ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեկ-երկու շաբաթ անց կսկսվի քաղաքական ակտիվ շրջանը, բայց զարմանալիորեն նույնիսկ այս տարվա շոգին ակտիվ շարժերը չդադարեցին, քանի որ հավանաբար մոտակա ՏԻՄ ընտրությունները թույլ չեն տալիս հիմնական քաղաքական ուժերին ձեռքերը ծալած նստել: Ու քանի որ առջեւում նախագահական ընտրություններ են` ապագա նախագահի թեկնածուները հատկապես չեն կարող անտարբեր լինել, թե ովքե՞ր են տեղերում ապահովելու իրենց ապագա հաղթանակը կամ նպաստելու պարտությանը:
Հավանաբար նախ հիմնական մրցակցող ուժերը` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են շահագրգիռ սեպտեմբերի 9-ին եւ 23-ին ընտրությունների արդյունքում տեղերում իրենց ունեցած ավագանու անդամների եւ համայնքների ղեկավարների թվի ավելացմանը, ու նրանց անդուլ մրցակցությունը շանս չի թողնում կամ շատ քիչ շանս է թողնում ուրիշների համար, որքան էլ ցավալի է, որովհետեւ տեղերում առաջադրված ավագանու անդամների եւ համայնքների ղեկավարների թեկնածուների մեջ այլ կուսակցություններից ու անկուսակցականներից եւս բավական բանիմաց ու հարգանք վայելող մարդիկ կան: Վաղը տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի հետարձակուրդային առաջին նիստը` նախագահ Սարգսյանի մասնակցությամբ ու վարմամբ, որտեղ հավանաբար կհստակվեն ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերը, տարածքներում ծագած խնդիրները կդիտարկվեն:
ԲՀԿ-ում էլ սպասում են Գագիկ Ծառուկյանի վերադարձին արտերկրից, որպեսզի վերջինս որոշի, թե ովքեր պետք է ԲՀԿ-ական առաջադրվածներից ԲՀԿ աջակցությունը ստանան, օրինակ` Մասիսի քաղաքապետի երեք ԲՀԿ-ական թեկնածու է առաջադրվել, ու երեքն էլ սրտատրոփ սպասում են Ծառուկյանի որոշմանը: Այս կուսակցությունների հստակեցնող որոշումներից հետո կարելի կլինի այս ՏԻՄ ընտրությունների ընդհանուր միտումները տեսնել, սակայն այս գլխից էլ երեւում է, որ ՀՀԿ-ն ուզում է ընդլայնել իր ներկայությունը ՏԻՄ կառույցներում:
Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Մասիսում, Սիսիանում եւ այլ տարածքներում հետաքրքրական մրցապայքար է սպասվում. երկուսի օրինակով ամրապնդենք մեր խոսքը: Սիսիանում թեեւ ՀՀԿ-ական թեկնածու կա, սակայն տեղացիների քաղաքապետի պաշտոնի համար հիմնական թեկնածու են համարում ԲՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչներին, ընդ որում` այս երկու կուսակցությունների նույն ներկայացուցիչները հիմնական մրցակից էին նաեւ նախորդ ընտրություններում, ու ԲՀԿ ներկայացուցիչը փոքր առավելությամբ է հաղթել: Այս իմաստով հետաքրքրական է, թե ինչպես կպահի իրեն ՀՀԿ-ն: Կամ Գյումրիում թվում է, որ Վարդան Ղուկասյանն անցնում է անցյալի գիրկը, ու ԲՀԿ-ից Սամվել Բալասանյանը, որ այս դեպքում հավակնում է ՀՀԿ-ԲՀԿ միասնական թեկնածու լինել, հիմնական ֆավորիտ է, սա եւս մի պահ կարող է խաբուսիկ լինել, քանի որ այսօր ջանքեր են երեւում ներքին սեպ խրել ԲՀԿ-ականների մեջ, ասելով, որ ԲՀԿ-ականներից ոմանք դժգոհ են Բալասանյանի առաջադրումից, քանի որ նա մի շարք կուսակցություններ է փոխել, ու ենթադրություններ են արվում, որ նա ընտրվելուց հետո էլ կարող է ՀՀԿ-ական դառնալ:
Է, գուցե եւ հորինվածք է, ինչպես որ Նաիրա Զոհրաբյանի պարզաբանումներից կարելի է եզրակացնել, սակայն եթե մի մարդ համեմատաբար կարճ ժամանակում մի քանի կուսակցություններ է փոխում, նրա առումով որեւէ խոսք երաշխիք չի կարող լինել, մանավանդ որ բոլորն են հիշում Բալասանյանի ասած թեւավոր դարձած խոսքը, թե իր ճակատին ՕԵԿ է գրված: Գումարած` վերջերս հայտնի դարձավ , որ քաղաքապետարանի աշխատակից, ՀՅԴ թեկնածու Հովսեփ Սիմոնյանին աջակցելու է նաեւ «Ժառանգությունը», եւ նա կարող է տանել Գյումրիում վատ սոցիալական վիճակի պատճառով առկա բավական ընդդիմադիր ձայները: Իսկ այն խոսակցությունները, որ Վարդան Ղուկասյանն իր ռեսուրսն ու ֆինանսական միջոցները ծախսելու է, որ ապագա ավագանիում իր կողմնակիցներն ընտրվեն` գուցե ծուխ է, բայց գիտեք, որ առանց կրակ ծուխ չի լինում: Այնպես որ բավական հետաքրքրական պայքար է սպասվում:
Իսկ ընդհանրապես` ընդամենը մեկ-երկու շաբաթից կսկսվի ակտիվ քաղաքական կյանքը, որի գլխավոր առարկան, թեման կամ նյութը, սակայն, նախագահական ընտրություններն են` գարնանից մնացած այն ինտրիգով, թե ի վերջո ՀՀԿ-ի թեկնածու գործող նախագահից հետո էլ ով է հավակնում հիմնական ֆավորիտների շարքում լինելու հայտ ներկայացնել: Քանի որ ցավով պետք է նշենք, որ մեր նախագահական ընտրությունների հավակնությունները այդպես էլ մնացին երեք նախագահների ծիրում, ու նոր իրականություն չունեցանք` այդ իրականության մեսիջները կրող նոր հավակնորդ-թեկնածու այդպես էլ չուրվագծվեց: Եթե առաջին նախագահը քաղաքական սուղ լծակների տիրապետման առումով գուցե չպետք է հավակնի առաջադրվել (սակայն դա չի նշանակում, որ նա անսպասելիորեն չի ցանկանա առաջադրվել), ապա երկրորդ նախագահը, ինչպես ասում են, տարբեր ճանապարհներով գծերն է ստուգում` առաջադրվի, թեՙ ոչ:
Իսկ մյուս թեկնածուների առաջադրումը գուցե սիմվոլիկ է` հիմնական ֆավորիտ լինելը կասկածի տակ լինելու առումով, սակայն չենք բացառում, որ կարող է ստեղծվել այնպիսի պահ, որ առաջադրվեն Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, գուցե ՀՅԴ-ն սեփական թեկնածու ունենա (ու մենք ուրիշների պես չենք կարծում, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանն է լինելու), թեեւ բոլոր այս թեկնածուների չառաջադրման համար բավական պատճառներ կան, թելեր, որոնց ձգողները կանգնած են հարմար պահին դրանք ձգելու: Օրինակՙ վաղը Հայաստանի վերաքննիչ դատարանը քննում է Օսկանյանի ներկայացուցչի բողոքն ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման, ըստ որի մերժվել էր Օսկանյանի դիմումը` վերացնելու փողերի լվացման հատկանիշով քրեական գործի հարուցման որոշումը: Վերաքննիչի որոշումից կարելի կլինի որոշ բան եզրակացնել` արդյոք դեռեւս վախ կա՞ Օսկանյանի առաջադրման հեռանկարից, թե այդ հարցը «լմնցել» է:
Իսկ Վանո Սիրադեղյանի վերադարձի խոսակցությունները առաջին եւ երկրորդ նախագահների չառաջադրման շրջանակում են, քանի որ ով-ով` Սիրադեղյանը բոլորից ավելի իրազեկված մարդկանցից է Հայաստանի բոլոր երեք նախագահների առումով, ու գուցե կան շրջանակներ, որ ուզում են օգտագործել նրա իրազեկված լինելը: Սակայն Սիրադեղյանը երեւի բոլորից լավ էլ կպատկերացնի, որ քաղաքականությամբ զբաղվելն անվտանգ չէ Հայաստանում, եւ խելքը կհերիքի` չդառնալու ուրիշների թղթախաղի կոզրը, թեկուզ հայրենիք վերադառնալու գնով: Իսկ որ խաղը մտնում է վտանգավոր փուլ` վկայում է թեկուզ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի նյարդային արձագանքը «Ռեգնումի» այն հրապարակմանը, թե երկրորդ նախագահն է Հայաստանի ստվերային տնտեսության աջակիցը: Այդ կարգի լրատվական «ռազբորկաների» ականատեսը դեռ շատ կլինենք:
Իսկ այս օրերին տագնապալի լուրեր են հասնում Հալեպից, երեկ, օրինակ, լուր կար, թե Հալեպի հայկական թաղամասերն անցել են ապստամբական ուժերի վերահսկողության տակ, եւ ըստ տարբեր տեղեկությունների` վերջին օրերին Հայաստան ժամանած սիրիահայերի թիվը կազմում է 4 հազարից ավելի: Սա խնդիր է, որը ոչ միայն մեր գործադիր կառույցներին պիտի վերաբերի, միայն նրանք պիտի տեղեկացված լինեն եւ աշխատեն, այլեւ քաղաքական ուժերը պետք է լավ պատկերացնեն այս հարցի ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ աշխարհաքաղաքական ռակուրսները, որպեսզի նրանց վերաբերյալ հարցումներին գրագետ եւ իրադրությանը չվնասող պատասխան հնչեցնեն: