքցնում, որ այդ նպատակն են հետապնդում: Նման կառույցի առկայությունը կնպաստեր դրան` բավական հզոր ռազմական պոտենցիալով, հզոր տնտեսական հնարավորություններով, 300 մլն-ից ավելի սպառողական շուկայով եւ էներգակիրների հզոր պաշարով մի միություն կլիներ դա: Անկասկած այդպիսի միությունը կարող էր միջազգային առումով դառնալ ամենազդեցիկ կենտրոններւից մեկը: Սա` Ռուսաստանի խնդիրը»:

Ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա այս հարցում Հայաստանը` Խ. Հարությունյանն առաջարկեց խնդիրը դիտարկել այն տեսանկյունից, թե ի՞նչ կարող է տալ Հայաստանին այդպիսի անդամակցությունը. «Նախ ասեմ, որ մեզ համար դեպի Եվրոպա թեզը այսրոպեական քաղաքական մոտեցում չէ, դրանով արձանագրվում է մեր քաղաքակրթական հեռանկարը: Քաղաքակրթական տեսլականը մեզ համար Եվրոպան է, որ ոչ այլ ինչ է, քան վերադարձ մեր պատմական, մշակութային, քաղաքակրթական բնօրրանը, որտեղից մենք սկսել ենք: Համաձայնեք, որ, այո, եվրոպական քաղաքակրթությունից օգտվելը նշանակում է որակյալ կրթություն, ժամանակակից մշակութային կյանքի կազմակերպում, տնտեսական նոր հնարավորություններ, տեխնոլոգիաներ, հանրային կյանքի կազմակերպման որակապես նոր մոտեցումներ»: Մինչդեռ վերը նշված քաղաքակրթական հեռանկարի տեսանկյունից Եվրասիական միությունն այդ ամենը չի կարող ապահովել. «Սակայն մենք ունենք ազգային անվտանգության խնդիր եւ այդ խնդիրը մինչ այս էլ փորձում ենք լուծել Ռուսաստանի հետ երկկողմանի, ռազմավարական-դաշնակցային պայմանագրի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Սրանք բխում են նաեւ Ռուսաստանի շահերից` հարավային ուղղությամբ ռազմավարության իրականացումը նաեւ Ռուսաստանի շահերից է բխում: Եվ մեր շահերից է բխում` ռուսական բազաների գոյությունը մեր անվտանգության երաշխիք է»:

Շարունակելով քննարկել, թե ինչ կարող է տալ եւ ինչ չի կարող տալ Եվրասիական միությունը, եւ նշելով, որ Ռուսաստանը հարավային ուղղությամբ իր երկարաժամկետ հետաքրքրությունն ապահովելիս Հայաստանի հետ համագործակցելը կարեւորում է, Խ. Հարությունյանն ասում է. «Հարց է առաջանում` արդյոք դա բավարար չէ՞, արդյոք Հայաստանը պե՞տք է դառնա նոր Եվրասիական միության անդամ: Հարցը սա է: Իմ կարծիքով այդ երկկողմանի ռազմաքաղաքական եւ ռազմական ոլորտներում եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունը միանգամայն բավարար են թե՛ Հայաստանի անվտանգությունը երկարաժամկետ ապահովելու եւ թե՛ Ռուսաստանի ռազմաքաղաքական հետաքրքրությունները հարավային ուղղությամբ ապահովելու համար: Ավելին ասեմ` Հայաստանի միանալն այդ միությանը ոչինչ չի տալիս` ոչ տնտեսական, ոչ ռազմական տեսանկյունից. ընդամենը կարող էր ռուսական քաղաքական իստեբլիշմենթի մեջ ստեղծել տպավորություն, որ Հայաստանը այլեւս մեզ հետ է եւ երբեւէ այլ քաղաքական նախապատվություն չի ունենա»: Իսկ մենք կարողանո՞ւմ ենք Ռուսաստանին հասկացնել, թե այդ միությանը Հայաստանի միանալը ոչինչ չի տա այդ միությանը. «Ես կարծում եմ` այո»: Խ. Հարությունյանը չի բացառում, որ ի վերջո մեր հանրության մեջ ոմանք կամ ինչ -որ խմբեր կարող են ջատագով լինել Եվրասիական միությանը, սակայն որ Հայաստանը կարող է պարտադրված նման որոշում կայացնել` դրան չի հավատում: «Ո՞ր դեպքում այդպիսի պարտադրանքն անխուսափելի կլիներ», հարցրինք. «Երբ զգայինք, որ ազգային անվտանգությանն այնպիսի մարտահրավեր է նետված, որ այլեւս այլընտրանք չունենք: Ասենք` մեծածավալ պատերազմական գործողության դեպքում», նշեց Խ. Հարությունյանը` հավելելով, թե երկարաժամկետ եւ կարճաժամկետ ապագայի տեսակետից նույնիսկ Ռուսաստանին ձեռնտու կլինի, որ Հայաստանը լինի անկախ եւ ամբողջական ինքնիշխանությամբ, ու հուսով է, որ Ռուսաստանում ըմբռնում են դա:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4