Ամեն անգամ, երբ Բաքվում հայտնի է դառնում, որ օտարերկրյա քաղաքական գործիչ կամ լրագրող, վերլուծաբան է այցելել Արցախ, Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածում է մի ստանդարտ հաղորդագրություն. «Հայկական լրատվամիջոցների լուրի իսկությունը ստուգվում է, փաստը հաստատվելու դեպքում հիշյալ անձը կհամալրի մեր «սեւ ցուցակը» եւ կարգելվի նրա մուտքը մեր երկիր»:
Ո՞ւմ համար է նախատեսված այս էժանագին քարոզչությունը: Նախ, մարդիկ ամենեւին էլ դրանից չեն տուժում: Երկրորդ, Ադրբեջանն ինքը չի հարգում «պերսոնա նոն գրատա»-ի սկզբունքը: Միջազգային պրակտիկայում եթե անձը անցանկալի է որեւէ երկրի համար, ապա դա վերաբերում է ոչ միայն վերջինիս վիզա չտրամադրելուն, այլեւ առհասարակ նրա հետ շփումների սահմանափակմանը:
Ադրբեջանում, մինչդեռ, Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց հետ շփումները չեն սառեցվում: Ընդհակառակը, նրանք շատ հաճախ դառնում են Բաքվի լրատվամիջոցների կողմից փնտրված վիզավի: Խոսքը հատկապես վերաբերում է ռուսաստանցի քաղաքագետներին, վերլուծաբաններին: Անուններ առանձնացնելու կարիք, կարծում ենք, չկա: Այդ մարդիկ էլ իրենց գործն են անում:
Խնդիրն Ադրբեջանի անսկզբունքայնության մեջ է: Քանի որ եթե անձը անցանկալի է, ապա նրա մեկնաբանությունները, տեսակետը, կանխատեսումները չեն կարող այդ երկրում պահանջված լինել: Իսկ եթե դրանք պահանջված են, հակառակ դեպքում Բաքվի լրավամիջոցները դրանք չէին ներկայացնի, ուրեմն Ադրբեջանը շահագրգռված է, որ Լեռնային Ղարաբաղ ավելի շատ օտարերկրացիներ այցելեն: Այդ դեպքում Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակն» ընդամենը ներքին օգտագործման ապրանք է: Եվ այն «արտադրվում է» ըստ «տեղական սպառողի» մակարդակի:
Իրականում պաշտոնական Բաքուն հասկանում է, որ «չինական պատի» միջոցով ժամանակակից աշխարհում անհնար է թաքցնել իրողությունները եւ, ըստ երեւույթին, լրատվական քաղաքականության միջոցով ձգտում է իր համար հնարավոր շահ քաղել` տեղեկատվություն քաղել ԼՂՀ տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ բարոյահոգեբանական իրավիճակի մասին: Այդ ձգտումը հասկանալի է: Բայց ինչո՞ւ դիմել միջնորդավորված աղբյուրների: Դա էլ երեւի «սկզբունքի» հարց է:
Վ. Ա.