«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2012-08-15 | #139, 2012-08-16 | #140, 2012-08-17


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ՈՒՂԵԳՐԻ ՆՎԱՃՄԱՆ ԼՈՒՐՋ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն անչափ կարեւոր հաղթանակ տոնեց Եվրոպայի 2013-ի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրումՙ 1-0 հաշվով հյուրընկալվելիս պարտության մատնելով Ուելսի ընտրանուն:

Հանդիպումը շատ հաջող սկսվեց մեր հավաքականի համար: Արդեն 7-րդ րոպեին դաշտի տերերի պաշտպան Դեւիդ Սթիվենսը տուգանային հրապարակում կոպիտ խաղաց Գագիկ Պողոսյանի նկատմամբ ու հեռացվեց խաղադաշտից: Իսկ Հովհաննես Համբարձումյանը դիպուկ իրացրեց 11 մ հարվածըՙ բացելով հաշիվը: Հասնելով խաղային եւ թվային առավելության, մեր ֆուտբոլիստները շարունակեցին գրոհները եւ դեռեւս 1-ին խաղակեսին կարող էին կրկնապատկել հաշիվը: Սակայն հաջող խաղաց Ուելսի հավաքականի դարպասապահ Կրիս Մաքսվելըՙ հետ մղելով Մասիս Ոսկանյանի եւ Աղվան Պապիկյանի վտանգավոր հարվածները:

66-րդ րոպեին էլ մեր ֆուտբոլիստները չօգտագործեցին գոլ խփելու հիանալի առիթը: Այս անգամ սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց դաշտի տերերի դարպասապահը: Կրկին գնդակին մոտեցավ Հովհաննես Համբարձումյանը, սակայն այս անգամ գնդակը դիպավ դարպասաձողին: Դաշտի տերերը կարող էին փրկվել պարտությունից, եթե հաջող չխաղար մեր դարպասապահ Գոռ Էլյազյանըՙ հետ մղելով Լի Լուկասի վտանգավոր հարվածը:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի երիտասարդական հավաքականն ամրապնդվեց 2-րդ տեղումՙ էլ ավելի մեծացնելով հաջորդ փուլ դուրս գալու իր հնարավորությունները: Տեսականորեն Հայաստանի հավաքականը կարող է նաեւ խմբի հաղթող ճանաչվել ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճել, եթե սեպտեմբերի 7-ին Չեռնոգորիան հաղթի չեխերին, իսկ 3 օր անց մեր ընտրանին հյուրընկալվելիս պարտության մատնի չեռնոգորցիներին:

Ինչպես հայտնի է, բացի խմբերի հաղթողներից, հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու նաեւ խմբերում 2-րդ տեղ գրաված 4 լավագույն հավաքականները: Այս պահի դրությամբ մեր հավաքականը 2-րդ տեղում ընթացող ընտրանիների մեջ 2-րդ արդյունքն ունի թուրքերից հետո, որոնք վաստակել են 15 միավոր եւ արդեն ավարտել են ելույթները: 13-ական միավոր են վաստակել ռուսները, շվեյցարացիներն ու նորվեգացիները, որոնք սակայն մեկ խաղ պակաս են անցկացրել: Այնպես որ սեպտեմբերի 10-ին կայանալիք Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը վճռորոշ կլինի մեր հավաքականի համար:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Չեխիա 651019-316
2. Հայաստան742111-514
3. Ուելս73137-510
4. Չեռնոգորիա630314-89
5. Անդորրա80082-320


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4