«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2012-08-17 | #141, 2012-08-18 | #142, 2012-08-21


ՊԱՏԱՆԻ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում է տարիքային 6 խմբով: Տարիքային 4 խմբերում Հայաստանի ներկայացուցիչները 3 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում գերազանց է մեկնարկել Շանթ Սարգսյանըՙ հաղթելով Կիրիլ Գրիբչուկին, Նիկոլաոս Սերպետսիդակիսին եւ Վաթնար Սթեֆանսոնին: Մեր շախմատիստի հետ եւս 12 մասնակիցներ վաստակել են 3-ական միավոր:

Մինչեւ 12 տարեկան տղաների մրցաշարում 3 անընդմեջ հաղթանակ է տոնել Հայկ Մարտիրոսյանըՙ պարտության մատնելով Արուլ Գուպտային, Մարիան Սանդուին եւ Ֆիլիպ Նովիին: 3 միավոր ունի Արամ Հակոբյանը, որը հաղթել է Ջեյմս Էվանսին, Ալեքսանդր Յուրովսկիխին ու Վլադիսլավ Լուկյանչուկին: 4-րդ տուրում Արամ Հակոբյանը կմրցի Հայկ Մարտիրոսյանի հետ: Տարիքային այս խմբում 3-ական միավոր ունեն 12 շախմատիստներ:

Մինչեւ 14 տարեկան տղաների մրցավեճում առաջատարներից մեկը Մանուել Պետրոսյանն է, որը հաղթել է Վսեւոլոդ Զուբկովին, Յան Պետրին եւ Գազոբլա Գարիգային: Առաջատարների թվում են 12 շախմատիստներ, որոնց 2,5 միավորով հետապնդում է Հրանտ Ալեքսանյանը:

Մինչեւ 16 տարեկան տղաների մրցաշարում էլ Տիգրան Հարությունյանն է առայժմ առանց միավորի կորստի ընթանում: Նա հաղթել է Կագատաու Բուրչուին, Թադաս Վանագասին եւ Լոանիս Ստատհոպուլոսին: Տիգրանի հետ եւս 5 շախմատիստներ վաստակել են 3-ական միավոր:

Մինչեւ 18 տարեկան տղաների մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը 2,5 միավորով հետապնդում է աղյուսակը գլխավորող Վադիմ Մոիսեենկոյին ու Զաուր Մամադովին, որոնք 3 անընդմեջ հաղթանակ են տոնել: Գաբուզյանը հաղթել է Մարեկ Բրաունին ու Սաշո Անդրեեւին, ոչ-ոքի է խաղացել Ասաֆ Գիվոնի հետ:

Հայաստանը ներկայացնող 10 շախմատիստներից առայժմ բոլորից հաջող են խաղում Մարիամ Ավետիսյանն ու Մարիա Գեւորգյանը: Մարիամը մինչեւ 12 տարեկանների մրցաշարի առաջատարների թվում է, իսկ Մարիան հանդես է գալիս մինչեւ 18 տարեկանների մրցաշարում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4