Ռամկավար ազատական կուսակցության նախկին ղեկավար անդամներից Փանոս Թիթիզյանը (Լոս Անջելես), անդրադառնալով սիրիահայ համայնքին մեկ միլիոն ամերիկյան դոլարի շտապ օժանդակություն տրամադրելու ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության որոշմանը (տես «Ազգի» օգոստոսի 15-ի համարը), թերթին ուղղված անգլերեն շրջաբերականում գրում է, որ հայ ժողովորդը ոչ միայն հավերժ երախտապարտ է արաբ ժողովրդին եւ արաբական երկրներին (հատկապես Սիրիային եւ սիրիացիներին), իրենց սրտերն ու դռները սիրահոժար բացելու ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականների առաջ եւ բարենպաստ պայմաններ ստեղծելու իրենց ապրուստը վաստակելու եւ գոյատեւելու համար, այլեւ իր անսակարկ զորակցությունն է հայտնում Սիրիայում ստեղծված քաղաքական տագնապալի իրավիճակի առիթովՙ մաղթելով, որ կողմերի միջեւ ընդունելի լուծում գտնվի եւ խաղաղությունն ու անդորրը վերահաստատվեն երկրում:
Այդ կապակցությամբ խրախուսիչ եւ մխիթարական համարելով ՀԲԸՄ-ի նախաձեռնությունը, որը շարունակությունն է երկարամյա բարեգործական գործունեության բոլոր բնագավառներում, Թիթիզյանը ասում է, որ անհրաժեշտ է ՀԲԸՄ-ին մենակ չթողնել եւ ազգովին ձեռք մեկնել սիրիահայությանը, քանի որ սիրիահայերի ցավը մեր բոլորի ցավն է, եւ մենք, անկախ քաղաքական, կրոնական եւ հասարակական այլ կառույցների անհատական թե խմբակային համոզմունքներից, պարտավոր ենք սփյուռքի ամենաամուր եւ ամենակայուն միջնաբերդերից մեկին սպառնացող համահայկական բնույթի մարտահրավերներին պատասխանել ձեռք ձեռքի տված, համահայկական ներուժով, յուրաքանչյուրս իր կարելիությունների սահմաններում:
Հ. Ծ.