«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2012-08-15 | #139, 2012-08-16 | #140, 2012-08-17


ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ, ԵԹԵ ԱՊԱՑՈՒՑԵՆ ԻՄ ՄԵՂՔԸ»

Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում ամենամեծ ձախողումը ծանրորդներինն էր, որոնցից Մելինե Դալուզյանը, Առաքել Միրզոյանն ու Արա Խաչատրյանը 0 ստացանՙ չբարձրացնելով պատվիրած նախնական քաշը: Եվ հենց նրանք էլ ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ քննադատության թիրախ դարձան:

Երեկ «Հայելի» ակումբում ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի մամուլի ասուլիսն էլ սկսվեց այն հարցով, թե ինչո՞ւ վերջինս հրաժարական չտվեց: Սամվել Խաչատրյանը նշեց, որ ինքն ընտրված անձ է եւ եթե սեպտեմբերին կայանալիք ֆեդերացիայի արտահերթ նիստում պահանջեն իր հրաժարականը ու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ համաձայն լինի այդ պահանջին, ապա պատրաստ է հրաժարվել նախագահի պաշտոնից: Բայց այդ դեպքում ֆեդերացիայի նախագահը մարզիկներից ու մարզիչներից պահանջելու է, որ ապացուցեն, թե ինքը որ հարցերում է թերացել, որն է իր մեղքը:

Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ թե՛ իր ղեկավարած կազմակերպությունը, թե՛ ՀԱՕԿ-ը բոլոր պայմանները ստեղծել էին ծանրորդների նորմալ պատրաստության համար: Ժամանակին կազմակերպվել են ուսումնամարզական հավաքները, մարզիկներն ապահովվել են անհրաժեշտ սննդով ու վերականգնիչներով, հավաքականի անդամները բարձր աշխատավարձ են ստացել: Այդքանից հետո օլիմպիադայում մեր ծանրորդներից ակնկալիքները մեծ էին: Ըստ Սամվել Խաչատրյանի, Տիգրան Մարտիրոսյանից ու Մելինե Դալուզյանից ոսկե մեդալ էին ակնկալում, վատագույն դեպքումՙ արծաթե մեդալ, Առաքել Միրզոյանից ու Հռիփսիմե Խուրշուդյանիցՙ բրոնզե մեդալ:

Սամվել Խաչատրյանը հանգամանորեն պարզաբանեց Տիգրան Մարտիրոսյանի հետ տեղի ունեցածը: Նա նշեց, որ Տիգրանը շատ լավ մարզավիճակում էր, Պոդոլսկում մարզումների ժամանակ պոկում էր 175 կգ, հրում 210 կգ: Նա նստաներվի բորբոքում ուներ: Դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում համապատասխան բուժում էր ստացել ու շարունակում էր ապաքինվել: Հուլիսի 26-ին Լոնդոնում մեր ծանրորդների համար արդեն նախնական քաշերը պատվիրվել էին: 2 օր անց Պոդոլսկից զանգահարում է ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ու տեղեկացնում, որ Տիգրանը լուրջ վնասվածք է ստացել, չի կարողանում նույնիսկ կռանալ:

Ինչ վերաբերում է Առաքել Միրզոյանին, ապա նա էլ մարզումների ժամանակ բավականին ծանրակշիռ կգ-ներ էր բարձրացնում: Թեեւ Առաքելն օլիմպիադային նախապատրաստվել է անհատական ծրագրով, իր անձնական մարզչիՙ Օգսեն Միրզոյանի գլխավորությամբ, սակայն նա եւս օգտվել է ծանրորդների համար նախատեսված վերականգնիչներից, հատուկ սննդակարգից: Սամվել Խաչատրյանը նշեց, որ 2009-ին էլ առանձին մարզվելով, Առաքելը Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել: Դեռեւս գարնանը որոշված էր, որ նա Տիգրան Մարտիրոսյանի հետ հանդես է գալու մինչեւ 77 կգ քաշային կարգում, սակայն հետո ծանրորդի եւ նրա մարզչի խնդրանքով որոշվեց Առաքելին հայտավորել մինչեւ 69 կգ քաշային կարգում: Իսկ դրա համար Առաքելը պետք է աստիճանաբար քաշը նվազեցներ:

Սամվել Խաչատրյանն ինքն էլ չի կարողանում հասկանալ, թե ի՞նչ պատահեց Առաքելի հետ մրցահարթակում: Միայն մրցումներից հետո Օգսեն Միրզոյանը տեղեկացրել է, որ վերջին 10 օրերին Առաքելի հետ ինչ-որ բան էր կատարվում, ծանրաձողին մոտենալիս շփոթվում էր:

Մելինե Դալուզյանն էլ վնասվածքը բուժելուց հետո բավականին բարձր արդյունքներ էր ցույց տալիս մարզումների ժամանակ: Լոնդոնում էլ նախավարժանքի ժամանակ այնպիսի թեթեւությամբ էր բարձրացրել 110 կգ-ը, որ մարզիչները մտածել էին չեմպիոնության մասին: Սակայն մրցահարթակից հեռանալուց հետո Մելինեն խոստովանել էր, որ ծանրաձողի քաշն իրեն տոննաներ էր թվում, դրա համար էլ ձախողվեց:

Սամվել Խաչատրյանը դրվատանքի խոսքեր հղեց Հռիփսիմե Խուրշուդյանի հասցեին, որն անձնական քաշով զգալիորեն զիջելով իր մի խումբ մրցակցուհիներին, կարողացավ մեդալ նվաճել: Իսկ մի քանի անգամ վիրահատված Արա Խաչատրյանից ֆեդերացիայի նախագահը մեդալի ակնկալիք չուներ:

Ֆեդերացիայի նախագահը հերքեց այն լուրերը, թե Նորայր Վարդանյանին վերեւների հրահանգով են ընդգրկել հավաքականում: Նա նշեց, որ նույնիսկ Գագիկ Ծառուկյանը չի խառնվում հավաքականի կազմն ընտրելու հարցին: Օլիմպիադային պետք է մասնակցեր գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը: Նա շատ լավ մարզավիճակում էր, սակայն ուսի վնասվածքը թույլ չտվեց մեկնել Լոնդոն:

Ընդհանրապես վնասվածքները շատ են հետապնդում մեր առաջատար ծանրորդներին: Հենց հիմնականում դրանց պատճառով մեր ծանրորդները չմասնակցեցին Եվրոպայի առաջնությանը: Սամվել Խաչատրյանը համաձայնեց մեր այն տեսակետին, որ ծանրորդների մոտ մրցակցային փորձի պակասն էլ իր բացասական ազդեցությունն ունեցավ: Չնայած օլիմպիադայի մասնակիցների մեծամասնությունը Եվրոպայի առաջնությանը չէր մասնակցել:

Ֆեդերացիայի նախագահը չկիսեց ասուլիսում հնչած այն տեսակետը, թե ծանրամարտը ճգնաժամում է հայտնվել: Նա տեղեկացրեց, որ իր նախագահության տարիներին ծանրորդներն ընդհանուր առմամբ 346 մեդալ են նվաճել: Իհարկե, ոչ ոք ապահովագրված չէ անհաջողություններից, հատկապես սպորտում: Առաջիկայում մեր երիտասարդ ծանրորդները հանդես կգան տարիքային տարբեր խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Սամվել Խաչատրյանը համոզված է, որ նրանք հաջող ելույթներ կունենանՙ ապացուցելով, որ ծանրամարտում նաեւ լավ հերթափոխ է աճում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4