«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2012-08-17 | #141, 2012-08-18 | #142, 2012-08-21


«ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ԱՔՉԱՄԻՆ ԵՎ ԶԱՐԱՔՈԼՈՒԻՆ

«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Նյու Յորք քաղաքի «Մարիոթ Դաունթաուն» հյուրանոցի հանդիսությունների դահլիճում հուլիսի 7-ին տեղի ունեցած Վարդանանց ասպետների մեծ օթյակի 94-րդ տարեկան հավաքի ավարտին միջազգային ճանաչման արժանացած ծագումով թուրք երկու գործիչներՙ դոկտ. Թաներ Աքչամը եւ Ռագիփ Զարաքոլուն արժանացել են «Տարվա մարդ» մրցանակների:

Մոտ մեկ շաբաթ տեւած հավաքն անցել է Անդրանիկ Փլատյանի նախագահությամբ: Ավարտական գալա-հանդիսությանը պատվավոր հյուրերի թվում են եղել Հայաստանյաց եկեղեցվո Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը, ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը իր տիկնոջ հետ, դոկտ. Թաներ Աքչամը եւ Ռագիփ Զարաքոլուի ներկայացուցիչ Ջեյմս Շերեֆ Հոլլեն: Երեկոյի ընթացքում 6 ուսանողների շնորհվել են կրթաթոշակներ, որից հետո դոկտ. Դենիս Փափազյանը ներկայացրել է տարվա մրցանակակիրներին:

Իր շնորհակալական ուղերձում դոկտ. Աքչամը խոսել է այն դրական փոփոխության մասին, որ տեղի է ունենում Թուրքիայում, եւ եզրափակել իր ելույթըՙ ասելով. «Հայոց ցեղասպանությունը ոճրագործություն էր մարդկության պատմության մեջ, եւ ով չի կարողանում դատապարտել այն, բարոյական իրավունք չունի դատապարտելու ներկայիս կատարվող նման ոճրագործությունները: Մենք պետք է միասին աշխատենք եւ կատարենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է ոչ միայն կանխելու նմանատիպ արարքները, այլեւ ավելացնելու մարդկանց իրազեկվածությունը, որպեսզի ապագան ավելի լավը լինի ոչ միայն հայերի եւ թուրքերի, այլեւ ամբողջ մարդկության համար»:

Վերջում ներկաներին բաժանվել են օրինակներ Թաներ Աքչամի «Երիտթուրքերի ոճրագործությունն ընդդեմ մարդկության» գրքից:

«Ազգի» առաջիկա համարներից մեկում կներկայացնենք Թ. Աքչամի բացառիկ հարցազրույցը «Արմինյն միրոր-սփեքթեյթրին»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4