Հայաստանի հողօգտագործողներին աշնանը մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը երեկ հաստատվեց կառավարությունում: Այդ նպատակով գյուղատնտեսության նախարարությանը հատկացվեց ավելի քան 632 մլն դրամ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ համանման որոշում էր ընդունվել նաեւ գարնանացանի աշխատանքին օժանդակելու համար: «Այժմ նույնպես բոլոր մարզերից հավաքել ենք գյուղացիական տնտեսությունների ներկայացրած ամբողջ պահանջարկը եւ լրիվ բավարարելու ենք: Ըստ էության, պետությունը սուբսիդավորում է դիզվառելիքը, որպեսզի ավելի մատչելի գնով հասնի գյուղացուն», ասաց նա:
Մյուս որոշմամբ կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին աշնանը մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որը իրականացվել էր նաեւ գարնանացանի ժամանակ: «Մենք հավաքել ենք գյուղացիական տնտեսությունների ամբողջական պահանջարկը եւ ունենք բաշխվածությունն ըստ մարզերի: Բացի դրանիցՙ այս տարի Վանաձորի քիմիական կոմբինատը կսկսի արտադրել բարձրորակ պարարտանյութ, ինչը նշանակում է, որ ապագայում մենք կկարողանանք պահանջարկն ամբողջությամբ ապահովել տեղական արտադրության պարարտանյութով: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս պահին 5000 տոննա ենք ներմուծում, իսկ մնացած պահանջարկն արդեն կբավարարենք տեղական արտադրության պարարտանյութով: Գյուղացիներին մատակարարվելիք պարարտանյութի գինը մնում է նույնը, տարբերությունը սուբսիդավորելու ենք պետական բյուջեից», տեղեկացրեց վարչապետը:
Ա. Մ.