«Ֆենգ Յի Տինգը» առաջին հայացքից ավանդական չինական օպերային ներկայացում է, բայց նաեւ շատ ավելի հետաքրքրական առումովՙ ավանդականի եւ անցումայինի, միատարրության մեր դարաշրջանում մշակույթների փոխհամագործակցության հիանալի օրինակ է: Կարկառուն ռեժիսոր Ատոմ Էգոյանի նուրբ ու զգայուն բեմադրությամբ Չառլստոնում (ԱՄՆ) Սպոլետո փառատոնին մասնակից ներկայացումը մշակութային նվաճման, ձայնային տվյալների հայտնաբերման եւ սյուժեի բացահայտման առումներով հրաշք ստեղծագործություն է», գրում է Յորղոս Վասիլանդոնակիսը «Պոստ ընդ կուրիեր» պարբերականում, որտեղից «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերն արտատպել է հոդվածը: Այդտեղից էլ քաղում ենք հետեւյալ մանրամասնությունները ի հավելումն «Ազգի» հունիսի 20-ի համարի մեր լրատվության:
Օպերայի հեղինակ կոմպոզիտոր Գուո Ուենյինգը «1956-ի շրջանավարտներ» անունով ծանոթ ընտրյալ կոմպոզիտորների խմբի մաս է կազմում եւ միակն է, որ մնացել է եւ ստեղծագործում է իր հայրենիքում: Մյուսները նախընտրել են օգտվել արեւմտյան ափերի ընձեռած «հնարավորություններից» եւ չնայած մեծ մասամբ պահպանել են իրենց ստեղծագործություններում ավանդական չինական ազդեցությունները, սակայն չեն կարող մրցել Ուենյինգի հետ, որը մեծապես ազդված լինելով Ստրավինսկու եւ Լուտոսլավսկու երաժշտական առանձնահատկություններից, մեծ վարպետությամբ է կարողանում միաձուլել ավանդականը արդիականի հետ:
Սյուժեն մի փառասեր եւ ուժեղ բնավորության տեր կնոջ մասին է, որն առաջ է գնում կյանքում շնորհիվ իր հրապուրիչ արտաքինի: Օպերայում ընդգրկված են դիզին (բամբուկե ֆլեյտան), շենը, պիպան, էրխուն եւ այլ չինական կսմիթային, աղեղնավոր ու հարվածային էկզոտիկ գործիքներ, որոնց գումարվում են նաեւ արեւմտյան գործիքներ: Պարտիտուրան գունեղ է, աշխույժ, կենսուրախ:
«Լինելով վարպետ հեքիաթասաց, Էգոյանը կարողացել է լիուլի ըմբռնել պարտիտուրայի նրբությունները եւ Բեռնարդո Բերտոլուչիի կամ Սերջիո Լեոնեի զգացմունքայնությամբ բեմ բարձրացրել օպերան: Բեմադրության ամենամեծ նվաճումը ներկայացման տեւողության, դերասանական կազմի, բեմական հարդարանքի եւ լուսային էֆեկտների համաչափության մեջ է», եզրակացնում է հոդվածը Յորղոս Վասիլանդոնակիսը:
Հ. Ծ.