«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2012-08-17 | #141, 2012-08-18 | #142, 2012-08-21


«ՀՆԴԿԱՀԱՅՔ-2011» ՏԱՐԵԳԻՐՔԸ

Օգոստոսին Կալկաթայում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ լույս տեսավ հնդկահայոց հոգեւոր հովվության եւ Հայոց մարդասիրական ճեմարանի «Հնդկահայք-2011» երկլեզու (հայերեն-անգլերեն) տարեգիրքը:

Տարեգրքի հիմնադիր-հրատարակիչն է հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ հոգեշնորհ Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ով տարեգրքի իր ողջույնի խոսքում ընդառաջ գալիք հոբելյաններին` ի մասնավորի ասել է. «2012 թվականը համայն հայության կյանքում նշանավորվում է հայկական տպագրության սկզբնավորման 500-ամյակով: 2012 թվականը հնդկահայոց կյանքում նշանավորվում է Մադրասին նվիրված եւս երկու հոբելյաններով` Սուրբ Աստվածածին Հայաստանյայց առաքելական եկեղեցուՙ 300 եւ Մադրասում սկզբնավորված հայկական տպագրության 240-ամյակներով»:

Ջանասիրությամբ եւ խնամքով կազմված հանրագիտարանային այս պրակը հնդկահայոց տպագրության ավանդույթների շարունակությունն է եւ համապարփակ ներկայացնում է տարվա համայնքային անցուդարձն ու Մարդասիրական ճեմարանի գործունեությունը, ձեռքբերումներն ու առաջընթացը:

Հնդկահայության փառավոր եւ հարուստ պատմության մասին հոդվածներ պարունակող այն տարեգիրքը հրատարակվել է Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության հովանավորությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4