Օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ Կրեմլում կայացած հանդիպումը մի յուրօրինակ ազդանշան հանդիսացավ Հայաստանում ինտեգրման հեռանկարների շուրջը բանավեճերի ու քննարկումների ծավալման համար: Արդեն մի քանի օր է, ինչ հայաստանյան ԶԼՄ-ները սկսել են վերլուծել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների բովանդակությունըՙ հասկանալու համար, թե այն ի՞նչ հեռանկար է բացում մեր երկրի համար, եւ դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ մոտակա ներքաղաքական զարգացումների վրա: Բայց այդ առաջին վերլուծականները պարզունակ են, եթե չասենք` մակերեսային: Անշուշտ, գալիք նախագահական ընտրությունների թեման օրակարգային է, եւ գերզգայո~ւն վերլուծաբանները մեծ ու փոքր անցուդարձին նայում են այդ տեսանկյունից: Բայց առանց չափազանցության ինձ թույլ եմ տալիս ասել, որ այն գործընթացները, որոնք սկսել են ծավալվել մեր օրերում, կարող են սկիզբ դառնալ քաղաքական իրողությունների, որոնք մի քանի տասնամյակ կկանխորոշեն մեր տարածաշրջանի դիմագիծը: Լսելով մոսկովյան եւ հայկական ԶԼՄ-ների տեղեկությունները երկու նախագահների հանդիպման մասին մի կողմից եւ ուշադրությամբ հետեւելով Սիրիայում ծավալվող ողբերգական առճակատմանը, հետեւելով Իրանի շուրջը անընդհատ աճող միջազգային լարվածությանը` չենք կարող չհամակվել մի զգացողությամբ, որ մեր տարածաշրջանում ու աշխարհում ինչ-որ բան է փոխվում, եւ այդ փոփոխությունները նոր մտածմունքներ ու զգացողություններ են արթնացնում:
«Ավելի խոր ինտեգրացիոն գործընթացներ հետխորհրդային տարածքում»
Ինչպես եւ կանխատեսում էին վերլուծաբանները, նախագահների մոսկովյան հանդիպման օրակարգային գլխավոր թեմաներից մեկը ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացումն էր: Հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ նախագահ Պուտինը պարզ ասաց, որ Հայաստանի նախագահի հետ հանձնարարել են իրենց նախարարներին միասին աշխատելու եւ տեսնելու, թե ի՞նչ կարելի է անել Մաքսային միության հետ Հայաստանի ավելի սերտ գործակցության համար, ելնելով այն իրողությունից, որ Հայաստանը սահմաններ չունի միության անդամ-երկրների հետ: Մոսկովյան փորձագետներից մեկն այդ կապակցությամբ ասել է, որ այդ հարցում կարող է օգտակար լինել Կալինինգրադի մարզի փորձը, որն, ինչպես հայտնի է, բուն Ռուսաստանից բաժանված է Լիտվայով, Լատվիայով եւ Բելառուսով: Ռազմավարական գործընկեր-դաշնակիցներին բնորոշ վստահության բարձր մակարդակում անցած այդ հանդիպումից հետո որեւէ տեղեկություն չկա, թե Հայաստանին «ստիպել են» անդամակցել Եվրասիական միությանը: Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ Եվրասիական միության ձեւավորման հարցը Ռուսաստանի Դաշնության ներկայիս վերնախավի համար սկզբունքային առաջնահերթություն է եւ որոշակի իմաստով նաեւ համերաշխության ու համախոհության ինդիկատոր: Այսպիսով, Հայաստանում սկիզբ առած քննարկումների ռացիոնալ բովանդակությունը քաղաքական իմաստով կարող է հանգել այն հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի ավելի սերտ մասնակցությունը Եվրասիական տարածքում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին ուժեղացնում մեր դաշնակից եւ գործընկեր Ռուսաստանի Դաշնության ռեսուրսը Եվրոպական միության հետ բանակցություններում: Ավելի պարզ ասած, եթե Ռուսաստանը հետեւողականորեն առաջ է մղելու Եվրոպական միության հետ ռազմավարական գործընկերության բնութագիր ունեցող հարաբերությունների կառուցման գործընթացը, եւ եթե դրա հեռահար նպատակը իսկապես Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ Մեծ Եվրոպայի տեսլականն է, կարո՞ղ է արդյոք Հայաստանի պատրաստակամությունըՙ ներգրավվել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում, Մոսկվայի կողմից իրապես ընկալվել որպես դաշնակցի` աջակցելու պատրաստակամություն: Հայաստանում արդեն շատերն են խոսում, որ եթե եվրոպական ինտեգրումը հաջողվի զուգորդել եվրասիական ինտեգրման հետ այնպես, որ դա չառաջացնի երկու խոշոր ուժային կենտրոնների դժգոհությունն ու անվստահությունը, ապա ստեղծված իրավիճակում այդ վիճակը կարելի կլինի գնահատել որպես արտաքին քաղաքական հաջողություն: Եվ իսկապես, եթե մենք իսկապես ուզենայինք, որ մեր քաղաքական, տնտեսական, իրավական, վարչական եւ հասարակական ենթակառուցվածքները համապատասխանեին եվրոպական չափանիշներին (այլ կերպ ասած` Հայաստանն իր բնույթով լիներ եվրոպական երկիր), մյուս կողմից, մենք կասկած չէինք առաջացնի մեր գլխավոր ռազմաքաղաքական դաշնակցի մեջ նրա համար սկզբունքային քաղաքական հարցերում անվերապահ սատարելու եւ աջակցելու հարցում: Մեր կայքերը եւ թերթերը արդեն ողողված են դատողություններով, որ տեսականորեն նման համադրումը գոնե մոտակա մեկ-երկու տարիներին հնարավոր է, եւ այդպես մտածելու լուրջ պատճառներ կան: Օրինակ` Եվրոպական միությունը տնտեսական ճգնաժամ է ապրում, եւ ոչ ոք չի հավատում, որ մոտակա տասնամյակում Հայաստանին կարող են ընդունել որպես եվրոպական ընտանիքի լիարժեք անդամի: Մյուս կողմիցՙ Ուկրաինան, որն, ինչպես հայտնի է, Վրաստանի հետ մեկտեղ ամենից հեռուն է գնացել եվրոպական ինտեգրման ճանապարհով, Տարածաշրջանների կուսակցության ծանրակշիռ հաջողության դեպքում գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում նույնպես կարող է արտոնյալ ռեժիմ ձեւավորել Մաքսային միության երկրների հետ առանց հրաժարվելու եվրոինտեգրման առաջնահերթությունից: Իսկ Ուկրաինան, ինչպես հայտնի է, շատ սկզբունքային արժեք է ներկայացնում Ռուսաստանի եւ Եվրասիական միության համար, եթե այն ինչ-որ ժամանակ գա ինքնուրույն եւ ուժեղ վերազգային միասնական տարադրամ ունենալու գաղափարին: Սա մի փոքր ավելի հեռու ապագայի հարց է: Իսկ այսօր հառնած գլխավոր հարցը կոնկրետ հնչում է այսպես. հնարավո՞ր է արդյոք փափուկ մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին զուգորդել փափուկ մասնակցությամբ եվրոինտեգրացիոն գործընթացին: Մենք հիշում ենք, որ այդ կապակցությամբ Երեւանից հեռացող Գերմանիայի նախկին դեսպանը տվել էր միանշանակ բացասական պատասխան: Բայց մենք շատ լավ հասկանում ենք նաեւ, որ ավելի լուրջ մակարդակներում այդքան միանշանակ եւ այդքան բացասական դեռ ոչ ոք չի արտահայտվել: Կարծում եմ, որ չի էլ կարող, որովհետեւ սա կնշանակեր հարձակում ոչ թե Երեւանի, այլ արդեն Մոսկվայի վրա: Հայաստանում սկսված հրապարակային քննարկումները կարող են լուրջ ներդրում լինել մեր քաղաքական եւ հասարակական կյանքում, եթե լրջորեն վեր հանեն մեր տնտեսական, սոցիալական, մշակութային, հումանիտար այն արտոնությունների ցանկը, որը մենք կարող ենք ստանալ ինտեգրացիոն գործընթացների մեջ ներգրավվելով: Ասածիս ամենապարզ օրինակը գազի գինն է, որի գնագոյացման բանաձեւի շուրջը նախագահները Մոսկվայում պայմանավորվածություն ձեռք բերեցին, բայց որի փաստացի գինը, միեւնույն է, կախված է լինելու քաղաքական ու տնտեսական բազմաթիվ կոնկրետ բաղադրիչներից: Միասնական գիտակրթական տարածքի ձեւավորման, սոցիալական երաշխիքների, ապրանքների եւ ծառայությունների անարգել արտահայտման ու ներմուծման հարցերը այն շարքից են, որոնք այսպես թե այնպես մտնելու են քաղաքական օրակարգ, քանի որ հետաքրքրում են բոլորին:
Ղարաբաղյան կարգավորումը որպես գերխնդիր
Եվրոինտեգրման գործընթացի նախորդ բոլոր տարիներին Եվրոմիությունը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ միասին ունեցել է եւ ունի բանաձեւ կարգավորման հարցում: Այն, ինչ ընդունելի է Ադրբեջանի եւ Հայաստանի համար, ընդունելի կլինի նաեւ միջազգային հանրության համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ առաջ մղվող այս բանաձեւը կարելի է մեկնաբանել նաեւ այնպես, որ «Լեռնային Ղարաբաղի հարցում շարունակե՛ք պայմանավորվել եւ բանակցել, բայց ավելի խոշոր գործընթացներին մի՛ խանգարեք»: Դրա համար էլ այդ սկզբունքը բազմիցս խախտել փորձող Ադրբեջանի նախագահը հանդիպել է միջազգային հանրության անտարբերությանը եւ հաջողություն չի ունեցել: Լինի ադրբեջանական գազի գնի որոշման բանաձեւը ղարաբաղյան կարգավորման հարցում Եվրոմիությունից զիջումներ կորզելու փորձը, լինեն տարբեր երկրներում եւ միջազգային հարթակներում Հայաստանը սեւացնելու ու նսեմացնելու աշխույժ ջանքերը: Ոչ մի պատճառ չկա կարծելու, որ Հարավային Կովկասը Եվրոպական միությանը ինտեգրելու ջանքերից բխում է, թե փոխված է վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ: Մյուս կողմից, պատճառ չկա ենթադրելու, որ Ռուսաստանը կարող է ավելի վճռական եւ կողմնակալ դիրքորոշում որդեգրել կարգավորման գործընթացում, ասենք` բացահայտ պաշտպանելով հակամարտության կողմերից որեւէ մեկին: ՀՀ նախագահի այցին նախորդած շրջանում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում հերթական անգամ ասել էր, որ Ղարաբաղյան կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթում եւ Ռուսաստանը շարունակում է ակտիվ մասնակցել եռանախագահության ջանքերին: Այսպիսով, աշխուժորեն առաջ մղելով եվրասիական ինտեգրման գաղափարը թե՛ Հայաստանում եւ թե՛ Ադրբեջանումՙ Ռուսաստանը փորձում եւ փորձելու է հնարավորինս շրջանցել այս գերզգայուն թեման, առաջնորդվելով նույն սկզբունքով, ինչ Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ն, այսինքն` «մեզ համար ընդունելի է որեւէ լուծում, որն ընդունելի կլինի ձեր երկուսի համար»: Այնպես որ կարծել, թե եվրասիական ինտեգրման հարցում ինչ-որ հրաշքով արագ կգտնվի Ղարաբաղյան կարգավորման դեղատոմսը, բավական միամիտ է: Բայց բոլորը հասկանում են, որ առանց Ռուսաստանի, Եվրոմիության եւ ԱՄՆ-ի շարունակական ջանքերի բանակցային գործընթացը ուղղակի կմտնի փակուղի եւ միանգամից կմեծանա պատերազմի հավանականությունը: Ուրեմն, Մինսկի խմբի գործունեությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի ու մոտեցումների համադրման բացառիկ հաջող օրինակ է, այլ ոչ թե հակադրության արդյունք: Ահա ձեզ եւս մեկ փաստարկ հօգուտ «Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ Մեծ Եվրոպայի»:
Մեծ ինտեգրացիոն գործընթացները եւ մեր ներքաղաքական կյանքը
Բավական պարզունակ կլինի, եթե որեւէ մեկը փորձի հակադրել քաղաքական ուժերն ըստ կողմնորոշումների, որովհետեւ ամեն քաղաքական ուժի մեջ էլ կան ինչպես արեւմտյան կողմնորոշան, այնպես էլ հյուսիսային կողմնորոշման կողմնակիցներ: Եվրոպական ինտեգրման կողմնակիցների անվիճելի ուժեղ փաստարկը Եվրոպայի` աշխարհում ամենաբարձր եւ ամենագրավիչ տնտեսական, քաղաքական, կենսապահովման, կրթական, մշակութային եւ սոցիալական չափանիշներն են, որոնք, իմիջիայլոց, շատ գրավիչ են նաեւ Ռուսաստանի եւ ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածքի մարդկանց համար էլ: Եվս մեկ գրավիչ փաստարկ է մոտակա մեկ տարվա ընթացքում Եվրոմիության հետ խոր եւ ազատ առեւտրի համապարփակ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Եվրասիական ինտեգրման կողմնակիցների գլխավոր փաստարկը վերջին հարյուրամյակների ընդհանուր պատմությունն է, միլիոնավոր ամենաբազմազան կապերը, շատ նման աշխարհայացքը եւ միաժամանակ ընդհանուր դժգոհությունը Արեւմուտքից, որտեղ հավասար աչքով չեն նայում հետխորհրդային տարածքին ու նրա մարդկանց շահերին: Էլ չասած ընդհանուր ռազմաքաղաքական անվտանգային շահերը: Ծանոթ քաղաքագետները կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ ինչ-որ պահի կարող է կրկնվել Իսրայել Օրու պատմությունը, երբ օգնություն էինք փնտրում Եվրոպայում, բայց ռուսներին բերեցինք Հարավային Կովկաս: Ճիշտ է, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Բայց քաղաքական իմաստությունը նաեւ թարմ լուծումների մեջ ժամանակին տեղավորվելու կարողության մեջ է: Եթե ինչ-որ պահի մեզ, օրինակ, ԱՄՆ-ից կամ Եվրոպայից ասեն, որ մեր փափուկ մասնակցությունը թե՛ եվրոինտեգրման, թե՛ եվրասիական ինտեգրման գործընթացներին միաժամանակ անհնար է, ապա, անշուշտ, ներքաղաքական կյանքում կարող են գծագրվել պայքարի եւ նույնիսկ առճակատման տարրեր: Մեր պատմության մեջ այդպես եղել է: Բայց նման բան այժմ պետք է որ տեղի չունենա, որովհետեւ ուժային այդ նույն կենտրոններում առանձնապես ոչ մի օգուտ չեն ստանալու Հայաստանը միարժեքորեն Ռուսաստանի կողմ մղելուց: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ իր անկախության բոլոր քսանմեկ տարիներին Հայաստանը միանշանակորեն եղել է Ռուսաստանի հավատարիմ գործընկերն ու դաշնակիցը, միաժամանակ վստահելի ու ընդունված գործընկեր լինելով Արեւմուտքում շատ-շատերի համար: Ինչո՞ւ պետք է մեջտեղ բերվի ճակատագրական երկընտրանքի հարցը, եթե այնտեղ չեն ուզում վերջնականապես ջլատել եւ թուլացնել Հայաստանը: Կարծում եմ, որ քաղաքական գործիչների ու գաղափարի քաղաքական ջատագովների ձայնը այսօր ծավալվող քննարկումներում պետք է զուգորդել մեր տնտեսագետների, բիզնեսմենների, մշակույթի ու արվեստի մարդկանց, երիտասարդների ձայների հետ, որոնք կարող են նույնպես չափազանց օգտակար լինել: Անընդհատ պետք է շարունակել փնտրել մեր ժողովրդի օգուտներն` առանց զարնվելու անվստահության ու թյուրըմբռնման պատնեշներին: Ինտեգրացիոն հեռանկարների շուրջը ծավալվող քննարկումներով մեր հասարակությունը պետք է դառնա ավելի համախմբված, ավելի քաջատեղյակ եւ ավելի ուժեղ: Մեզ որակյալ քննարկումներ են պետք:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու