«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2012-08-15 | #139, 2012-08-16 | #140, 2012-08-17


ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԶԵՐԾ ՉԷ ՍՏՎԵՐԻՑ

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը կարծում է, որ Հայաստանում գործող հանգստավայրերում սպասարկման որակը անհրաժեշտ չափանիշներին անհամապատասխան է, օրինակ` հյուրանոցներում աշխատող երիտասարդները սպասարկել չեն կարողանում, քանի որ անհրաժեշտ ուսուցում չեն ստացել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ սպառողների պաշտպանը ասաց, թե այնպիսի տպավորություն է` ասես հյուրանոցի աշխատողին հաճախորդն է սպասարկում: Իսկ ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, զբոսաշրջությունը մեզ մոտ կաղում է, եւ թերացումներից մեկն էլ կադրերի ուսուցման հարցն է:

«Ներդրումներ են հարկավոր, նաեւ պետք է բնության գրկում գրավիչ բաներ սարքել, այլապես շքեղ հյուրանոցներով տուրիստների չես զարմացնի», կարծում է Արմեն Պողոսյանը: Մի այլ խնդիր էլ` զբոսաշրջային վայրերում զուգարանների կառուցման անհրաժեշտությունն է:

Ինչ վերաբերում է սպասարկման ու հանգստի գներին, Արմեն Պողոսյանը հաշվարկել է, որ Հայաստանում մեկօրյա հանգստի ամենամատչելի գինը 25 հազար դրամ է:

Զբոսաշրջության ոլորտը նույնպես զերծ չի մնացել ստվերից: Արմեն Պողոսյանի խոսքով` այստեղ էլ ստվերային եկամուտներ են ստացվում: «Սեւանի ափին` անգամ արգելված գոտում կառուցել են շինություններ, հանգստավայրեր ու հիմա էլ ստիպում են պետությանը Սեւանից ջուր բաց թողնել, որպեսզի պահպանվեն այդ կառույցները», հավելեց Արմեն Պողոսյանը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4