Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիդնեյի հայ համայնքի հետ: Նախարարի Ավստրալիա կատարած այցի մասին «Ազգը» նախորդ մի համարում արդեն տեղեկացրել է:
Ռամկավար ազատական կուսակցության Սիդնեյի ակումբից տեղեկացանք, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ելույթով, խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների շուրջը: Հուրախություն տեղի համայնքի` իր ելույթում նախարարը նաեւ նշել է, որ մինչ 2015 թվականը Ավստրալիայում հավանաբար բացվի հայկական դեսպանատուն` Կանբերա մայրաքաղաքում: Սակայն մինչ հայկական դեսպանության բացումը նախատեսվում է Սիդնեյում բացել հայկական հյուպատոսություն` աջակցելու համար տեղի հայությանն ու ամրապնդելու երկու ժողովուրդների հարաբերությունները:
Ավստրալիայի ՌԱԿ Հայ իրավանց խորհրդի ատենապետ Հակոբ Չամքերթենյանը նաեւ տեղեկացնում է, որ նախարարն ասել է` Ավստրալիայի հայ համայնքն ունի ավելի քան 40 հազար բնակիչ, եւ դառնալով ուժեղ ու ակտիվ համայնք` կարող է նպաստել 2 ժողովուրդների միջեւ տնտեսական ու քաղաքական կապերի ամրապնդմանը:
Ի. Պ.